«Նիկոլական ապագան» 

«Նիկոլական ապագան» 

Շուրջ երկու տասնամյակ նախկինների դեմ կռիվ տալով՝ «աչքաչթող» չէի անում նաև մեր եկեղեցուն: Քանի որ ինձ համար ընդունելի չէին այն բարքերը, որ առկա էին նրանում: Մի տասնհինգ տարի առաջ նույնիսկ համախոհների խմբով հասել էինք Էջմիածին, որպեսզի եկեղեցու տարածքում բողոքի ցույց կազմակերպենք: Բայց դա կռիվ չէր ընդդեմ եկեղեցու այն իմաստով, ինչ տեղի ունեցավ Նիկոլի իշխանության գալու օրերին: Եվ երկարատև դադարից հետո՝ անցյալ տարեվվերջին, երբ Հանրային հեռուստատեսությամբ չթույլատրեցին կաթողիկոսի ամանորյա ուղերձի հեռարձակումը: Մեր պայքարը դրա համար չէր, այլ, ինչպես արդեն ասվեց, այն բանի դեմ, որպեսզի բարձրաստիճան հոգևոր հայրերը զբաղվեին հայության հոգևոր դաստիարակությամբ: Եվ ոչ թե, ասենք, բիզնես ծրագրեր իրականացնեին գործարարների հետ:

Բայց 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրա խայտառակ պարտությունից հետո իմ վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, բնականաբար, չէր կարող չփոխվել: Եվ ոչ միայն իմ, այլև բոլոր այն գրագետ ու մտածելու կարողությամբ տեր անձանց, որոնց մեր հայրենիքի ճակատագիրն ավելի է մտահոգում, քան այն, ինչ տեղի էր ունենում տարիներ առաջ այս կամ այն բնագավառում: Հասկանում եմ, որ Նիկոլի ի հայտ գալը՝ նիկոլիզմով հանդերձ, հենց այդ ամենի հետևանքն էր: Բայց, ի տարբերություն առողջապահության ոլորտի, երբ պետք է ի հայտ բերվի պատճառը, որպեսզի բուժվի հիվանդությունը, նախկինների օրոք առկա երևույթների դեմ կռիվը չէր կարող դիտարկվել որպես առաջնային, որովհետև այսօր անհրաժեշտ է փրկել երկիրը, որ անընդհատ գլորվում է անդունդ: Եվ երբ մի օր հասնի հատակին, ապա նախկիններ- ներկաներ, պատճառ-հետևանք և մնացած ամեն ինչը գնալու են գրողի ծոցը՝ լավագույն դեպքում մեզ հայրենազրկելով վերջնականապես:  

Այսօր առաջնային Նիկոլին կանգնեցնելն է, իսկ պատճառներ վերացնելու ու հասարակությունը բուժելու հերթը կգա դրանից հետո: Իսկ որ մեր հասարակությունը հիվանդ է՝ դրանում կասկած լինել չի կարող: Առողջ հասարակությունը, նախ, չէր ծնի նիկոլիզմ: Եվ երկրորդ, թույլ չէր տա, որպեսզի խայտառակ պարտության պատասխանատուն շարունակի ղեկավարել իրեն: Եվ վերջապես թույլ չէր տա, որպեսզի արժեքային համակարգի ողջ դրականը կասկածի ենթարկվի ու ոտնահարվի գործող իշխանության կողմից: Եթե մինչև տարեվերջ օրինակները բազմաթիվ էին, ապա նիկոլիզմը չէր հանգստանա, եթե տարեվերջյան ժամերին թույլ չտար անբարոյական մի նոր վարքագիծ: Որովհետև որպես ավանդույթ հաստատված հոգևոր ուղերձը, ով էլ լինի այն բարձրաձայնողը, ոչ թե պայքար է այդ անձի դեմ, այլ հենց հոգևոր ավանդույթի դեմ: Իսկ հոգևոր ավանդույթներից զուրկ հասարակությունը ոչ թե մարդկային է, այլ ընդամենը մարդանման: Այն է՝ երկոտանի կենդանական (ներողություն եմ խնդրում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից): 

Նիկոլին և նրա ստորադասներին թվում է, թե իրենք տերտերների դեմ կռիվ են տալիս, որպեսզի երկրում հաստատեն արևմտյան արժեքներ: Առաջին հայացքից զարմանալիորեն դրան համաձայն եմ, բայց ողջ խնդիրն այն է, թե ինչ ենք այսօր ընկալում որպես արևմտյան արժեք: Իրականում հոգևոր արժեքային համակարգը մերժելով՝ մենք որդեգրում ենք ոչ թե համամարդկային արժեքներ, այլ այլասեռվածությունը: Երբ ընտանիքն, օրինակ, բաղկացած է լինում ոչ թե կնոջից ու տղամարդուց, այլ «ծնող 1» և «ծնող 2» կատեգորիաներից: Ավելին, երբ այդ «միության» մեջ իգական սեռի անձը կարող է իրեն պատկերացնել որպես արու, իսկ նրա ամուսին արականը՝ որպես էգ: Իսկ եթե դրան գումարվում է նաև կաթողիկոսի ուղերձը Հ1-ով եթեր չտալու՝ ադրբեջանական պահանջը, ապա մնում է որոնել, թե ուր է տանում մեր ժողովրդին «նիկոլական ապագան»: