«Հայաստանի պատմությունից» առաջին հերթին դուրս է մղվելու Կիլիկիայի, Արեւմտյան Հայաստանի, ազատագրական շարժումների պատմությունը

«Հայաստանի պատմությունից» առաջին հերթին դուրս է մղվելու Կիլիկիայի, Արեւմտյան Հայաստանի, ազատագրական շարժումների պատմությունը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Հանրակրթության պետական չափորոշչի 35-րդ կետում, որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, որի անվանումն առաջարկվում է փոխել «Հայաստանի պատմություն», որն ավելի բնութագրական է առարկայի շրջանակում ուսումնասիրվող նյութի համար, քանի որ հայկական պետականության եւ հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն է ընդգրկում:

Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը, սա կրթակա՞ն, թե՞ ավելի շատ քաղաքական նպատակ ունի։ «Դուք լավ գիտեք, այդ հարցի պատասխանը․․․ ակնհայտ է, որ քաղաքական․․․»։ Նախագծով բերված հիմնավորումն ինչքանո՞վ է իր համար բացատրելի ու ընկալելի։ «Կատարելապես ընկալելի չէ, չեմ ընդունում այդ հիմնավորումը, եւ չի կարող կոչվել Հայաստանի պատմություն։ Ըստ այդ փոփոխության, ստացվում է, որ միայն այս՝ Հայաստանի Հանրապետության պատմության մասին է խոսքը։ Այլ կերպ ասած՝ խոսքը վերաբերում է հենց տարածքային այդ սահմանափակմանը, իսկ հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն ասելով հասկանում ենք ոչ միայն մեր հանրապետությունը, այլեւ Արեւմտյան Հայաստանը, Արցախը, Ջավախքը, Կիլիկիան, սփյուռքը, հատկապես որ հայ ժողովրդի մեծ մասը դրսում է ապրում․ հայոց պատմություն՝ իր հարուստ գաղթօջախներով, համայնքներով՝ սփռված աշխարհով մեկ։ Գիտական առումով կոպիտ սխալ է Հայոց պատմությունն անվանափոխել Հայաստանի պատմության»։

Համաձայն նախագծի հիմնավորման՝ «մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, եւ փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես՝ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունն ուսումնասիրվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակում»:

Պատմական գիտությունների դոկտորն այս առնչությամբ եւս առարկությունի ունի․ «Հիմնավորում են, թե նախկին խորհրդային հանրապետություններում դրանք կոչվում են Վրաստանի կամ Ղազախստանի պատմություն եւ այլն, բայց այդ երկրները չունեն քաղաքակրթական այն արժեքները, դերն ու նշանակությունը, ինչ հայ ժողովուրդը՝ իր սփյուռքով հանդերձ, ավելին՝ մինչեւ սփյուռքի ձեւավորումն էլ գիտեք, թե ինչ գաղթօջախներ ենք ունեցել։ Չինաստանի մասով կարող են հիմնավորել, որ հիմա շատ չինական համայնքներ կան աշխարհում, բայց դա բոլորովին այլ բան է, այդ չինական թաղամասերում՝ չայնաթաուններում, չինացիներն ուղղակի ապրում են, եւ մեր գաղթօջախների պես իրենք կրթօջախներ, մամուլ, եկեղեցի չեն հիմնել, էլ չեմ ասում՝ ահռելի մշակութային թաղամասեր, որ Եվրոպայում շատ են՝ Մալայզիայից մինչեւ Արեմտյան Եվրոպա ամբողջը հայկական համայնքների, գաղթօջախների մշակույթ է, Լեհաստանը՝ դրա լավագույն օրինակ։ Այսինքն՝ նույն հարթության վրա չի կարելի դնել չինական,  իռլանդական կամ հունական համայնքները մեզ հետ։ Մենք ամենուր քաղաքակրթական արժեքներ ենք ստեղծել, ինչը նրանց պարագայում չկա»։
Նախատեսվող փոփոխությունից հետո 5-6-րդ դասարաններից Հայոց պատմության ո՞ր շրջափուլերը դուրս կմնան, ո՞ր Հայաստանի պատմությունն է ներառվելու դասագրքերում։ «Այդ փոփոխության հետեւանքով առաջին հերթին Կիլիկիայի ու Արեւմտյան Հայաստանի պատմությունն ամբողջովին դուրս է մղվելու․․․, էլ չասեմ ազատագրական շարժումների, կուսակցությունների պատմությունը, դրանք բոլորը Հայաստանում չեն առաջացել, չէ՞․ Արմենականը՝ Արեւմտյան Հայաստանում, Հնչակյանը՝ Ժնեւում, Դաշնակցությունը՝ Թիֆլիսում․․․, նաեւ հասարակական քաղաքական հոսանքների պատմությունը, որոնք գործում էին Օսմանյան կայսրությունում եւ Ռուսաստանում, այսինքն՝ ներկայիս Հայաստանի տարածքում չեն եղել դրանք»։

Ի՞նչ է ստացվում, որ գործող իշխանությունը փորձում է խմբագրել հայոց պատմությունը։ «Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ են անում, բայց հարցի ենթատեքստը դրան է տանում․․․ հետո՝ գիտեք, սա նոր քննարկվող հարց չէ, Խորհրդային Միության ժամանակ էլ, ի տարբերություն մյուս հանրապետությունների, մերը կոչվում էր հայոց կամ հայ ժողովրդի պատմություն։ Այսինքն՝ էլի տարբերվում էր, անգամ Խորհրդային Միության վարչակարգի պայմաններում խորհրդային ղեկավարությունը թույլ էր տվել, որ մերը կոչվի հայ ժողովրդի պատմություն։ Վերջապես՝ մեր սփյուռքը Հայոց ցեղասպանության հետեւանք է, չէ՞։ Այսինքն՝ սրանով մենք կարող ենք ընդհանրապես ցեղասպանության հարցն էլ վտանգել, որովհետեւ Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությունում է տեղի ունեցել, որը փաստացի ներկայումս ՀՀ տարածք չէ»։

Մյուս կողմից էլ, ըստ Վ․ Մելիքյանի, դասագրքերի հետ կապված այս միտումը նոր չէ․ «Դեռ 90-ականներին, ի դեմս ՀՀՇ-ի, դպրոցական դասագրքերից հանվեց ցեղասպանության եւ արեւմտահայ ազատագրական շարժումների թեման, այսինքն՝ այդ միտումը նոր իրադրության պայմաններում շարունակվում է, որը հիմա շատ ավելի վտանգավոր է, եթե այն փուլում հաղթանակների շրջան էինք ապրում՝ լավատեսության ալիքի վրա, հիմա դա շատ վտանգավոր է, այսինքն՝ եթե այսպես շարունակվի, գնում ենք լիարժեք ազգային ինքնության կորստի»։  

Համաձայն ԿԳՄՍՆ-ի հիմնավորման․ «Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության եւ պետականության գաղափարների ամրապնդմանը: Ուսուցանվող առարկան ներկայացվում է իբրեւ հավաքական եւ կազմակերպված հանրություն հանդես գալու պատմություն»։ Վ․ Մելիքյանն ասում է՝ եթե հետ գնանք, կտեսնենք, որ առաջին հանրապետությունն էլ էր պետություն․ «Խորհրդային սոցիալիստականը թեեւ շատերը չեն ընդունում, բայց էլի պետություն էր՝ որոշակի ատրիբուտներով, այսինքն՝ հայրենիքի գաղափարի դաստիարակությունը կոնկրետ այս տարածքի հետ կապելը, ինձ թվում է, գիտական առումով լուրջ չէ։ Անքննելի է, որ պետականությունը շատ լուրջ արժեք է, եւ այս 3-րդ՝ ՀՀ գոյության եւ կայունության խնդիրը շատ կարեւոր է, բայց դա կապել հայոց, թե Հայաստանի պատմության հետ՝ չի կարելի»։

Տպավորություն է, թե Հայոց պատմության դասագրքերը խմբագրելու խնդիր է դրված, Վահան Մելիքյանը հիշատակում է մեծապես քննարկված ու քննադատված 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հարցը․ «Գործողությունների, դեպքերի զարգացումն այդ ենթատեքստն են պարունակում։ Շեշտը դրվում է սխալների, վրիպակների վրա, բայց այնտեղ կան շատ լուրջ, վտանգավոր հայեցակարգային դրվագներ, որոնց վրա անգամ մեր գործընկերները շեշտադրում չեն կատարում։ Օրինակ, մի գլուխ կա՝ նվիրված միջնադարյան Հայաստանում աղանդավորական շարժմանը, կարիք կա՞, որ 7-րդ դասարանի երեխան այդ տարիքում անպայման անցնի աղանդավորության թեման, կարելի էր, չէ՞, դրանից խուսափել․․․»։ Երկրի վարչապետն էլ վերջին շրջանում պարբերաբար իր խոսքում շեշտում է, որ հայրենիքը պետությունն է։ «Վերջերս մի ահռելի բաներ տեսա Կոմիտասի պողոտայում՝ Պետությունը հայրենիքն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ․․․ այսինքն՝ հայրենիքն այսօրվա Հայաստանն է, որի սահմաններն էլ դեռ չգիտենք՝ որը որն է լինելու․․․»,- ցավով արձանագրում է պատմաբանը։