Կյանքի օրենքն ա. խաղաղություն ես ուզում, պետք ա հզոր լինես, 1994 թվականին ո՞նց էր

Կյանքի օրենքն ա. խաղաղություն ես ուզում, պետք ա հզոր լինես, 1994 թվականին ո՞նց էր

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր, «Ոգու փորձություն» կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբ)։

- Սողացող պատերազմի վտանգը շարունակվում է Հայաստանի «գլխին» կախված մնալ: Այժմ խոսվում է խաղաղության պայմանագրի մասին: Ձեր պատկերացրած խաղաղությունն ինչպիսի՞ն է:

- Ցավդ տանեմ, ես հիմա դիրքերում եմ ու ոչ մի բանից տեղյակ չեմ:

- Ո՞ր դիրքերում:

- Կարմիրի կողմն ենք, Ճամբարակ:

- Դո՞ւք եք կամավորագրվել:

- Հա, մենք ենք տղերքով որոշել: Ամեն ինչ նորմալ ա, կարգավորվում ա: Հիմա 70 կամավորականներով էստեղ ենք:

- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարբեր մեղադրանքներ են ներկայացնում, անգամ մեղադրում դավաճանության մեջ: Հետաքրքիր է` Դուք վստահո՞ւմ եք Փաշինյանի իշխանությանը:

- Ես տենց բաների մեջ չեմ խորացել, ոչնչից տեղյակ չեմ: Մեր առաջնային խնդիրը պետք ա լինի էս իրավիճակից դուրս գալը: Պիտի կարողանանք դիրքերը պահել, պետք ա պատրաստ լինենք:

- Կամավորականներն ինչպիսի՞ տրամադրություն ունեն այդտեղ:

- Ամեն ինչ նորմալ ա, սաղ իր տեղում ա, սնունդն էլ ա նորմալ:

- Այժմ շատ է խոսվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամանալու մասին: Ինչպե՞ս եք այդ բարեկամությունը պատկերացնում:

- Թուրքերի եւ ադրբեջանցիների հետ էս իրավիճակում բարեկամանալ, բնականաբար, չենք կարող, բայց հաղթած ժամանակներում միշտ էլ մտածել ենք այդ ամենի մասին: Կարող ա, չգիտեմ, ի՞նչ ասեմ: Իրանք էլ կարող ա ասեն` պատրաստ են բարեկամանալ, բայց չգիտեմ....

- Խաղաղության պայմանագրի մասին է շատ խոսվում վերջին շրջանում: Կո՞ղմ եք այդ «խաղաղության պայմանագիր» ասվածին:

- Ես չգիտեմ, թե դա ինչ ա, բայց աշխարհի բոլոր պետություններն էլ խաղաղություն ցանկանում են, ո՞վ չի ուզի խաղաղություն հաստատել:

- Վարչապետ Փաշինյանին վստահո՞ւմ եք....

- Ես էդ փաստաթղթից տեղյակ չեմ, ախր: Տենց մեկը կա՞, որ չի ուզում խաղաղություն:

- Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին ի՞նչ կասեք:

- Ես չգիտեմ: Զինվորին դու հարց ես տալիս քաղաքականության մասին: Ես զինվոր եմ: Իմ գործը թողած՝ ես ընկնեմ ձեր գործը նայեմ: Ես մտածում եմ որպես զինվոր: Կյանքի օրենքն ա. խաղաղություն ես ուզում՝ պետք ա հզոր լինես, 1994 թվականին ո՞նց էր: Պետք ա հզորանանք:

- Բանակը հզորացնելու միտում տեսնո՞ւմ եք:

- Էսքան տարի` 94 թվականից էս կողմ, ոչինչ չարեցինք: Էս բռակը բերել ու փաթաթել Նիկոլ Փաշինյանի վրա, էդ էլ ճիշտ չի լինի: Էն ժամանակ, որ ամեն ինչ տեղը տեղին լիներ, Ղարաբաղն էս վիճակում չէր լինի: Մատերի արանքով ենք նայել էս ամեն ինչին, դրա համար էլ հասանք էս վիճակին:

- Նախկինում ի՞նչն այնպես չէր, ի՞նչը Ձեզ դուր չէր գալիս:

- Իմ դուրը չի գալիս, որ անցյալի բռակը էսօր փաթաթում ենք վարչապետի վրա, ասում ենք` սենց ա, նենց ա: Էն ժամանակ եթե մենք ամեն ինչի մասին մտածեինք, ի վիճակի էինք առաջ շարժվելու: Էն ժամանակ Ադրբեջանի տարածքներից էինք կռվում, էսօր հետ ենք եկել Հայաստանի հողի վրա, էստեղից ենք կռվում։ Խնդիրն էս ա:

- Ո՞վ է դրա մեղավորը:

- Դրա մեղավորը ես եմ, դու ես` բոլորս: Պետք ա հասկանայինք, որ վտանգ ա գալու, եւ ժամանակին պատրաստվեինք: Ամեն մեկս էլ մեր մեղավորությունն ունենք:

- Բայց շարքային քաղաքացու մեղավորությունը ո՞րն է: 2020 թվականի պատերազմից անցել է երկու տարի: Ի՞նչն էր խանգարում օրվա իշխանություններին՝ զինել բանակը, պարգեւավճարներ ստանալու, ճոխ հարսանիքներ անելու, թանկարժեք ավտոմեքենաներ գնելու եւ այլ շվայտություններ թույլ տալու փոխարեն:

- Էս բռակը գալիս ա 90-ականներից: Էն ժամանակ միասնական էինք, բայց ժամանակը ճիշտ չօգտագործեցինք: Մատերի արանքով նայեցինք ամեն ինչին: Փոխանակ բանակն Ադրբեջանի նման հզորացնեինք, մարդիկ մտածում էին, թե ինչպես անհատապես հզորանան: Հզոր, սիրուն տներ սարքեցին՝ հզոր բանակ սարքելու փոխարեն: Էս ա մեր խնդիրը: Հիմա մեղքը բոլորինս ա: Մենք մի սյուն, մի օջախ ենք եղել, բայց չկարողացանք էդ ամենը պահել, իսկ թուրքն իր չեղածը հզորացրեց:

- Հիմա Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք պարտված ղեկավարից:

- Պարտված ղեկավար չի, պարտված ազգ ա: Հայ ազգն ա պարտվել, ոչ թե ղեկավարը: Ղեկավարը խի՞ ա պարտվել:

- Հայ զինվորը ե՞ւս պարտվել է:

- Բոլորս, աշխարհով մեկ պարտվել ենք: Խի՞ ա մենակ վարչապետը պարտվել: 94 թվականից էս կողմ սաղ տանուլ տվեցինք: Մենք ոչ մի բան չգնահատեցինք, մոռացանք....

- Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հարցազրույցով հանդես եկավ: Հետեւո՞ւմ եք նրան:

- Չեմ նայում ես իրան: Ինչ կաշվիս վրա զգում եմ, էդ եմ ասում, ուրիշ բան չեմ ասում: Ես հիշում եմ, որ 150 կիլոմետր առաջ էինք էն ժամանակ: Սա ցավալի ա: Իսկ էս ամեն ինչի մեղավորը բոլորս ենք:

- Հայաստանի հետագան ինչպե՞ս եք պատկերացնում:

- Էլ ի՞նչ ասեմ, որ 150 կիլոմետր առաջ ա եկել թշնամին, թուրքին որ խռիկ տային, սենց չէր լինի: Հիմա ինչքան հնարավոր ա, պետք ա կանգնենք էս ջահելների կողքին եւ կամաց-կամաց մարտական ոգին բարձրացնենք: