620 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական ես չգիտեմ

620 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական ես չգիտեմ

Մենք արդեն գրել ենք, որ բանակում դիրքապահների հերթափոխը շատ ուշ է իրականացվում, եւ երբեմն մինչեւ 2-3 ամիս զինվորականներն ու ժամկետային զինծառայողները դիրքերում մարտական հերթապահություն են իրականացնում։ Պատճառներից մեկն անձնակազմի համալրման հետ կապված խնդիրներն են՝ նշում են զինվորականները։ Ու նաեւ որոշ չափով դրանով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը, որոնք երբեմն ուղեկցվում են նաեւ մահերով։ 
Մենք զրուցել ենք ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ։

- Վերջին ցավալի դեպքն այն էր, որ զինվորը զորացրման օրը մենակ իջել էր դիրքից ու մնացել ձյան տակ։

- Հստակ չեմ կարող ասել՝ օրենքով էր, թե նախարարի ներքին հրահանգով, բայց մինչեւ 2020 թ․ պատերազմը զորացրվող զինվորին վերջին մեկ ամսվա ծառայության ընթացքում դիրքեր չէին բարձրացնում։ Հետո խնդիր է լինում զինվորին իջեցնելու, ու ստացվում է, որ լրացուցիչ շարժեր ես իրականացնում առաջնագծում։ Այստեղ օբյեկտիվ խնդիր էլ կա՝ անձնակազմի համալրման խնդիրը, որ պայմանական զորամասն ունի իքս ռեսուրս, եւ ինքն այդ ռեսուրսի շրջանակներում պետք է կարողանա իրեն հատկացված կտորի վրա ծառայություն իրականացնել՝ հերթափոխ իրականացնել, փակել այդ պոստերը։ Ինձ թվում է՝ ամենաառանցքային պատճառներից մեկն անձնակազմի թվաքանակի խնդիրն է, ու դրա համար, ստիպված, այդպիսի բաներ են անում։

- Զինվորականներն ահազանգում են, որ երբեմն 2-3 ամիս դիրքերից չեն իջնում։

- Խորքային պատճառներից մեկն էլ դա է, որ զուտ ֆիզիկապես մարդը կարող է այդ ծանրաբեռնվածությանը չդիմանալ, էլ չեմ ասում՝ ինժեներական աշխատանքների կատարման խնդիր կա, պիտի անես, հետո արդեն այդ գործից հետո մի հատ էլ գիշերը հերթապահում ես, այսինքն՝ դա ահավոր մեծ ծանրաբեռնվածություն է։

- Միջազգային փորձ կա՞, չափորոշիչներ կա՞ն այս հարցերում։

- Ինչ-որ չափորոշիչներ չկան, ստեղծված իրավիճակից ելնելով՝ դու պետք է կարողանաս հերթափոխդ իրականացնել, այսինքն՝ պիտի ունենաս այնքան անձնակազմ, որ կարողանաս 2 շաբաթը մեկ հերթափոխն անել, բայց եթե չունես այդքան թվով անձնակազմ, ստիպված 2 շաբաթվա տեղը 3 շաբաթ կամ մեկ ամիս ես պահելու, մինչեւ նորակոչիկների ուսումնական փուլըն ավարտվի, գան ու համալրեն։ Պայմանական համար մեկի վիճակում, սրացումներ լինելու դեպքում, կարող են ամսից ավելի մնալ, բայց եթե այդ վիճակը չէ, այստեղից հետեւություն, որ օբյեկտիվ պատճառներից մեկը կարող է անձնակազմի համալրման խնդիրը լինել, որ զորամասի հրամանատարը չի կարողանում այդ բացը լրացնել։

- Այսինքն՝ փաստացի ՀՀ զինված ուժերում անձնակազմը համալրելու խնդիր ունենք։

- Դա իրենց քայլերից արդեն հետեւում է, այդ 25-օրյա հավաքները, որ իրականացնում են, հիմնական նպատակը ո՞րն է, որ տանում են ոչ թե ինչ-որ բան սովորեցնեն, այլ առաջնային խնդիրն այն է, որ այդ ռեսուրսով փորձում են պոստերը փակել՝ այսպես ասած։

 - Որքանո՞վ է արդյունավետ նման քաղաքականությունը՝ անպատրաստ մարդկանց դիրքեր հանելը։

- Արդյունավետությունն այլ հարց է, փաստացի հիմնական նպատակը, որ պոստերը կարողանան հերթափոխը փակեն։

- Ատեստավորման համակարգի ներմուծումը հավելյալ խնդի՞ր դարձավ անձնակազմի համալրման հարցը լուծելու համար։

- Կարճաժամկետ կտրվածքում դա առնվազն իր հետքը թողնում է։ Տեսեք՝ Ազգային ժողովում հայտարարեցին, որ մենք պայմանագրային ունենք, որը 620 հազար դրամ փող է ստանում։ Հիմա ես չգիտեմ՝ քանի հոգի այդպիսի պայմանագրային կա, բայց հաստատ մատների վրա կարող ենք հաշվել երեւի։ Հիմա մյուս պայմանագրայինը, որ 120 հազար է ստանում կամ 200 հազար, առնվազն նման հայտարարություններից հետո արդեն հոգեբանական պրոբլեմներ կարող է ունենալ, որ նման բաներ է լսում։ Չգիտեմ նույնիսկ, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, որովհետեւ ոնց հաշվում ենք, չենք կարողանում հասկանալ՝ 620 հազարը ոնց է հաշվել, որ ստացել է։ Ասենք, եթե պայմանագրային եմ, 5 եմ ստացել, մինչեւ այդ 120 կամ 150 հազար եմ ստացել, այդ ինչքա՞ն է բարձրացել իմ աշխատավարձը, որ դարձել է 620 հազար։ Այս 620 հազար ստացող պայմանագրայինի գումարտակի հրամանատա՞րը բա ինչքան է ստանում, ու եթե գումարտակի հրամանատարն ավելի քիչ է ստանում, քան իր շարքային զինվորը, դա եւս արդեն խնդիր է։

- Այսինքն՝ դա կարող է ազդել բանակում միջանձնային հարաբերությունների, ծառայության մոտիվացիայի վրա՞։

- Իհարկե, ասենք՝ ղեկավարն ավելի քիչ փող է ստանում, քան իր ենթական՝ արդեն պրոբլեմ ունենք այնտեղ։ Թեկուզ հավասար լինի աշխատավարձը, էլի խնդիր է, էլ չեմ ասում՝ վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար եւ բարձր։ Հիմա, եթե մենք այդ մեխանիզմը մտածել ենք, արդյոք դա արդյունավետության վրա ազդելո՞ւ է, բարդ հարց է։ Հիմա դեռ չի ազդել, եթե 2 տարի հետո պիտի ազդի, կապրենք՝ կտեսնենք։

- Արցախից եկած զինվորականներին ներգրավո՞ւմ են ՀՀ պաշտպանության համակարգում, հատկապես որ անձնակազմի համալրման խնդիր ունեն։

- Շատերին եմ ճանաչում, ովքեր մարտական ճանապարհ ունեն անցած, բայց իրենց արժանի առաջարկ դեռ չեն ստանում։ Մարդը փոխգնդապետի պաշտոնի է եղել, այստեղ առաջարկում են ավելի փոքր պաշտոն, բնականաբար՝ շատերը չեն համաձայնում, ու դա էլ իր հերթին պրոբլեմներ է ստեղծում։ Ամեն դեպքում այդ ռեսուրսը շատ թանկ ռեսուրս է, ու մենք նման ճոխության իրավունք չունենք, որ այդ ռեսուրսն անարդյունավետ օգտագործվի։ Պիտի արդյունավետ օգտագործենք, որ այդ մարդկանց սոցիալական խնդիրները, բանակի մարտունակության խնդիրները կարողանանք արդյունավետ լուծել։ 

- Հատկապես որ Պաշտպանության բանակը համարվում էր հայկական ԶՈւ-ի ամենամարտունակ հատվածը։

- Այո, միանշանակ, ու դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանն այդքան լուրջ էր վերաբերվում ԼՂ Պաշտպանության բանակին։ Այնքան մարտունակությունը բարձր էր գնահատում, որ մեկ տարի շրջափակման մեջ պահեց՝ այդքան մաշեցրեց, հետո նոր գնաց այդ քայլին։ Այսինքն՝ ինքը հաշվարկել, գնահատել էր ուժը, որ այնտեղ լուրջ դիմադրություն է լինելու, ու մի տարի սոված-ծարավ պահելուց հետո նոր գնաց այդ քայլին։ Ալիեւն էլ ասում էր, որ իրենց նպատակն այդ փուլում Պաշտպանության բանակի հարցերը լուծելն է եղել, որովհետեւ իրենք մեծ վտանգ էին տեսնում Պաշտպանության բանակից։

- Պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը հաստատվեց՝ գումարի դիմաց ազատվելու են զինծառայությունից։ Նման նախագծերն ընդունելի՞ են Ձեզ համար։

- Իրենք փորձում էին հիմնավորել, որ այս նախագծով առաջնային խնդիր են լուծում, որպեսզի ռեսուրսները, կարողությունները զինված ուժերում ավելացնեն։ Հիմնավորումների հիմնական մեխը դա էր, հետո արդեն սկսեցին խոսել, որ գումարներն են կարեւոր, այսինքն՝ բերեցին փողի դաշտ։ Իսկ գաղափարական մաս այդ օրենքը չունի։ Այսինքն՝ 2 տարի ծառայած մարդուն բերում ենք ու նույն հարթության վրա ենք դնում այն մարդու հետ, որը փողը տվել, ազատվել է ծառայությունից։ Իսկ առաջ մենք ամնիստիա էինք անում․ այսինքն՝ Պողոսը խուսափել էր բանակից, 10 տարի անցել է՝ 27-ը լրացել է, վաղեմության ժամկետը լրացել է, ամնիստիա ենք անում եւ իրեն թողնում ենք, որ գա։ Բայց պետությունն արդեն արձանագրել էր, որ այսինչը դասալիք է, ուղղակի, այսպես ասած, ներվել է պետության կողմից։ Հիմա այդ գաղափարական մասը թողնում ենք մի կողմ ու ասում՝ ով կարողանում է, ով հնարավորություն ունի, թող 10 տարի դրսերում ապրի, հետո գա փող տա՝ իր հետ պետությունն էլ պարտք ու պահանջ չունի։