Արմենուհի Սիսյան. Դիմակ

Արմենուհի Սիսյան. Դիմակ

Երեկոյան Վաղոն հոգնած տուն եկավ: Գործ համարյա չէր էլ եղել: Տաքսի պատվիրողները վերջին երկու-երեք ամսում շատ են քչացել: Տաքսիները՝ շատ, կորոնավիրուսից վախեցողները՝ ավելի շատ: Չի ստացվում փող աշխատել: Ամեն օր մտածում է՝ արժի՞ քշել: Բայց չքշի՝ այդ քչից էլ կզրկվի: 

Ծայրահեղ ճնշված է զգում: Դրսում հունիս ամիսն է: Հեշտ չէ շոգին ողջ օրը մեքենայում մնալ՝ դիմակը քիթուբերանին: Բոլորովի՛ն հեշտ չէ: Անցյալ օրը դիմակն իջեցրել էր, շունչը չէր հերիքում, լավ չէր: Հետեւում նստած ուղեւորից թույլտվություն էր խնդրել, նա էլ դեմ չէր եղել: Ոստիկանը բռնացրեց, տեղում արձանագրությունը գրվեց, տուգանվեց տասը հազար դրամ: Ոչինչ անել չէր կարող՝ օրենք է: Իսկ այսօր, երբ արեւն ահագնացել էր կեսօրին, ոչ էլ հաճախորդ կար, որոշեց մի քիչ դուրս գալ մեքենայից՝  օդ շնչելու․ սիրտը շատ արագ էր խփում, ասես շնչահեղձ  լիներ: Ինչ դադարեցրել է ճնշման դեղերն ընդունել, այդպես հաճախ է պատահում: Դիմակը, բնականաբար, հանեց ու սկսեց խորը օդ ներշնչել: Չհասկացավ, թե որտեղից կողքին հայտնվեց ոստիկանը: Ամենեւին օգուտ չտվեց բացատրելը, որ շունչը կտրվում էր, դուրս եկավ օդ շնչելու, դրա համար էր հանել դիմակը: Տուգանվեց տասը հազար դրամ: Այդ օրվա աշխատածը երկու հազար էր: Երեկոյան սիրտը վատացավ: Կինը չափեց ճնշումը՝ բարձր էր: Ճնշման դեղերը երկրորդ շաբաթն է՝ դադարեցրել է, որովհետեւ՝ «թքա՛ծ», ասել էր ու դեղի համար նախատեսած դրամը տվել կնոջը՝ կոմունալ ծախսերի համար: Կինը, այնուամենայնիվ, դեռ շարունակում էր պրպտել դեղատուփը: Կարծես գտավ. մոտեցրեց թաց աչքերին, ուշադիր զննեց, ժամկետն անցել էր: Մի պահ հապաղեց, հետո թեւքով սրբեց արցունքները, ջրով լցված բաժակով դեղը մոտեցրեց կարմրատակած ամուսնուն.

- Վաղը դուրս մի՛ արի աշխատանքի, մի քիչ պառկած մնա, դիմակով խեղդվում ես մեքենայում…
- Դրա անունը չտա՛ս: Բալքի խեղդվեմ պրծնեմ… 

Կինը որոշեց, որ վաղը բժշկի են գնալու: Ընկերուհու ամուսնուն տեղը տեղին հետազոտություն էին արել այդ հիվանդանոցում, կյանքը փրկել: Հիմա ամեն օր անհրաժեշտ դեղերն է ստանում ու արդեն լավ է:

- Ձե՞ռ ես առնում,- ջղայնացավ Վաղոն,- էդքան փող որտեղի՞ց տամ՝ գնամ ստուգվեմ…
- Նշանիս մատանին ի՞նչ պիտի անեմ, կասե՞ս… Լոմբարդ կդնենք, քոնն էլ՝ հետը:

Վաղոն լուռ էր: Ուշքնումիտքը տուգանքի համար գումարի չափն էր:  

- Շտապօգնություն չկանչե՞մ, հը՞… 
- Չէ՛, չէ՛, քնում եմ, արդեն լավ եմ,- ձայնը գլուխը գցեց Վաղոն, որ կինը չշարունակի: 
Քնեց: Երազում բենզինի լցակայանում էր, փողը մեկնեց գազ լիցքավորողին, բայց նա գլուխը տարուբերեց. «Փողով չի:
- Բա ինչո՞վ ա…
- Դիմակով, ինչո՞վ,- զարմացավ աշխատողը:

Գերմարդկային ուժով ձայնն իր միջից դուրս հանելով՝ Վաղոն մի կերպ արտաբերեց՝ «ինչքա՞ն»…

- Ախպե՛ր, էս աշխարհից չե՞ս. մի բաք գազը՝ 20 հատ բարակներից: Էն շնչողներից 4-ը տաս, հերիք ա… Թե մոտդ թանկանոց ա՝ տուր, կմանրեմ…

Վաղոյի շունչը սկսեց կտրվել: Վեր թռավ, քրտինքը տվել էր վրան, սիրտը արագ-արագ խփում էր: Զգույշ վեր կացավ, որ կինը չզգա, գնաց խոհանոց, պատուհանը ուժգին բացեց, պատուհանագոգին դրված դիմակը ցած ընկավ հատակին: Ուզեց վերցնել, հետո փոշմանեց: «Ես քո էն-էն…»,- քթի տակ շաղ տվեց: Քիթը պատուհանից դուրս հանեց ու սկսեց ագահորեն օդ շնչել՝ աչքի տակով, այնուամենայնիվ, նայելով  ընկած դիմակին:

«Վաղը մենք դեռ կհանդիպենք, չէ՞»,- ասես սպառնաց դիմակն ի պատասխան…
Հաջորդ օրը Վաղոն դժգոհ քշեց դեպի կնոջ ասած հիվանդանոցը` դիմակը քիթուբերանին, կինը՝ կողքին: 
- Դու էլ պիտի մեքենայի մեջ դիմակ դնես:
- Ե՞ս, ինչի՞…
- Որովհետեւ: Չդնես՝ կտուգանեն:
- Բայց ես հո ուղեւո՞ր չեմ, ես քո կինն եմ: Տան մեջ իրար հետ չե՞նք… Իրար հետ չենք քնո՞ւմ… 
- Լավ էլի, մի՛ ջղայնացրու, դի՛ր էդ անտերը:
- Բայց որտե՞ղ ա գրված, որ ես…
- Օրենքի ուղեղում ա գրված ու երկու օր առաջ,- գոռաց Վաղոն ու շունչը նորից սկսեց կտրվել…
- Լա՛վ լա՛վ, դնում եմ, հանգստացի,- վախեցավ կինն ու, իհարկե, չհավատաց ամուսնու ասածին: 

Ետդարձին երկուսն էլ լուռ էին: Բժիշկն ասաց՝ նախաինֆարկտային ծանր վիճակ է, թեթեւ սթրես, եւ կարող է կաթվածահար լինել: Պետք է պառկել հիվանդանոցում ու լուրջ բուժում ստանալ: Չհամաձայնեց, ինչպե՞ս… 

- Մեքենա վարել չի կարելի,- կրկնեց բժիշկը:
- Հենա ասեք՝ ապրել չի կարելի, երկու ամիս չքշեցի, տեսանք…
- Բայց Դուք կարծեմ պիտի գումար ստացած լինեիք պետությունից, չէ՞:
- Հա, բա չէ… Դիմակներն էլ՝ վրադիր…

Բժիշկը հիվանդին նշանակումներ արեց, բացատրեց՝ ինչը ինչից հետո: Արդեն դուրս էին գալիս, բժիշկը դռան մոտից ետ կանչեց:  Մի քանի նոր դիմակ տվեց, ասաց, որ պետք չէ չարչարել-տանջել նույն դիմակը, ուշադիր պիտի լինել, հաճախ փոխել… 

«Հա, մի հատ էլ պաչեմ, նոր դնեմ»,- մտքում ավելացրեց Վաղոն: 

Շուտով տուն էին հասնելու: Երկուսն էլ լուռ էին: Դիմակը երկուսի քիթուբերանն էլ կոկիկ փակել էր: Բայց դա դեռ քիչ էր: Վաղոն կուզեր աչքերն էլ փակվեին. այդ դեպքում դիմակը հաստատ կհանեին իր վրայից… 

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ