Փաշինյանը սկսել է կասկածել շրջապատին. որոշ պաշտոնյաներ կարող են դավադրության մեջ ներքաշվել

Փաշինյանը սկսել է կասկածել շրջապատին. որոշ պաշտոնյաներ կարող են դավադրության մեջ ներքաշվել

Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածել բոլորին, հիմա նա թշնամիներ է փնտրում ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ իր շրջապատում, իշխանության ներսում: Որոշ տեղեկություններով, վերջին պաշտոնանկությունները կապված են ոչ թե կախիչ-ցնցուղների հետ, այլ պաշտոնները լքած անձանց նկատմամբ ունեցած անվստահության: Փաշինյանին անընդհատ տանջում է այն միտքը, որ իր դեմ դավադրություն է հյուսվում, եւ դրան մասնակցություն ունեն իշխանության որոշ ներկայացուցիչներ: Հնարավոր է, որ նրա այս պարանոյան օգտագործվում է ներիշխանական պայքարում, իշխանության ներսում առկա խմբավորումները կանխելու համար, Փաշինյանին տեղեկություններ են տալիս, որ այս կամ այն պաշտոնյան հուսալի չէ, հանդիպում կամ որեւէ ձեւով շփվում է ընդդիմության հետ, արտասահմանում գործող հակաիշխանական ընդհատակի հետ: Փաշինյանն էլ կանխարգելիչ միջոցների է դիմում՝ ազատվելով անհուսալիներից եւ վախեցնելով մյուսների աչքը: Հնարավոր է, որ նրան հավաստի տեղեկություններ են տալիս թիմի ներսում առկա դժգոհության դրսեւորումների մասին: Փաշինյանի նկատմամբ անվստահությունը եւ դժգոհությունը միանգամայն բնական են, բացատրելի, այլ կերպ չէր էլ կարող լինել:

Փաշինյանն իշխանության է արդեն 6-րդ տարին, նրա հետ՝ նաեւ  թիմակիցները: Այդ ընթացքում նրանք հասցրել են հարստանալ, կարողություն կուտակել, ինչ-որ իմաստով հասունանալ, իմաստնանալ: Փաշինյանի թիմակիցներն այլեւս առաջվանը չեն, ինչ էին 6 տարի առաջ`աղքատ, ունեզուրկ: Հիմա նրանք կորցնելու բան ունեն`տուն-տեղ, ամառանոց, բիզնես: Տեսնում եւ հասկանում են, որ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, իրենք էլ հետն են կործանվում, կարող են կորցնել այդքան դժվարությամբ ձեռք բերածը, մի օրում կարող են հայտնվել «Ոսկե ձկնիկի» պառավի վիճակում, որը բախտի բերմամբ հսկայական հարստության տեր դարձավ, բայց ագահության պատճառով մի վայրկյանում զրկվեց ամեն ինչից: Մի մասը շարունակում է կուրորեն հավատարմություն պահպանել՝ համոզված, որ դա է իրենց փրկության միակ հնարավորությունը, մյուսները չեն ցանկանում Փաշինյանի հետ կործանվել եւ իրենց փրկությունը տեսնում են նաեւ նրան հեռացնելու մեջ: Հավատարիմների թիվը գնալով փոքրանում է, որովհետեւ բանականությամբ առաջնորդվող յուրաքանչյուր մարդ տեսնում է, որ կործանումն օր-օրի մոտենում է, վիճակն անընդհատ օրհասական է դառնում: ՔՊ վերնախավը հասկանում է նաեւ, որ կորցրել է հանրային աջակցությունը, լեգիտիմությունը, եւ ցանկացած պահի կարող են ինչ-որ ցնցման արդյունքում կրկնվել 2018-ի իրադարձությունները, միայն թե այս անգամ՝ իրենց դեմ:

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարին փոխարինող շուտ գտնվեց, Փաշինյանն այդ պաշտոնում նշանակեց Մխիթար Հայրապետյանին, ում ոչ թե նախարարի պաշտոն, այլ կոշիկի վերանորոգման բուդկա չէր կարելի վստահել: Բայց եթե մի ամբողջ երկիր վստահվել է Փաշինյանին, մի նախարարությունն ի՞նչ է, որ Հայրապետյանին չվստահեն, մանավանդ որ նա վստահելի է եւ Փաշինյանի թշնամիների ու հակառակորդների հետ դժվար թե կապ ունենա: Արմավիրի մարզպետի պաշտոնի փոխարինող եւս գտնվեց, Լոռու մարզպետի համար՝ մի քիչ ավելի դժվար, իսկ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է: Թեկնածուներ կան, բայց նրանք այդքան էլ վստահելի չեն, նախկին կյանքում ինչ-որ շփումներ են ունեցել Փաշինյանի հակառակորդների հետ: Պետք է հնարավորինս զգույշ եւ շրջահայաց լինել, թշնամին ամենուր է եւ շատ լավ քողարկված:

Քանի որ վստահելիների շրջանակն անընդհատ փոքրանում է, իսկ պաշտոնների եւ դրանցում նշանակվելիք պաշտոնյաների թիվը մնում է հաստատուն, անվստահելիներից իշխանությունը զերծ պահելու միակ գործուն միջոցը մնում է պաշտոնների թիվը փոքրացնելը: Օրինակ, կարելի է Արմավիրի եւ Լոռու մարզերը միավորել իրար եւ նույն մարդուն նշանակել միավորված մարզերի ղեկավար: Կամ՝ եթե Քաղաքաշինության կոմիտեի նախագահի վստահելի թեկնածու չկա, այդ կոմիտեն կարելի է միավորել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, եւ թող Մխիթար Հայրապետյանը ղեկավարի այս միավորված նախարարություն-կոմիտեն: Նա որքան հասկանում է կամ չի հասկանում բարձր արդյունաբերությունից, նույնքան էլ գլուխ չի հանի նաեւ քաղաքաշինությունից: 

Հետո եթե Փաշինյանը սկսի կասկածել Քերոբյանին, կարող է Մխիթար Հայրապետյանի ղեկավարած նախարարությանը միացնել նաեւ էկոնոմիկայի նախարարությունը: Ի վերջո, Փաշինյանը կարող է հանգել մի եզրակացության, որ 100 տոկոս վստահելիներ ընդհանրապես չկան, որ բոլորն էլ այս կամ այն չափով, այս կամ այն հանգամանքներում կարող են տրվել գայթակղությանը եւ անցնել թշնամու ճամբար, եւ դավաճաններից ազատվելու միակ ելքը կառավարությունը լուծարելն է՝ ոչ թե նոր կառավարություն կազմավորելու մտադրությամբ, այլ որ ոչ մի կառավարություն չլինի, լինի ինքը վարչապետի պաշտոնում եւ զբաղվի բոլոր հարցերի լուծմամբ: Մանավանդ որ հիմա էլ համարյա այդպես է, ոչ մեկն էլ ոչնչով չի զբաղվում. անգամ կախիչի ու ցնցուղի հարցն է Փաշինյանը լուծում, գյուղացիներին խորհուրդներ տալիս, թե հողը ոնց ջրեն, առեւտրականները ոնց առեւտուր անեն, կամ բժիշկները մարդկանց ինչ դեղերով բուժեն: Սեփական շրջապատին շանտաժի ու վախի ենթարկելու, շատ դեպքերում ստորացնելու միջոցով կառավարելու արդյունքը, ի վերջո, ինչ-որ դրսեւորում է ունենալու, արտաքին ինչ-որ ազդակ, եւ պարզվելու է, որ նույնիսկ ամենամերձավոր շրջապատը նրա ամենակատաղի թշնամիներն ու քննադատներն էին, ուղղակի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ ստիպված հանդուրժում էին նրա իշխանությունը:

Ավետիս Բաբաջանյան