Ադրբեջանին պետք չէ այս պահին Փաշինյանի հեռացումը` հետքայլ են անում, որ իշխանափոխություն տեղի չունենա

Ադրբեջանին պետք չէ այս պահին Փաշինյանի հեռացումը` հետքայլ են անում, որ իշխանափոխություն տեղի չունենա

Փաշինյանը բացարձակապես ստում է, երբ ասում է. «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման առաջին ժամից փոխվարչապետն ինձնից ստացել է հանձնարարական՝ կենտրոնացնել ուժերը՝ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու, նրանց հարցերը լուծելու համար»: Նույնը կրկնում է երեկ կառավարության նիստում. «Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինքն՝ ԼՂ մեր հայրենակիցներին դուրս բերելը: Ամեն ինչ պիտի անենք, որ մեր հայրենակիցներն իրենց տներում` առանց վախի, արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»: Փաշինյանը սարսափում է արցախցիների՝ Հայաստանում, Երեւանի կենտրոնում հայտնվելու հեռանկարից, նա ֆիզիկական վախ ունի արցախցիներից, եւ այդ վախն այնքան էլ հիմնազուրկ չէ: Նա հասկանում է, որ Երեւանում հայտնվելուց հետո նրանք մի հարց են ունենալու լուծելու, եւ այդ հարցում ոչ մի փոխվարչապետ իրենց չի կարող օգնել, դա լինելու է իր հեռացումը: Փաշինյանը գիտակցում է նաեւ, որ այդ հեռացումը չի լինելու խաղաղ, որովհետեւ հազարավոր արցախցիների կոտորածի, տասնյակ հազարների տեղահանության եւ փախստական դառնալու համար պատասխան է տալու: «Ես մեղավոր եմ, բայց պատասխանատու չեմ» ձեւակերպումն այլեւս ոչ մեկը չի լսելու:

Եթե Փաշինյանն իսկապես մտահոգված լիներ Արցախի խաղաղ բնակչության ճակատագրով, նրանց ռազմական գործողությունների գոտուց ապահով տարհանելու նպատակ ունենար, ապա նա սեպտեմբերի 19-ին իր կառավարության անունից պետք է ուղիղ բանակցություններ սկսեր Ադրբեջանի իշխանության հետ, մարդասիրական միջանցք բացելու եւ արցախցիներին՝ առնվազն կանանց, երեխաներին եւ ծերերին տարահանելու համար: Փաշինյանը նման բան չի անում՝ ասելով. «Այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»: Խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր, կան անհետ կորածներ, մարդիկ զրկվել են տներից եւ կացարանից, հայտնվել են բաց երկնքի տակ, մատնված են սովամահության, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ սպառնալիք չկա, մարդկանց տները, քաղաքներն ու գյուղերն ավերված են, իսկ նա խոսում է տներում ապրելու մասին: Մարդ որքան պետք է ցինիկ լինի՝ նման բան հայտարարելու համար:

Փաշինյանը Ռուսաստանին բացահայտ մեղադրեց իր իշխանության դեմ գործելու, արցախցիների միջոցով Հայաստանում ներքաղաքական ցնցումներ եւ քաոս հրահրելու մեջ: Քիչ է մնում հայտարարի, որ 44-օրյա պատերազմն ու Հայաստանի դեմ հետագա բոլոր հարձակումները եւս Ռուսաստանն է կազմակերպել, Ադրբեջանին հրահրել, որ դրանք ի վերջո հանգեցնեն իր պաշտոնանկությանը, բայց, ի հեճուկս Ռուսաստանի, թեեւ 44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք, Հայաստանից հսկայական տարածքներ բռնազավթվեցին Ադրբեջանի կողմից, հազարավոր հայ երիտասարդներ զոհվեցին, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, հիմա էլ 120 հազար մարդ կանգնած է ցեղասպանության եւ հայրենիքը կորցնելու վտանգի առաջ, բայց ինքը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնում, իր անձնական անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Պետք լինի՝ Հայաստանի կեսն էլ կտա, բայց իշխանությունը՝ ոչ մի դեպքում:

Փաստն այն է, որ Փաշինյանը հասկանում է որ արցախցիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ, բայց նա կգերադասի, որ այդ վտանգն իրականություն դառնա, որ արցախցիները սովից ու ադրբեջանական ավտոմատների կրակոցներից զոհվեն Արցախում, քան նրանց համար հումանիտար միջանցք բացվի, եւ նրանք կարողանան դուրս գալ ադրբեջանական շրջափակումից: Մի ժամանակ ադրբեջանցիները հայտարարում էին, որ Լաչինի միջանցքը միակողմանիորեն բաց է՝ բոլոր ցանկացողները կարող են լքել Արցախը՝ առանց հետ վերադառնալու հեռանկարի, բայց հիմա փակել են այն, սպառնում են՝ հայերին սկզբից տանել ֆիլտրացիոն ճամբարներ` մեղավոր ու անմեղ ջոկելու: Չի բացառվում, որ հիմա նրանք փակել են միջանցքը հենց Փաշինյանի խնդրանքով, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունները եւս շահագրգռված չեն Հայաստանում ներքաղաքական ցնցումներով եւ քաոսով, որը կարող է հանգեցնել Հայաստանում իրենց համար ցանկալի փաշինյանական իշխանության վախճանին: Ադրբեջանը շահագրգռված է Արցախի հայաթափման մեջ, բայց հիմա այլեւս դա համարում է տեխնիկայի հարց, երբ ուզեն՝ կկազմակերպեն մի քանի օրում: Հիմա ուղղակի սպասում են, որ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թուլանա, Փաշինյանը կարողանա բռնության եւ ճնշումների միջոցով հնազանդեցնել փողոցային պայքարը, հետո կամաց-կամաց կկազմակերպեն Արցախի հայաթափումը: Թե չէ՝ հիմա դա անելը կնշանակի վառվող կրակի վրա յուղ լցնել, ինչն իրենց ընդհանրապես պետք չէ:

Ի տարբերություն Փաշինյանի, Արցախի արդեն նախկին իշխանությունները, որոնց կարելի է արցախցիների ներկայացուցիչներ անվանել, հասկանում են, որ ներկա պայմաններով Արցախում հայության գոյությունն անհնարին է, որ որեւէ արցախցի չի ցանկանում ապրել ադրբեջանցիների իշխանության տակ, բռնության եւ մահվան սպառնալիքի տակ: Արցախցիների միակ ցանկությունն այս պահին վայրկյան առաջ շրջափակումից դուրս գալն է, նրանք դրա մեջ են տեսնում իրենց փրկությունը: Դրա համար էլ նրանք Բարդայում Ադրբեջանի իշխանությունների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդամենը երկու բան են խնդրել՝ սննդամթերք, որ մարդիկ սովից չկոտորվեն, եւ վառելիք, որ կարողանան մարդկանց դուրս բերել շրջափակումից: Մյուս շահարկումները՝ իրենց հայրենիքում արժանապատիվ կամ անվտանգ ապրելու մասին, անբարոյականության հարթությունում են` սեփական իշխանությունը եւ կյանքը փրկելու համար: Բայց Փաշինյանին դրանից բացի ուրիշ ոչինչ չի էլ հետաքրքրել:

Ավետիս Բաբաջանյան