Սև ու սպիտակը բաղնըքից հետո կերևա․ «Բալասանյան դաշինք»-ի անդամը՝ Շիրակի մարզպետին

Սև ու սպիտակը բաղնըքից հետո կերևա․ «Բալասանյան դաշինք»-ի անդամը՝ Շիրակի մարզպետին

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 10 քաղաքական ուժերը քարոզարշավների գրեթե բոլոր մեխանիզմներն օգտագործում են: Այդ տեսանկյունից հատկապես հնարավորությունները լայն են  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Շիրակի մարզպետ, Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանը երեկ իշխանությանը ծառայող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, ըստ մրցակիցների, անհարգալից վերաբերմունք էր դրսևորել «Բալասանյան դաշինքի» նկատմամբ :Հարցին, թե խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կուլիսային պայմանավորվածություն ունի «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ, նա պատասխանել էր․ ««Բալասանյան դաշինք» կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, դեռևս ունի շատ մեծ ճանապարհ անցնելու, ինչպես ասում են՝ շատ հաց ու պանիր ունի ուտելու, որպեսզի փորձեն մի հարթության վրա դիտարկեն մեզ ու իրենց ու խոսեն ինչ-որ պայմանավորվածություններից»:

Հովհաննես Հարությունյանի հարցազրույցին առաջինն անդրադարձել է «Թասիբով դաշինքը» գլխավորող Կարապետ Պողոսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով «Այո, Բալասանյանի հեռանալուց հետո տղավարի ու թասիբով կլիներ, եթե նրա թիմն էլ հեռանար, ինչպես ժամանակին հեռացավ Վարդան Ղուկասյանի թիմը, բայց, ինչևէ, դա իրենց գործն էր:
Իսկ ինչ վերաբերվում է անհասկանալի կենսագրությամբ «փիսիկին», չեմ կարծում, որ ուսապարկը, (տվյալ դեպքում ինքը ուսապարկ էլ չի) կարող է մարդկանց հաց ու պանիր կերցնել
Ավելին նրանք հաց տվող չեն, իրեն հաց տվողին փուռը տվող են» :

Ուշագրավ է, որ «Բալասանյան դաշինքը» դեռևս որևէ կերպ չի արձագանքել մարզպետին: Ինչպես կմեկնաբանեն մարզպետի ասածը, «Բալասանյան դաշինք»-ի ավագանու թեկնածու Մխիթար Սահակյանը Hraparak.am-ին  ասաց․ «Բան չկա, թող ասի, ինչ ուզում են ՝ թող ասեն, ընկերոջս հերը մի լավ խոսք ուներ՝ սև ու սպիտակը բաղնըքից հետո կերևա: Իրենք կուզեն մեզի կեղտոտ խաղի մեջ քաշեն, բայց չի ստացվի: 2018թ-ից էդ խոսում են, ինչ ասես խոսում են» :

Ի դեպ  Մխիթար Սահակյանը երկրորդ անգամ է առաջադրվում «Բալասանյան դաշինք»-ով ավագանու թեկնածու, եւ իր  խոսքով՝  ավագանու աշխատանքի բավարար փորձ ունի, իսկ իրենց դաշինքը, թեկուզ առանց քաղաքապետ Սամվել  Բալասանյանի, մասնակցում է ընտրություններին, քանի որ ժամանակին հսկայական աշխատանքներ են արել , եւ դրանք ավարտին հասցնել է պետք․ «Ինչ բանակից եկել եմ՝ ավագանի եմ, աշխատանքներ ենք արել, դրանով էլ  գյումրեցիները մեզ  պետք է գնահատեն, չեն գնահատի՝ իրենց ցավը տանենք»