Ինձ թվում է` հայ ժողովուրդն ավելի շատ իր էությամբ կանացի սեռի է

Ինձ թվում է` հայ ժողովուրդն ավելի շատ իր էությամբ կանացի սեռի է

ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ալիեւի տարածքային հավակնություններին ու սպառնալիքներին, հայտարարել է, որ ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա իրենց հարաբերությունների վրա։ 

«Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղության հաստատման համար»,- ասել է Ստանոն։ Իսկ հունվարի 24-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը ԼՂ-ում» խորհրդաժողովը։ «Լեռնային Ղարաբաղում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացման, պղծման եւ յուրացման անխուսափելի վտանգի տակ է»,- գրել է համաժողովի կազմակերպիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց, եւ տեղահանված արցախցիներին պետք է տրվի արժանապատիվ եւ ապահով վերադարձի հնարավորություն: Այս թեմայով զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

- Եվրամիության ներկայացուցիչները նման առողջ հայտարարություններ են անում, սակայն Ադրբեջանի դեմ կոնկրետ պատժամիջոցներ չեն կիրառում։ Գուցե ինչ-որ բա՞ն է փոխվել։

- Պրակտիկ առումով այդ բոլոր հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն։ Իրենք քաղաքական հայտարարությունների մակարդակով ինչ-որ աջակցության խոսքեր են ասում, փորձում են շոյել հայաստանյան հասարակության ականջը՝ փորձելով ցույց տալ, որ Հայաստանի կողքին են, բայց իրականում իրենց ռեալ գործողությունները, իրենց ռեալ մոտիվացիան պայմանավորված են հենց այդ եվրոչինովնիկների արտահայտած այն մտքով, որ իրենք որեւէ սանկցիաներ չեն կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանն իրենց համար կարեւորագույն պարտնյոր է, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, որն իրենց համար շատ ավելի կարեւոր է, քան, այսպես կոչված, ժողովրդավարությունը, էթնիկ զտումները եւ այլն: Արժեհամակարգային դիսկուրսը հետ է քաշվում, նահանջում է, կոնկրետ փողի, ստամոքսի խնդիր է դրվում։ Սա տվյալ դեպքում, իհարկե, վերաբերում է Եվրամիության հարթակներին կամ պաշտոնյաներին, բայց կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ գեոքաղաքականությունը եւ ռեալպոլիտիկը միշտ հիմնված են կոնկրետ շահի վրա, եւ դա թերեւս բոլոր ուժային եւ գեոպոլիտիկ կենտրոնների գործելաոճն է։ Այսինքն, միշտ շարժառիթների հիմքում լինելու է կոնկրետ շահը, որը որոշ դեպքերում, ինչպես հիմա է, քողարկվելու է բարձր խոսքերով, մատերիաներով, բայց սրանք լոկ խոսքեր են, եւ իրականում տակը բան չկա։ 

- Նման հայտարարություններն ո՞ւմ համար են նախատեսված։

- Որեւէ քաղաքական հայտարարություններից զատ, որոնք ուղղված են զուտ հայաստանյան հասարակության այն հատվածներին, որոնք ընդհանրապես կա՛մ որեւէ բան չեն հասկանում քաղաքական պրոցեսներից, կա՛մ անջատել են բանականությունը, կա՛մ միամիտ խավին, որը մեր հասարակության մեջ, ինչպես 2018 թվականից հետո պարզեցինք, բավականին լուրջ թիվ է կազմում, կա՛մ նրանց, ովքեր ջայլամային քաղաքականությամբ ֆիլտրում են միայն դրականը։ Այսօրվա քաղաքականությունն այն բանից հետո, երբ ըստ էության հին աշխարհակարգը փլվեց, եւ հիմնականում շեշտը դրվում է ուժի վրա, երբ որեւէ միջազգային իրավունք, որեւէ արժեհամակարգային սահմանափակումներ չկան, շատ պարզ են բոլորը խոսում։ Մարդիկ ասում են՝ հա, լավ չի, որ Ադրբեջանն այդպես է վարվում, լավ չի, որ էթնիկական զտումներ… լավ չի, որ ցեղասպանության էլեմենտներ, տեղահանումներ, կռիվ-ղալմաղալ, լավ չի, որ Ադրբեջանն այդքան ագրեսիվ է իրեն պահում ու հավակնություններ ունի Հայաստանի ուղղությամբ, բայց հասկացեք մեզ, մեզ համար կարեւորն այն է, որ Ադրբեջանը մեզ ալտերնատիվ ճանապարհներով կարողանում է ալտերնատիվ էներգակիրներ հասցնել։ Դրա համար, դատապարտելով Ադրբեջանի քայլերը եւ հորդորելով, որ մի քիչ մարդասիրական էթնիկ զտումներ անի, բայց միաժամանակ ոչ մի պատժամիջոց չեն կիրառի, որովհետեւ իրենց գազ է պետք, նավթ է պետք, իրենք չեն կարող սղոցել այն ճյուղը, որի վրա նստած են։ Դաժան է, բայց կյանքը եւ քաղաքականությունը միշտ էլ այդպիսին են եղել։ Հայերը քանի որ իրենց էությամբ քաղաքական տեսակետից քաղաքական ազգ, քաղաքական ժողովուրդ չեն, կնոջ նման են` սիրում են ականջներով։ Ինձ թվում է՝ հայ ժողովուրդն ավելի շատ իր էությամբ կանացի սեռի է, սիրում է ոչ թե բանականությամբ, այլ՝ ականջներով։ Աշխարհում շատ լավ հասկացել են այդ մենթալ առանձնահատկությունը եւ եթե ուրիշներին փորձում են խաբել ու նրանց զգացմունքներով խաղալ, ու դա ոչ միշտ է հաջողվում, ապա մեզ մոտ պատմությունն է ցույց տալիս, որ դա արդեն մեր գենի մեջ է նստած, ով այդ պահին մեզ հաճոյանում է, սիրուն խոսքեր է ասում, բայց հետեւից էլ մի հատ փոսն է հրում, միանգամից հավատում ենք։ Բայց այս գործելաոճը վերաբերում է բոլոր ուժային կենտրոններին, սա պրակտիկ քաղաքականություն է՝ հիմնված կոնկրետ շահի, մոտիվացիայի վրա։

- Գուցե Եվրամիությունն իրե՞ն է ապահովագրում՝ աչքի առաջ ունենալով Ալիեւի հնարավոր ռազմական ագրեսիան ՀՀ-ի դեմ։

- Որքան էլ դա տարօրինակ է հնչում, բայց իրենք իսկապես շատ բան չեն կարող անել։ Չեմ կարող ասել, որ իրենք ինչ կարող էին, այն արեցին, բայց իրենք ունեն իրենց կոնկրետ շահը, որի մասին արդեն խոսեցինք։ Բայց պետք է շատ հստակ ասել, որ իսկապես իրենց ձեռքի գործիքակազմն առանձնապես մեծ չէ։ Մեկը լինի՝ այսօր հենց ԵՄ-ին օգնի, որովհետեւ այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում, նոր աշխարհակարգի ձեւավորման այս փուլում, երբ հինը փլուզվել է, եւ նորը դեռեւս չի ձեւավորվել, եւ աշխարհը խոշորագույն ճգնաժամների մեջ է, այդ թվում՝ պատերազմական, ընդ որում՝ Եվրոպայի սրտում՝ Ուկրաինայի տարածքում, ես կարծում եմ, որ Եվրոպան՝ ինքը, գտնվում է բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակում առհասարակ։ Եթե այսօր քննարկում ենք, թե ովքեր պետք է որոշեն, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհակարգը, ասում ենք` Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանն են որոշելու... որեւէ մեկն այսօր շատ լուրջ չի վերաբերվում Եվրոպայի գործոնին, որովհետեւ երեւի թե Ուկրաինայից հետո ամենաշատը ռուս-ուկրաինական պատերազմից տուժել է հենց Եվրոպան։ Եվ առաջին հերթին Եվրոպայի շարժիչ հանդիսացող երկրները՝ նույն Գերմանիան եւ այլն: Որովհետեւ այն երկրները, որոնք հիմնված էին արդյունաբերության վրա, արտադրության վրա, ստեղծելու վրա, իրենց համար խոստովանեն, չխոստովանեն, էներգակիրների պրոբլեմն առաջացրեց ճգնաժամ նաեւ արդյունաբերության ոլորտում, տնտեսության ոլորտում։ Իրենց խնդիրն է` մտածել, թե ինչպես դա եղավ, բայց ըստ էության աշխարհաքաղաքական խոշոր կենտրոններն ուրիշների ձեռքերով Եվրոպայի պես լուրջ մրցակցին գոնե ժամանակավոր շարքից հանել են եւ ամբիցիաները սահմանափակել, որովհետեւ մի բան է, երբ դու ամբիցիաներ ունես եւ փորձում ես մրցել այլ աշխարհաքաղաքական բեւեռների հետ, մի բան է, երբ դու խնդիր ունես նորից վերականգնել քո 3-4 տարի առաջվա պոտենցիալը։ Եվրամիությանը նոր աշխարհակարգի ձեւավորման պրոցեսից հանել են, ու, համենայնդեպս, առաջին եռյակում կամ քառյակում չի գտնվում, ըստ էության։