Լիլիթ Ավետիսյանի մահը կապված է ձերբակալությունների ու քովիդային խայտառակ պատմության հետ

Լիլիթ Ավետիսյանի մահը կապված է ձերբակալությունների ու քովիդային խայտառակ պատմության հետ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում երեկվանից վհուկների որս է սկսվել: Ձերբակալվել էր 13 անձ, որից 10-ին այնուհետև ազատ արձակեցին: Նախ տեղեկացանք, որ խուզարկություն են իրականացրել Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ապա նրան ձերբակալել են։ Բերման էր ենթարկվել ևս երկու կին՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը և առողջապահության նախարարության թոքաբանության և տուբերկուլյոզի գծով խորհրդական Լուսինե Եղիազարյանը։ Այսօր վաղ առավոտյան էլ կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը: ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն, ով կորոնավարակի ամենաառաջին օրերից բարձրաձայնում էր առողջապահական ոլորտում տեղի ունեցող անօրինությունների մասին, «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ առողջապահական համակարգում քաոս է, իսկ ահա կալանավորումներն արվում են հասարակության աչքին թոզ փչելու համար.

«Քովիդի հետ կապված բեմականացումների մասին խոսել եմ շատ վաղուց, ընդ որում գիտելիքի և ապացուցողականության հետ որևէ աղերս չունեցող գործողությունների մասին մշտապես բարձրաձայնել եմ, սակայն շատերը թերահավատորեն էին մոտենում, պնդելով, որ դավադրությունների տեսությամբ ենք զբաղվում: Ասում էին այն, ինչ իրենց տերերն էին հրահանգում, ինչևէ, արդարացումները մարդկության դեմ արվող հանցագործությունները քողարկելու համար էին արվում: Պատերազմների ժամանակ միշտ սրիկաներ են գտնվում, որոնք առիթից օգտվելով փորձում են գումար վաստակել: Քովիդային շրջանը ևս պատերազմական շրջան էր: Մեր սրիկաներն աննախադեպ սրիկաներ են՝ հայրենադավ սրիկաներ: Բոլորովին չեմ զարմանում, որ գումարային չարաշահման դեպքեր են եղել: Հոսպիտալացված բուժառուների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվել: Այն կարելի է դիտարկել տարբեր ասպեկտներում, օրինակ՝ կա՞ր հոսպիտալացնելու կարիք, թե՞ ոչ: Մարդկանց գալիս տներից տանում էին, շատ հաճախ նրանց կամքին հակառակ: Ինձ շատ հարազատ մարդկանցից մեկին իր կամքին հակառակ հոսպիտալացրել էին: Մարդկանց աչքերը պլաստիրով փակած հոսպիտալացնում էին, հետո նկատում, որ, օրինակ, ատամները չկան, այս մի բանը չկա, այն մի բանը չկա: Քովիդի հետ կապված կան մութ ու ահասարսուռ պատմություններ: Դեղորայքի հետ կապված փորձարկումները ևս սարսափելի են: 2019 թվականին այդ թեմայով ասուլիս եմ տվել և ասել, որ այն ժամանակվա առողջապահության նախարարի պաշտոնը խայտառակողը «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության հետ համագործակցության հուշագիր է կնքել, սա այն նույն ընկերությունն է, որի պատճառով Վրաստանում հարյուրավոր մարդիկ էին մահացել՝ փորձարկումների հետևանքով: Հիմա թե մեզ մոտ՝ դատապարտյալների հետ ինչեր են արել, տարեց բուժառուների հետ ինչպես են վարվել, դա կպարզի հետաքննությունը: Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու: Ահասարսուռ հանցագործություններ են ի հայտ գալու, որոնք արվել են սպիտակ խալաթավորների ձեռքերով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի մահն իմ կարծիքով կապված է այս ամբողջ ձերբակալությունների ու քովիդային խայտառակ պատմության հետ: Հաշվի առնելով թե ինչպես դատարանի դահլիճում կյանքից հեռացրեցին մեր գործընկեր Արմեն Գրիգորյանին՝ թունավորման միջոցով», - նշում է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ծիծաղելի է, երբ այս ամենը բարդվում է մի քանի հոգու վրա, որոնք ըստ էության ենթականեր են եղել. «Մեր օրենսդրությամբ արգելվում է մարդկանց վրա փորձարկումներ կատարելը: Արսեն Թորոսյանը նախարար նշանակվելուց մոտ երկու ամիս անց հայտարարեց, որ Հայաստանում մարդիկ կլինիկական փորձարկումների են ենթարկվելու: Իրավապահ մարմիններից որևիցե մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Մինչ օրս ոչ մեկն իր արածների համար պատասխանատվության չի ենթարկվել: Ինչ ասես չէին անում մեզ հետ, էլ դիմակներ, էլ տուգանքներ, էլ ալկոգելեր: Ժողովրդի հետ ինչ ասես չեն արել, հազարավոր մարդիկ մահացան անհասկանալի հանգամանքներում: Այսօր տեղի ունեցողը քաղաքական խաղի շրջանակներում է: ՀՀԿ-ի ժամանակ էլ կային «կրայնիներ», օրինակ՝ Վազգեն Խաչիկյանը: Սրանք էլ ՀՀԿ-ի ժառանգորդներն են, նույն ձեռագրով ձերբակալություններ են իրականացնում», - խոսքը եզրափակեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։