Լեո Տեր-Գուլանյան. Հին հեքիաթի վերադարձը

Լեո Տեր-Գուլանյան. Հին հեքիաթի վերադարձը

Հեռու անտառի խորքում ապրում էր մի հին հեքիաթ: Նա մենակ էր ու տխուր, որովհետեւ ոչ մի ընկեր չուներ, եւ ոչ ոք իրեն չէր կարդում: Մի օր նա դուրս եկավ իր քարանձավից եւ գնաց ընկեր փնտրելու: Նա երկար քայլեց անտառի միջով եւ հանդիպեց մի նապաստակի:

- Բարեւ, նապաստակ, դու կարդալ գիտե՞ս:
- Ներողություն եմ խնդրում, բայց դեռ կարդալ չեմ սովորել,- ասաց նապաստակը:
Հին հեքիաթը տխրեց, բայց շարունակեց ճանապարհը: Հաջորդը հանդիպեց մի աղվեսի, որը խաղում էր իր շքեղ պոչի հետ: Աղվեսն այնքա՜ն գեղեցիկ էր, որ հին հեքիաթը նրան դիմեց Դուք-ով:
- Ներեցեք, Դուք կարդալ գիտե՞ք:
- Հազար ներողություն,- ասաց աղվեսը,- ոչնչով քեզ չեմ կարող օգնել, ափսոս, որ դեռեւս կարդալ չեմ սովորել:
Հին հեքիաթը դարձյալ տխրեց ու, հեռանալով աղվեսից, նստեց մի ծառի տակ եւ ուզում էր լաց լինել, որ ոչ մի ընկեր չի կարողանում գտնել, ու ոչ ոք իրեն չի կարողանում կարդալ: 
Բայց քիչ հետո նա իր կողքից ձայն լսեց.
- Մի՛ հուսահատվիր, հուսահատվելը մեղք է:
Հին հեքիաթը զարմացած շուրջը նայեց եւ խոտերի մեջ տեսավ մի ոզնի՝ քիթը վերեւ պարզած, եւ մեջքի փշերին՝ մի խնձոր:
- Մի՛ հուսահատվիր,- շարունակեց ոզնին,- առվակի ափով գնա առաջ՝ այնտեղ քեզ անակնկալ է սպասվում:
Հին հեքիաթն ուրախ թռավ ոտքի, շնորհակալություն հայտնեց ոզնուն եւ առվակի ափով շարունակեց ճանապարհը: Շուտով ծառերը նոսրացան, եւ հին հեքիաթը դուրս եկավ մի արեւոտ բացատ, որտեղ առուն լճակի պես լայն էր, եւ մի տղա ավազով բլուր էր սարքում: Հին հեքիաթը մոտեցավ նրան եւ ուրախ բարեւեց:
- Բարեւ Ձեզ, անունդ ի՞նչ է,- հարցրեց նա:
- Անունս Վաչե է,- ասաց տղան:
- Դու կարդալ գիտե՞ս,- հարցրեց հին հեքիաթը:
- Իհարկե,- ժպտալով ասաց տղան,- ես սովորում եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:
- Ի՜նչ լավ է,- ուրախությունից ճչաց հին հեքիաթը: -Խնդրում եմ, կարդա՛ ինձ: Ինձ ոչ ոք մինչեւ հիմա չի կարդացել, ես ոչ մի ընկեր չունեմ:
- Սիրով,- ասաց Վաչեն եւ պարզեց ձեռքի ափերը:- Արի՛, նստի՛ր իմ ձեռքերին, եւ ես քեզ կկարդամ: Հին հեքիաթը հաճույքով տեղավորվեց նրա ափերում, եւ տղան սկսեց բարձրաձայն կարդալ:

Հեքիաթը երջանիկ լսում էր, թե ինչպես է տղան իրեն կարդում, եւ մտածում էր առվակի մասին, որին նույնպես ոչ ոք չէր կարդում: Երեւի չգիտեին ջրերի լեզուն: 

Քամի չկար, ծառի ոչ մի տերեւ չէր շարժվում, բացի մի տերեւից, որ անընդհատ ճոճվում էր, երեւի ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ոչ ոք չէր նկատում: Ինչքա՜ն ինձ նման են տերեւն ու առուն, նրանց էլ մինչեւ հիմա ոչ ոք չի կարդացել: Երեւի նրանք էլ ընկեր չունեն՝ մտածում էր հին հեքիաթը: Ովքե՞ր պիտի կարդան… 

Ա. Շիրակացու անվան ճեմարանի սան, 213 խումբ, 7 տ.
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ