Հայրենասիրության մասին

Հայրենասիրության մասին

Բուհերում հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը ոչ պարտադիր սահմանելու՝ կառավարության առաջարկի շուրջ քննարկումներում իշխում է քննադատական, երբեմն՝ նույնիսկ մեղադրական մոտեցումը: Համարվում է, որ այդ առարկաների  ուսուցումը պետք է մնա պարտադիր, դա է պահանջում սերունդներին հայրենասիրության ոգով կրթելու եւ դաստիարակելու, ազգային ինքնությունը պահպանելու, ժամանակակից աշխարհի մարտահրավերները դիմագրավելու հրամանայականը: Այստեղ մի նրբություն կա: Կառավարությունը չի ասում, թե բուհերում հայոց լեզու եւ պատմություն չպետք է ուսացանվեն, ասում է՝ ելնելով նրանց ինքնավարության սկզբունքից՝ թող իրենք որոշեն՝ ուսուցանու՞մ են, թե՞ ոչ:

Հիմա, եթե կառավարությունը «հայրենասեր» չէ եւ այդ հարցը թողել է բուհերի տնօրինությանը, իսկ հայրենասեր մտավորականությունն ըմբոստանում է, ապա ի՞նչն է խանգարում, որ այդ մարդիկ սկզբունքայնություն ցուցաբերեն եւ հենց բուհի ղեկավարությանը պահանջ ներկայացնեն, եթե կառավարության բերած օրինագիծն, իհարկե, ընդունվի, նախագահի կողմից ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, որպեսզի հայոց լեզուն եւ պատմությունը բոլոր ֆակուլտետներում լինեն պարտադիր ուսուցման առարկաներ: Կամ՝ ինչու՞ առաջնորդվել կանխավարկածով, որ բուհերի կառավարման խորհուրդները, ռեկտորները եւ մյուս պաշտոնյաները հայրենասեր չեն, հենց որ օրենքով պարտադիր ուսուցման նորմը վերանա, նրանք հայոց լեզուն եւ պատմությունը կհանեն ուսումնական պլանից:

Այդ կերպ չի՞ ստացվում, որ  բուհերն անհամբեր սպասում են օրենքի փոփոխությանը, որպեսզի ազատվեն հայոց լեզու եւ  պատմություն ուսուցանելու «բեռից»: Եթե իրականում այդպես է, բուհերի ղեկավարները, ոչ մասնագիտական բաժինների դեկանները հենց միայն դրան՝ օրենքի փոփոխությանն են սպասում, որպեսզի հայոց լեզու եւ պատմություն առարկաները հանեն ուսումնական պլաններից, ուրեմն մենք ունենք համալսարական ոչ հայրենասեր մտավորականություն, կառավարությունն ընդամենը կատարում է նրանց կողմից, գուցե ոչ հրապարակայնորեն բարձրացված, բայց իրականում առաջադրած պահանջը:

Այլապես ինչու՞ հարցին չի նայվում հակառակ կողմից՝ որ ստանալով ակադեմիական ազատություն, բուհերի կառավարման խորհուրդները, ռեկտորատները կարող են հայոց լեզվի եւ պատմության ուսուցումը ոչ միայն մտցնել ուսումնական պլանի մեջ, այլեւ մի քայլ էլ առաջ անցնել՝ ավելացնել ժամաքանակը, որոշել, որ ոչ մասնագիտական բաժինների ուսանողները ոչ թե մեկ, այլ երկու տարի պիտի հայոց լեզու եւ պատմություն սովորեն, խստացնել քննակարգը, սահմանել, որ ուսանողները պետք է  ոչ միայն արդի գրական հայերեն սովորեն, այլեւ՝ գրաբար, միջին հայերեն, արեւմտահայերեն, ծանոթանան հայ բարբառներին: Չէ՞ որ բուհերին տրվում է ազատություն: Թող նրանք էլ կառավարությունից «վրեժխնդիր» լինեն այդ ձեւով եւ հավելյալ ֆինանսավորում պահանջեն:

Կամ կես միլիոն աշխատավարձ  ստանալու փոխարեն՝ ռեկտորները թող կրճատեն իրենց եւ վարչական մյուս աշխատողների եկամուտները, խնայած միջոցներն ուղղեն հայոց լեզվի եւ պատմության ավելի խորը ուսուցմանը: Բուհերը պատրա՞ստ չեն, չե՞ն կարող գնալ նման քայլերի, կառավարությունը նրանց պիտի շարունակի պարտադրե՞լ: Ուրեմն էլ ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը: Պետք է ընդունել, որ մեր ոչ հումանիտար մտավորականությանն այդ հարցը բոլորովին չի հուզում: Իսկ դա, իրոք, լրջագույն խնդիր է: Ուրեմն հենց այդտեղից էլ պետք է սկսել՝ սովորեցնել ինքնուրույնություն եւ հայրենասիրություն: