Մոսկվան անցնում է դիվանագիտական «գրոհի»․ ինչպես փրկել ՀՀ-ի հետ հարաբերությունները

Մոսկվան անցնում է դիվանագիտական «գրոհի»․ ինչպես փրկել ՀՀ-ի հետ հարաբերությունները

Վերջին շրջանում՝ մասնավորապես ՀՀ ներկայիս իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի ճգնաժամի ֆոնին Մոսկվայից ուշագրավ ազդակներ են հնչում, որոնք ինչ-որ առումով երկիմաստ են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, օրինակ, պարբերաբար քննադատում է Հայաստանի ղեկավարությանը՝ դեպի Արեւմուտք վերակողմնորոշման ու դրա լույսի ներքո Երեւանի ու Մոսկվայի հարաբերությունները խաթարելու, անհիմն դժգոհությունների եւ այլնի մեջ։ Զուգահեռաբար, ռուսական պաշտոնական շրջանակներից դրական մեսիջներ են գալիս առ այն, որ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա հակասություններին, Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ։ Այս մասին բազմիցս հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույնպիսի համոզմունք ունի նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով ծավալուն հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին եւ ասել, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ, 

«Ես ելնում եմ այն փաստից, եւ ոչ միայն ես, այլեւ դա, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ ունենալ։ Գիտեք, պատմականորեն մեզ կապող շատ բաներ կան: Ավելորդ է նշել, թե ինչն է կապում մեր ժողովուրդներին բազմադարյա պատմության ընթացքում»։ Նրա խոսքով, բացի սրանից, երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների եւ մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներին։ «Ես համոզված եմ, որ սա ամուր հիմք է: Համոզված եմ նաեւ, որ հիմնական պարամետրերի առումով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա կրկին ապացուցել է թե՛ հին, թե՛ ժամանակակից պատմությունը։ Ուստի, կարծում եմ, միանգամայն ճիշտ է, որ ռուսական կողմը հստակ նշում է, որ անհրաժեշտ է պահպանել մեր հարաբերությունների դաշնակցային, ռազմավարական բնույթը, չնայած բոլոր խնդիրներին, որոշ թյուրիմացություններին, արտաքին խաղացողների փորձերին՝ ճեղքեր ստեղծել մեր հարաբերությունների միջեւ՝ ելնելով իրենց պատեհապաշտական, աշխարհաքաղաքական շահերից»,- ասել է դիվանագետը։

Անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմակայանի փակման ու ռուս սահմանապահների դուրսբերման հեռանկարին՝ Կոպիրկինն ընդգծել է, որ ինքը նման ազդանշաններ չի տեսնում․ «Ես կենտրոնանում եմ այն պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք արվել են հայկական կողմից, մասնավորապես այն մասին, որ բազայի դուրսբերման հարց չկա։ Ռուսական կողմից նույնպես նման ահազանգեր չեն ստացվել»։ Դեսպանը նշել է նաեւ, որ Մոսկվան ակնկալում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին, Մոսկվայում: «Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։  Մայիսին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում, եւ, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաեւ նախագահող երկրի առաջնորդ՝ վարչապետ Փաշինյանը»,- նշել է Կոպիրկինը։

Թերեւս, բարձր մակարդակներով փոխայցելությունները սովորական երեւույթ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում, եւ այդ հարցը եղել է, կա եւ մնում է օրակարգում․ «Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, Երեւանում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դա շատ կարեւոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարեւոր են, դրանք կիրականացվեն եւ, բնականաբար, շփումներ, այցելություններ կպահանջեն»։ Դիվանագետի խոսքով, կան մի շարք հրավերներ ռուսական կողմի հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024-ին նախատեսվող նշանակալի միջոցառումներին։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին ու խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Կոպիրկինը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույնս նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելուն։

«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետեւողական եւ շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այս գործընթացին առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերելուն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորման հասնելուն»,- նշել է դեսպանը։ Նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, եւ Ռուսաստանը միշտ ընդգծել է իր պատրաստակամությունը՝ աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանագծում, թե կապուղիների բացում»,- ասել է դեսպանը` հավելելով, որ ստեղծվել են եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։ «Ռուսաստանը եղել է, մնում է եւ կմնա հավատարիմ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին։ Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարեւոր տարածաշրջան է, եւ մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն եւ բարգավաճ»,- ընդգծել է դեսպանը։

Ուշագրավ է նաեւ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) արձագանքը հայ-ռուսական փոխառնչություններին։ Ըստ ISW-ի վերջին զեկույցի, Ռուսաստանը փորձում է դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ բանակցային ձեւաչափի գլխավոր միջնորդը։ «Հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ արեւմտյան կառույցները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ որ Մոսկվայի միջնորդությամբ բանակցություններն ավելի խոստումնալից են, քան Արեւմուտքի ջանքերը»,- նշվում է զեկույցում։

Ավելի վաղ՝ հունվարի 17-ին, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելու Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ եռակողմ բանակցային ձեւաչափի վերածնունդը։ «Միեւնույն ժամանակ, ռուս զինվորական բլոգերները կարծում են, որ Գալուզինի հանդիպումը դեսպան Հարությունյանի հետ վկայում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության մասին՝ «ենթարկվել» եւ «խոնարհվել Մոսկվայի առաջ», թեեւ բլոգերներից մեկը զգուշացրել է, որ Հայաստանի նոր հետաքրքրությունը բանակցություններում միջնորդավորված է։ Ռուսաստանը կարող է «դիվանագիտական ծուղակ» դառնալ»,- ընդգծում է ISW հրատարակությունը։

Թե ինչ հունով կզարգանան Երեւանի ու Մոսկվայի հարաբերությունները՝ ժամանակը ցույց կտա․ բայց որ Ռուսաստանը մտադիր չէ զիջել դիրքերը եւ մեղադրանքներից հետո (կամ դրանցից զատ) ակներեւաբար անցնում է Հայաստանի հետ հարաբերությունները փրկելուն միտված «դիվանագիտական գրոհի»՝ կասկածից վեր է։ Ինչ վերաբերում է Երեւանի դիրքորոշմանը, ապա իշխանական տարբեր շրջանակներից հավաստիացնում են, որ Մոսկվայի հետ հարաբերությունները խաթարված չեն։ Հայտարարություն եղավ նաեւ, որ Հայաստան է հասել ռուսական զենքի որոշակի խմբաքանակ։ Սա, գուցե, նույնպես կնպաստի երկկողմ լարվածության գոլորշին բաց թողնելուն։

Մոսկվայի վերջին ուղերձները հատկանշական են նաեւ այն առումով, որ երկու երկրներում էլ բախտորոշ իրադարձություններ են նախանշված․ Հայաստանը պատրաստվում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանում մարտին նախագահական ընտրություններ են։ Բացառված չէ նաեւ, որ կրեմլյան «քարոզչամեքենան» աշխատում է նաեւ Ռուսաստանում ապրող հայ ընտրազանգվածի վրա։