Նիկոլ Փաշինյանի տնտեսական մանիպուլյացիան՝ էկոնոմիկայի նախարարությունում

Նիկոլ Փաշինյանի տնտեսական մանիպուլյացիան՝ էկոնոմիկայի նախարարությունում

Նիկոլ Փաշինյանը երեկ Արսեն Թորոսյանին վերցրել գնացել էր Menu.am-ի «առաքումների կենտրոն»՝ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ նրան հոտնկայս դիմավորեցին նախարարության գլխավոր «առաքիչ» Վահան Քերոբյանն ու իր աշխատակիցները։
Տնտեսությունը խայտառակ վիճակի հասցրած, ներդրումներն ու տնտեսական ծրագրերը տապալած, արտաքին պարտքը 9 միլիարդի հասցրած վարչապետը նախարարությունում խոսել է իր կառավարության գրանցած տնտեսական ձեռքբերումներից։ Նա հայտարարել է, թե ինչպես է իրենց հաջողվել ամռան ամիսներին՝ կորոնավիրուսի տարածման պիկի ժամանակ, արդյունավետ կառավարել ճգնաժամը։ Մոռացել է միայն նշել, որ այդ «արդյունավետ կառավարման» արդյունքում կորոնավիրուսից մոտ 4 հազար մահ ունենք եւ շարունակում ենք գրանցել նոր մահեր, կորոնավիրուսի դեմ պայքարն էլ նվազագույն դրսեւորում չունի երկրում՝ ուղղակի վիրուսն ինքնիրեն նահանջում է։ Բայց, հավանաբար, վարչապետը կարծում է, որ կարող էինք 40 հազար մահ ունենալ, այնպես, ինչպես կարծում է, որ պատերազմում տված 5 հազար զոհը ոչինչ է, կարող էինք եւս 25 հազար զոհ ունենալ, ինքը «փրկեց» այդ 25 հազարին՝ նոյեմբերի 9-ի խայտառակ փատաթուղթը ստորագրելով։ Նա նախարարությունում երեկ լուրջ դեմքով այլ անհեթեթություններ էլ է ասել՝ էժան պարտքի, առաջիկա հաջողությունների մասին։

Պարզվում է՝ մեր կառավարությունը հետպատերազմյան շրջանում լուրջ հաջողություններ է գրանցել։ Օրինակ՝ 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել, որն աննախադեպ ձեռքբերում է եւ վկայում է ՀՀ կառավարության հանդեպ վստահության մասին։ Մինչդեռ պետական պարտքը դրա արդյունքում խիստ աճել է, իսկ պարտքով փող աշխարհում լիքն է եւ շատ ավելի ցածր տոկոսներով։
«Այսօր շատ կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը եւ այդ կայունության միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի աճող թողարկման միջոցով, որովհետեւ ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ  ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն՝ նաեւ քաղաքական ապագային»․ այսպես իրականությունից կտրված՝ մարդկանց հիմարի տեղ դրած, ասել է երկրի թիվ մեկ պատասխանատուն։ Հիշեցնենք, որ իր նշած աննախադեպ ցածր տոկոսադրույքը 3.8-ն է, այն դեպքում, երբ դրանից առաջ 4.2 է եղել։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Փաշինյանի նշած այս «հաջողության ցուցանիշներին» ի պատասխան՝ նկատեց, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումն այս կառավարության «սեւ օրվա» գումարն է։ «Նրանք այդ գումարի կարիքն օդի, ջրի պես ունեին, քանի որ 2021 թ․ ընթացքում կանխատեսվում է, որ չեն կարողանալու ապահովել պետական բյուջեի եկամտային մասը, այսինքն՝ հարկերը չեն կարողանալու հավաքագրել այն մակարդակով, ինչ պլանավորել են, բացի այդ, լրացուցիչ չնախատեսված ծախսեր են լինելու՝ կապված պատերազմի եւ կորոնավիրուսի հետ, եւ կառավարությունն այս գումարը, ըստ էության, այդ չնախատեսված ծախսերը հոգալու համար է օգտագործելու, ոչ թե կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով»,- ասաց տնտեսագետը։ Նա կարեւոր է համարում, իհարկե, որ պարտատոմսերի տոկոսադրույքն իջնում է, սակայն միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ այս կառավարությունը չկարողացավ տեղաբաշխել դրամային պարտատոմսերը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ «Այսինքն՝ ներդրողները չհավատացին մեր կայունությանն ու դրամով պարտատոմսերի եկամտաբերությունը կասկածի տակ առան, այն դեպքում, երբ դրամով պարտատոմսերը 9-10 տոկոս էին։ Այսինքն՝ 9-10 տոկոսով դրամը չվերցրին, գնացին 3.8 տոկոսով դոլարը վերցրին։ Սա խոսում է երկրի դրամավարկային, ֆինանսական կայունության, հեղինակության մասին, այսինքն՝ իրենք չեն վստահում մեր արտարժույթին»,- ասաց Պարսյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում կան երկրներ, որոնց պարտքը 3 անգամ գերազանցում է իրենց ՀՆԱ-ն, օրինակ՝ Հունաստանի պարտքը կազմում է 350 տոկոս, բայց նրանք պարտատոմսեր են թողարկում եւ տեղաբաշխում 1-2 տոկոսով։ Այնպես որ, մեր դեպքում այդ 3.8 տոկոսը հաջողության ցուցիչ չէ։ «Խնդիրն այն է, որ մենք 2021 թվական մուտք ենք գործել բավականին վատ ֆինանսատնտեսական ցուցանիշներով եւ հիմա ստիպված ենք այս պարտքը վերցնել։ Եվ, ըստ էության, այս գումարն ուղղվելու է ոչ թե տնտեսական աճ ապահովելու ծրագրերի մեջ, այսինքն՝ սրանով մենք ջրամբար չենք կառուցելու, նոր ենթակառուցվածքներ չենք կառուցելու, որ հետագայում մեզ օգուտ տան, այլ ընթացիկ ծախսերն ենք փակելու՝ թոշակ, աշխատավարձ եւ այլն»,- նշեց տնտեսագետը։

Այս ամենին հավելենք նաեւ 2020-ի վերջին եւ 2021-ի սկզբին գրանցված աննախադեպ գնաճը, երբ առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների մեծ մասը 40-60 տոկոսով թանկացել է, իսկ մարդկանց եկամուտները նվազել են՝ ավելանալու փոխարեն։ Սա եւս կարելի է գրանցել կառավարության «հաջողությունների» ցանկում։ Էլ չենք խոսում ներդրումների մասին, որոնք 18-ից այս կողմ զրոյական են։ Այ, սա է վկայում կառավարության հանդեպ «աննախադեպ վստահության» մասին։