Ելույթ, որը խուսափում են մեկնաբանել քաղաքական գործիչներն ու քաղաքագետները

Ելույթ, որը խուսափում են մեկնաբանել քաղաքական գործիչներն ու քաղաքագետները

Մինչ Նիկոլ Փաշինյանը Վենետիկում Վատիկանի «պադվալներն» էր փորփրում՝ հայտնաբերելու «նախկին ռեժիմի թալանչիներին», Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Փաշինյանի ախոյան Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում ԵԺԿ գագաթնաժողովի ամբիոնից։ Եվ մինչ Փաշինյանին ադրբեջանցի բլոգերը հորդորում էր դադարեցնել պատերազմն Արցախում, իսկ Միլանում բնակվող մի հայ կին էլ կոչ էր անում հրաժարական տալ, ՀՀԿ ղեկավար եւ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական հասարակությանը բացատրում էր, թե ինչու հրաժարական տվեց 2018 թ․ ապրիլին։

«Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում նրանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոստովանելով, որ Հայաստանում կատարվածի մեջ եղել է նաեւ իրենց մեղքը։ Եվ դա բացատրեց նրանով, որ իրենց համար մշտապես առաջնային ու կենսական են անվտանգության եւ խաղաղության հարցերը, դրա համար էլ գուցե որոշ հարցեր ստորադասվել են մյուս խնդիրների լուծմանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: «Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը եւ ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հատուկ ընդգծելով, որ իր երկրում իշխանափոխությունը տեղի է ունեցել բացառապես խաղաղ ճանապարհով, եւ դա ինքն է արել՝ մեկ նպատակով՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից։

Սերժ Սարգսյանի այս ելույթից հետո համացանցում սկսվեց քննադատությունների տարափ, որ 10 տարի երկիրը ղեկավարած ու սեփական ժողովրդի հետ երբեւէ ուղիղ չշփված, իր իսկ ժողովրդից կտրված Սերժ Սարգսյանն այսօր իր երկրի ու ժողովրդի մասին օտար երկրում է ելույթ ունենում։ Մինչդեռ կարող էր այստեղ՝ Հայաստանում, կանգնել ժողովրդի առաջ ու բացատրել, թե ինչու այդպես ստացվեց։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հարցրինք՝ ինչպե՞ս կարձագանքի այս քննադատություններին, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր ժողովրդին ուղերձ հղում եվրոպական ամբիոններից։ Նաեւ հարցրինք՝ արդյոք սա՞ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե շուտով խոսելու է։ Թե՞ դեռ ավելի լայն ձեւաչափով կխոսի։ «Բնականաբար, եվրոպական ամենախոշոր քաղաքական ընտանիքի համագումարին շփվելու եւ հայ ժողովրդի բազմաթիվ հուզող հարցերին պատասխանելու պատրաստակամությունը»,- ասաց Աշոտյանը։

Ըստ այդմ, նա համարեց, որ առաջին հարցը տեղին չէ, քանի որ ԵԺԿ համագումարը պաշտոնական միջոցառում է, ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ ղեկավարն է, ուստի իրենք չեն որոշում համագումարների անցկացման վայրը եւ ժամկետները։

«Եվ, օգտվելով այս միջազգային հեղինակավոր կառույցում մեր անդամությունից, նաեւ այդ հարթակից ուղերձ ենք հղել ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի առնչությամբ։ Կրկնում եմ՝ ելույթի ձեւաչափը պաշտոնական էր, կար ժամանակային սահմանափակում ելույթ ունեցողների համար, հետեւաբար, գուցե ոչ բոլոր հարցերն են արծարծվել ելույթի ժամանակ։ Մնացյալի մասին Սերժ Սարգսյանը կխոսի պատեհ պահին՝ լրատվամիջոցների ավելի լայն ձեւաչափի մասնակցությամբ, որպեսզի ժողովրդի մոտ որեւէ տարակուսանք կամ չպատասխանված հարց չմնա»,- եզրափակեց Աշոտյանը։

Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ փորձեցինք նաեւ մեկնաբանություն լսել այլ ճամբարներից, քաղաքագետներից։ «Իմ քայլից» մարդ չգտնվեց, որ ե՛ւ հասանելի լիներ, ե՛ւ ի զորու, հայհոյանքից բացի, որեւէ ադեկվատ քաղաքական գնահատական հնչեցնել։ Զանգեցինք ԲՀԿ, այստեղից էլ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ հորդորելով իրենց քաղխորհրդից այլ անձի չդիմել, քանի որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի թեմայով մեկնաբանություն չի տա։ Հեղափոխությունից հետո նույն տխուր վիճակն է նաեւ քաղաքագետների շրջանում։ Այսօր արդեն դժվար է գտնել քաղաքագետի համարում ունեցող մեկին, որը որեւէ ճամբարի չհարի եւ կարողանա օբյեկտիվ տեսակետ հայտնել, գնահատական հնչեցնել։

Զանգահարեցինք Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանին, որը մշտապես աչքի է ընկել սթափ գնահատականներով։ Նա էլ, սակայն, խուսափեց մեկնաբանելուց, ասաց՝ չի լսել ու այդքան չի կարեւորում Սերժ Սարգսյանի ելույթը, որ մեկնաբանի ու արժեւորի։ «Ամեն օր մեկը ելույթ է ունենում, ես մեկնաբան չեմ, էլի․․․ հիմա եթե Ձեզ ասեմ՝ իրականության հետ որեւէ կապ չունեցող բան էր, Դուք լո՞ւրջ եք ընդունելու դա։ Ես երբեւէ որեւէ բան չեմ մեկնաբանելու, ուզում է գործող վարչապետը լինի, ով ուզում է լինի։ Դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, ոչ մի նշանակություն չունեցող բան է, եթե նշանակություն եմ ես տալիս դրան, արդեն ինքը սկսում է իրենից ինչ-որ բան ներկայացնել։ Դրանով ես խաբում եմ ժողովրդին»,- ասաց Մանվել Սարգսյանը։