Անհեթեթ եւ զավեշտալի որոշումների քրոնիկոն

Անհեթեթ եւ զավեշտալի որոշումների քրոնիկոն

Կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ օրերից իշխանությունները տարբեր ժամանակահատվածներում տարբեր անհեթեթ եւ անգամ զավեշտալի որոշումներ են ընդունել, որոնց կատարումն այս՝ 1 տարի 8 ամսվա ընթացքում բարեհաջող կերպով մոռացվել է թե՛ այդ հրամաններն արձակողների եւ թե՛, առավել եւս, կատարողների կողմից։ Ո՞ր մեկը հիշենք․ 2020թ․ սեպտեմբերի 11-ի Թորոսյանի հրամա՞նը այն մասին, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ   կարող են չկրել 0-5 տարեկաններից բացի նաեւ խուլ-համրերը  (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետեւելով են ընկալում խոսքը), մտավոր  հետամնացություն կամ հոգեկան խանգարումներ, ինչպեսեւ կոգնիտիվ խանգարումներ ունեցողները կամ այն անձինք, որոնք այդ վայրերում ծխում, խմում  եւ սնվում են։ Արդյունքում՝ դիմակներ չկրող ՀՀ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ աբսուրդի թատրոնի նմանվող միջադեպեր էին գրանցվում։ Օրինակ՝ երբ ոստիկանը պատրաստվում էր տուգանել անդիմակ քաղաքացուն, վերջինս հղում էր անում Թորոսյանի հրամանին, որ սնվելիս կարող է եւ չկրել դիմակ, եւ ցույց էր տալիս բռի մեջ պահած ընկույզը։

Ոստիկանն էլ, թե՝ պոպոքը սնունդ չէ։ Բա ի՞նչն է սնունդ։ «Մալինան»,- ասել էր ոստիկանը։ Կամ՝ այն պատկերը, թե քովիդով հիվանդների ամբուլատոր սպասարկումն իրականացնող բժիշկներն ինչպես էին ստիպված լինում իրենց անօդաթափանց հատուկ համազգեստները, ոտքերի բախիլները հագնել հիվանդի «պադյեզդում», քանի որ բժիշկների տնային կանչերը սպասարկելու համար պոլիկլինիկաներին մեքենաներ չէին տրամադրվում։ Իրականում այս ամենն անցավ-գնաց, մոռացվեց,  ոմանք տուգանվեցին, ոմանք՝ ոչ, բայց հիմնական միտումը, որ Հայաստանում գրեթե ոչ ոք եւ ոչ մի տեղ՝ ո՛չ բաց եւ ո՛չ էլ փակ տարածքներում դիմակ չի կրում պահպանվում է։

Ու դա ո՛չ ԱՆ-ին, ո՛չ ՍԱՏՄ-ին չի հետաքրքրում, քանի դեռ հերթական զավեշտալի հրամանը չկա։ 
Ի դեպ, կորոնավիրուսի ժամանակներում թռչող արտասահմանցիներն ու մեր հայրենակիցները Երեւանում եւ մարզերում հենց այս պատկերից էին ապշած։

Կամ՝ սկզբում նախարարն ասում էր, որ դիմակները վիրուսի տարածումը որեւէ կերպ չեն կանխի, հետո, հակառակը՝ որ  կանխում են։ Եվ, ի վերջո՝ ո՞ւմ շունն է կորոնավիրուսը։ 

Հիմա էլ կառավարությունը, ի դեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպեսեւ առողջապահության նախարարության, նոր նախագծեր է մշակում, որով նոր սահմանափակումներ կմտցվեն՝ հույսով, որ այդպիսով հանրությունը «հոժարակամ» կպատվաստվի։ Օրինակ՝ հիմա քննարկման փուլում է չպատվաստված անձանց  ժամանցի վայրեր այցելելն արգելելու կարգը, որն արդեն կիրառվում է այլ երկրներում։ Նույն Ռուսաստանում այդ ճանապարհով գնացին եւ երկու շաբաթ անց հրաժարվեցին։ Բայց, ոչ, Հայաստանը պատրաստ է ոչ թե ուրիշների, այլ իր սխալների վրա սովորել, որովհետեւ ակնհայտ է, որ չպատվաստված անձանցից որեւէ մեկը 7 հազար  դրամով թեստ չի հանձնի՝ սրճարան գնալու համար։ 

Բայց, օրինակ, հետաքրքիր է, որ Հայաստանը միայն մեկ տարի անց՝ այս տարվա հունիսից գնաց եվրոպական երկրների օրինակով, որտեղ վաղուց ի վեր վերանայել էին եւ հերձում էին կորոնավիրուսից մահացածներին։

«Հրապարակի» հետ զրույցում բժշկական գիտությունների դոկտոր, դատաբժշկական փորձագետ Գարիկ Աղաբեկյանն ասաց՝ լավ է ուշ, քան երբեք, որովհետեւ նախկին որոշումը կատարյալ անգրագիտություն էր։ «Դիակը պարտադիր պետք է հերձվի, անկախ նրանից, թե ինչից է մահացել, որովհետեւ միայն հերձումն է տալիս մահվան պատճառը։ Եվ երբ մեզ մոտ ստատիստիկա են ասում, ասենք՝ 25 մարդ կորոնավիրուսից է մահացել, իսկ եթե չենք հերձում, ո՞վ է ասել, որ 25-ն էլ կորոնավիրուսից են մահացել»։