Հայի բախտ

Հայի բախտ

Խոր վշտով տեղեկացա, որ Նիկոլն ու բարձրաստիճան ՔՊ-շնիկները կրկին թաքնվել են բունկերում: Վերջին երեք տարում սա էլ որերորդ դեպքն է: Խեղճերն օրուարեւ չունեն ախրանկայի ձեռից: Մի սալյուտ լինի, մի գմփոց, տո՝ մի չխկոց, ՔՊ-շնիկներին իսկույն հավաքում լցնում են բունկեր: Կարճ ասած՝ փակում են նորածին հորթերի պես, որ չլինի՝ գոմից դուրս գան, ու մի բան պատահի: Մանավանդ՝ Նիկոլին:

Նիկոլը հատուկ պահպանման օբյեկտ է, հասկանում ես: Նրա նման հատուկ պահպանվող օբյեկտ աշխարհում չկա: Որպես օրինակ՝ Բայդենին վերցնենք: Շուտով կդառնա 100 տարեկան, բայց երբ ինքնաթիռ է բարձրանում, մեկը չկա, որ ձեռքը բռնի, օգնի, անվտանգություն ապահովի: Յուրաքանչյուր երրորդ-չորրորդ աստիճանին սայթաքում է, քիչ է մնում գլորվի ներքեւ: Բայց ո՞ւմ տանձին է: ԱՄՆ օրենքներով՝ նման դեպքերում նախագահի ձեռքը բռնողի հաստիք չկա: Այդ պատճառով էլ չեն բռնում: Ավելին, նույն՝ ԱՄՆ օրենքներով, եթե նախագահն այնքան չկա, որ ինքնուրույն ինքնաթիռ բարձրանա, ուրեմն պետք է հեռանա: Եվ Բայդենն ամեն անգամ լուռ չարչարանքով հաղթահարում է սանդուղքը: Ճար չունի:

Հայաստանի պարագայում վիճակը ճիշտ հակառակն է: Ճիշտ է, ՀՀ օրենքներով եւս Նիկոլի ձեռքը բռնողի հաստիք չկա, բայց կան Նիկոլի շիշը բռնողի, ուսապարկը բռնողի, զոնտիկը բռնողի եւ, վերջապես, վախը բռնողի հաստիքներ: Այս իմաստով, չնայած մեր արեւմտյան կողմնորոշումներին, մենք լրիվ Արեւելք ենք: Փարիզում մեզ ասում են՝ տրեխով քաղքենի: Եվ մեզ Սնուփ Դոգի համերգն էր պակասում, որ ֆրանսիացիները համոզվեին դրանում: Ոչինչ, մի օր դա էլ կանենք: Բայց թեմայից չշեղվեմ…

Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլն այդ աստիճան հատուկ պահպանվող օբյեկտ: Այնտեղ Սահակաշվիլի կա, Զելենսկի կա, չէ՞: Բոլորի կյանքը մազից է կախված, իսկ Նիկոլին ոչինչ չի սպառնում: Ո՛չ Սահակաշվիլին, ո՛չ Զելենսկին իրենց երկրներում դավաճանի համարում չունեն: Սխալներ ունեն, ճիշտ է, բայց Վրաստանում եւ Ուկրաինայում նրանց ոչ ոք «թուրք» չի ասում: Սահակաշվիլին, ի տարբերություն Նիկոլի, բանտում է, բայց ոչ ոք չի պատրաստվում նրան ուտել: Իսկ դուք Նիկոլին մի քանի րոպե առանց հսկողության թողեք փողոցում ու տեսեք՝ ինչ կկատարվի: Կյանքում, ախր, գերազանցիկ աշակերտ է եղել, մեկ անգամ գոնե կռիվ չի արել, որ կարողանա ինքն իրեն պաշտպանել: Բոքսի տանձը՝ ձեզ օրինակ: Հիշում եք, երեւի, որ երբ նոր էր դարձել վարչապետ, մարզասրահ էր այցելում, հեծանիվ էր քշում, նկարներ էր գցում Ֆեյսբուք: Պարզվեց, որ այդ ամենն ընդամենը անգլո-ամերիկյան կապիկություն է: Եթե իմ լուսահոգի մարզիչ Ավետյան Սաքոն նրան տեսներ, պիտի ասեր՝ այ գաջի մեշոկ, բա սա տղամարդու տեսք ա՞: Ի՞նչ ասեմ, Նիկոլն ամեն ինչով պարտական է իր ախրանկային, որ օրուգիշեր հսկում է նրան: 

Մի երկու օր առաջ նրան տանում էին Ավինյանի քարոզչական հավաքին: Բայդենին մեկ օր Սպիտակ տան շուրջն այդպես պտտեին, ԱՄՆ հարկատուներն Ամերիկայի կեսը քարուքանդ կանեին: Էն ի՞նչ էր, այ մարդ՝ է՛լ դրոշակով «Մերսեդես», է՛լ տարատեսակ ամենագնացներ, է՛լ ճանապարհ բացող-փակող պարեկային գումարտակներ, մե ոռնոց, մե աղմուկ… Մայթերով էլ ՔՊ-ի ակտիվիստներն էին քայլ անում՝ դրոշակներով, «ասեք՝ կանենք», «ասեք՝ կանենք»… Եվ պատկերացրեք՝ Տիգրան Մեծի-Խանջյան փողոցների խաչմերուկում կուտակված ավտոմեքենաների վարորդներն ինչ պետք էր՝ ասում էին: Խռնված ավտոմեքենաների մեջ պատահաբար տեսա նաեւ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ջիպը: Այդ դատարկությունը մի քաջաբար էլ բազմել էր առջեւի նստարանին, ասես զուռնա-դհոլով իր պահպանվող շեֆին չէին տանում Էրեբունի, որ այնտեղից քայլելով գա:

Նիկոլին պահող-պահպանողը, անշուշտ, մեր հանրությանն այնքան էլ ծանոթ չէ: Մենք շատ վատ ենք տեղեկացված այդ հարցում, ինչպես որ չգիտենք, թե ով բերեց Նիկոլին: Քանի տարի է՝ այդ մասին ենք խոսում, հարցուփորձ անում միմյանց, իրարից նեղանում ու պատասխանը չենք կարողանում գտնել: Նույնիսկ Պուտինը կասկածյալների շրջանակից դուրս չէ, թեեւ վերջին շրջանում Նիկոլը հաճախ է նեղացնում նրան: Մեզ հուզող հարցի ամենահավանական ճիշտ պատասխանը թերեւս այն է, որ Նիկոլին բերել ու պահում են ինչ-որ մութ ուժեր, որոնց համար Նիկոլն իսկական գտածո է:

Չէ, դուք միայն պատկերացրեք՝ Նիկոլին հաջողվեց 5 տարում անել այն, ինչ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը 100 տարի չէին կարողանում անել: Եվ, առհասարակ, Նիկոլը միակ առաջնորդն է աշխարհում, որի խելքը հասավ հայրենիքի մի մասը ճանաչել թշնամի պետության կազմում, որ այդկերպ հասնի խաղաղության: Հապա մի հատ Բայդենին զանգեք ու ասեք՝ Ալյասկան Ռուսաստանին պիտի տաս: Գերտերության ղեկավարին տեղում ինֆարկտ կխփի: Բայց Նիկոլը…
Նիկոլն այսօր աշխարհի թիվ մեկ ամենապահպանվող օբյեկտն է: Նիկոլ չեն դառնում, Նիկոլ ծնվում են, եւ նա միակն է, որ Նիկոլ է ծնվել: Սա բառախաղ չէ: Չերչիլ, Ստալին, Պուտին, Չաուշեսկու, Մարգարետ Թեթչեր, Ինդիրա Գանդի, Անգելա Մերկել՝ անկյունում թաքուն ծխում են… Էրդողանին ու Ալիեւին քնած տեղներից արթնացնես՝ Նիկոլի անունը կտան: Այսօր աշխարհի վերաբաժանման մեջ ամենակարեւոր գործը Նիկոլն է անում՝ նա միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Միջին Ասիան եւ Ռուսաստանի արեւելքը՝ մինչեւ Չինաստանի սահման: Եվ կամ՝ ԱՄՆ-ի ո՞ր նախագահի մտքով կանցներ, որ փոքրիկ Հայաստանի ձեռքով կարելի է Իրանի հարցերը լուծել: Նիկոլը, ահա, լուծում է, եւ մոտ երեք հազարամյա պետականության պատմություն ունեցող Իրանը կարող է հանկարծ Նիկոլի ձեռքով, իսկ ավելի ճիշտ՝ պատճառով գրողի ծոցը գնալ:

Դե հիմա ինձ ասեք՝ ինչպե՞ս «մութ ուժերը» չսիրեն, չպահպանեն եւ չգուրգուրեն Նիկոլին: Նիկոլի գլխից մի մազ պակասի՝ հայ ժողովրդին օդերով կհանեն: Մի թեթեւ թխկոց, մի ճանճի տզզոց, մի հով քամի՝ իսկույն բունկեր են մտցնում: Բայց, մեր մեջ ասած, բունկերի կյանքն էլ մի կյանք չէ: Ամեն բունկեր մտցնելուց՝ հետեւից ինչ ասես որ չեն ասում, է՛լ դավաճան, է՛լ թուրք, է՛լ բ… բանահյուսական գոհարներ: Ում մտքով ինչ անցնի… Ես էլ, որպես շատ թե քիչ կրթություն ստացած մարդ, ինձ վատ եմ զգում: Բա մարդ էս մասշտաբի վարչապետ ունենա, ու նրան տանեն բունկե՞ր: Հայի բախտ է, էլի: