Կապանցիները չմերժեցին ինձ, պարզապես ընտրեցին մյուս թեկնածուին

Կապանցիները չմերժեցին ինձ, պարզապես ընտրեցին մյուս թեկնածուին

Անցյալ տարի Կապանում անցկացված ՏԻՄ ընտրություններում պարտված ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն այսօր առանձնապես ակտիվ չէ։ Նրա հետ զրուցել ենք Սյունիքում ստեղծված իրավիճակի, ճանապարհների, նաեւ Կապանում իր կրած պարտության մասին։

- Նախ՝ որպես սյունեցի եւ կապանցի, խնդրում եմ ասեք, թե ինչ իրավիճակ է Սյունիքում անվտանգության եւ ճանապարհների առումով։ Ձեր իշխանությունը հանձնեց Գորիս-Կապան մայրուղին թշնամուն, եւ հիմա մարդիկ ստիպված երթեւեկում են Տաթեւով, իսկ այդ ճանապարհը լավ վիճակում չէ։

- Տաթեւի ճանապարհին մի քանի տեղ խնդիրներ կան, տարածքային կառավարման նախարարը տեղյակ է, եւ հենց եղանակային պայմանները թույլ տան, այդ խնդիրներն արագ կկարգավորվեն։ Մնացածն իր հունով ընթանում է, պաշտպանության նախարարն էլ այցելեց մարզ, նախարարները հերթով այցելում են, եւ ամբողջովին ուշադրության կենտրոնում է Սյունիքը։

- Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի արդյունքում հնարավո՞ր է մենք այդ տարածքում նորից դիրքային կամ տարածքային կորուստներ ունենանք, կամ էլ առաջխաղացում լինի։

- Այդ մասով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ համապատասխան մարմիններին հարցն ուղղեք, թե ինչ ֆորմատով է արվելու դելիմիտացիա եւ դեմարկացիա, եւ ժամկետների հետ կապված էլ ես տեղյակ եմ, որ դեռ հստակություն չկա այդ մասով։

- Ի՞նչ հաճախականությամբ եք լինում Սյունիքում։

- Ամսական մի քանի անգամ։ Եթե էստեղ չեմ լինում, հիմնականում Սյունիքում եմ լինում։

- Իսկ սյունեցիները, կապանցիները գո՞հ են ստեղծված իրավիճակից, ինչպե՞ս եք մարդկանց հուսադրում։

- Գիտե՞ք, հարաբերական է, շատ հարցեր կան, որ ոչ մեկը գոհ չէ, բայց աշխարհաքաղաքական պրոցեսներ են ընթանում, պետք է դիմադրենք եւ մեջքներս ուղղենք։

- Ի՞նչ աշխարհաքաղաքական պրոցեսներ, երբ Գորիս-Կապան մայրուղին 30 տարի մերն էր, մեկ էլ մի օր արթնացանք ու տեսանք՝ թշնամին մաքսակետ է տեղադրել մեր տարածքում, ի՞նչ աշխարհաքաղաքական պրոցեսների մասին է խոսքը։

- Մայրուղու հետ կապված՝ շատ ենք քննարկել, շատ ենք խոսել, չէի ցանկանա կրկնվել, եւ տարբեր հարթակներում տարբեր պաշտոնյաներ տարբեր ձեւով մեկնաբանել են, կարծում եմ՝ մեր քաղաքացիների մոտ էդ մասով հարց չկա, մենք արդեն պատասխանել ենք բոլոր հարցերին։

- Այսինքն, քաղաքացիները բավարարվա՞ծ են այս իրավիճակով։

- Ընդհանուր գործընթացների վերաբերյալ իրենք ամբողջովին տեղյակ են եղել։

- Իսկ այս ընթացքում Դուք վերլուծե՞լ եք, թե ինչու պարտվեցիք  Կապանի ընտրություններում, ինչո՞ւ Ձեզ չընտրեցին՝ նախընտրելով գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանին։

- Ես էի պատճառը, քանի որ վերջին տարիներին հիմնականում Երեւանում է իմ գործունեությունը եղել, աշխատել եմ կրթության նախարարությունում, Պետական վերահսկողական ծառայությունում, ուսումս է Երեւանում եղել։ Կարծում եմ՝ այդ իսկ պատճառով քաղաքացիներն այդքան էլ ծանոթ չէին ինձ եւ համոզված չէին՝ ես ավելի լա՞վ կկառավարեմ համայնքը, թե՞ ոչ։

- Իսկ գուցե ՔՊ-ն եւ իշխող թի՞մն էր պատճառը։

- Ես ասացի՝ ես էի պատճառը։

- Դուք հիմա ինքնազոհաբար Ձեր վրա եք վերցնում պարտությունը։

- Իմ վրա վերցնելու խնդիր չկա, պարտությունը պետք է արժանապատիվ ընդունել, ես նաեւ հարցազրույցներից մեկում շնորհավորել եմ բոլոր համայնքների ընտրություններում հաղթած թեկնածուներին, ժողովրդի քվեն բոլորիս համար ընդունելի է, եւ պարտավոր ենք հարգել այդ քվեն։

- Ըստ Ձեզ՝ կապանցիները մերժեցին Ձե՞զ, թե՞ մերժեցին ՔՊ-ին` ավելի շատ։

- Կապանցիները չմերժեցին ինձ, պարզապես ընտրեցին մյուս թեկնածուին, որը նույնպես Կապանից է։

- Հենց պարտվում եք, ասում եք՝ ընտրեցին ուրիշին, հենց հաղթում եք, ասում եք՝ մերժեցին նախկիններին։

- Ես պարտվել եմ միայն Կապանի այս ընտրություններում, չեմ կարող ասել՝ հաղթելու դեպքում ինչ կասեմ։ Սպասենք, եթե մի օր ինչ-որ ընտրություններում հաղթեմ, կասեմ այդ մասով։

- Իսկ ի՞նչ հույսով էիք մասնակցում այդ ընտրություններին, եթե Ձեզ լավ չէին ճանաչում, չգիտեին, թե կկարողանա՞ք արդյոք լավ կառավարել, իսկ Փարսյանից դժգոհ չէին։

- Տեսեք, ընտրություններին մասնակցելուց առաջ ամբողջովին չես կարող տիրապետել եւ ընկալել իրավիճակը։ Դա պրոցես է, նախընտրական շրջան է, եւ ես էլ երկու շաբաթ չեմ մասնակցել քարոզարշավին՝ հորս կորցրի այդ ընթացքում, դրա համար շատ բաներ իր ճանապարհով չգնաց, շատ բան տարբեր պրոցեսների արդյունքում տուժեց, եւ նորմալ եմ ընդունում, պարտվել ենք՝ անցնենք առաջ։

- Շփվո՞ւմ եք վերընտրված քաղաքապետի հետ։

- Նման խնդիր չունեմ չշփվելու, մենք մի համայնքից ենք, մի քաղաքի տղաներ ենք։

- Բայց շատ համայնքներում թեկնածուների միջեւ մինչ օրս թշնամական հարաբերություններ են։

- Մեր երկրում իմ թշնամիները հաստատ Հայաստանի ներսում չեն։

- Իսկ որտե՞ղ են, օրինակ, Հայաստանի հարեւաննե՞րն են, թե՞ ավելի հեռու են գտնվում։

- Իմ համար թշնամի են էն մարդիկ, որոնք իմ պետությանը, իմ ազգին համարում են թշնամի։

- Մեր թշնամիները միշտ եղել են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ այդ թշամիների հետ ձեր իշխանությունը փորձում է բարեկամություն հաստատել։

- Հայաստանը մեծ ու հետաքրքիր պատմություն է ունեցել, եւ տարբեր ժամանակներում տարբեր ձեւ է ընկալվել՝ թշնամին ով է, եւ որտեղից կարող ենք սպասել թշնամական գործողություններ, դրա համար էդ մասին չէի ցանկանա մանրամասնել։

- Դժվա՞ր է հիմա խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության մասին, թե՞ բարեկամության եւ խաղաղության օրակարգը թույլ չի տալիս հիշել անցյալը։

- Անցյալը երբեք չենք մոռանում, ոչ ոք իր անցյալը չպետք է մոռանա։