Իրանը տարածաշրջանում թույլ չի տա նույնիսկ փոքրիկ փոփոխություն
«Հրապարակի» զրուցակիցն իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնին է։
- Լուրեր են պտտվում, որ Շոյգուն Իրան է այցելել, որպեսզի Իրանին համոզի՝ համաձայնել Զանգեզուրի միջանցքի գաղափարին։
- Շոյգուի այցն Իրան, պաշտոնական հաղորդագրության համաձայն, կապված է եղել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունների մասով մի շարք պայմանագրեր կնքելու եւ ռազմական համագործակցությունն ընդլայնելու հետ։ Այո, լուրեր էին պտտվում, որ Շոյգուն եկել է Իրանին համոզելու, որ Զանգեզուրի միջանցքին համաձայնի, սակայն դա ոչ մի հավաստի աղբյուր չի հաստատել։ Բայց եթե նման բան էլ լինի, միանշանակ՝ Իրանը դեմ է կանգնելու, եւ Իրանին ոչ մի կողմ չի կարող համոզել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն դառնալուն Իրանը համաձայնություն տա, որովհետեւ դա Իրանի համար կյանքի եւ մահվան խնդիր է, ինչպես Հայաստանի համար։ Դրանով խոցելի են դառնում Իրանի անվտանգությունը եւ Իրանի շահերը տարածաշրջանում, եւ դա Իրանի համար կարմիր գիծ է։ Իրանը բազմիցս նշել է, որ որեւէ դեպքում թույլ չի տա՝ նման միջանցքը գոյություն ունենա, եւ Իրանի ու Հայաստանի սահմանները կտրվեն, սահմանների փոփոխություն լինի։ Դա Իրանի համար կարմիր գիծ է, եւ ոչ ոք չի կարող Իրանին հակառակում համոզել։
- Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում գրավեց նաեւ Սարսանգի ջրամբարը։ Արդյոք դա հավելյալ վտանգներ չի՞ ստեղծում Իրանի համար։
- Այո, իհարկե, մտահոգություններ կան, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտնի են էկոտեռորիզմով, միշտ էլ Թուրքիայի հետ խնդիր ունեցել ենք ջրամբարների, ջրային աղբյուրների հարցի վերաբերյալ, սակայն Իրանն էլ գործիքակազմեր ունի, որ եթե փորձեն Իրանի վրա նման ձեւով ճնշում գործադրել, Իրանն էլ կարող է Ադրբեջան եւ Իրան ցամաքային կապն Իրանի տարածքում փակել։ Իրանն ունի գործիքակազմեր, որ ճնշի մյուս կողմին, իհարկե՝ մտահոգություններ կան։ Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում եւ Ադրբեջանի թիկունքում կանգնած ուժերը, այդ ռազմական գործողությունները կարող են նաեւ հակաիրանական բնույթ ունենալ։
- Ո՞ր պարագայում Իրանը կհամաձայնի Զանգեզուրի միջանցքին։
- Ոչ մի դեպքում, ինչպես արդեն ասացի, Իրանը թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա, որովհետեւ Իրանի անվտանգության խնդիրն է, ու հարցը նաեւ կյանքի եւ մահվան հարց է, այդքան կարեւոր է Իրանի համար։ Դա Իրանի քաղաքականությունն է եւ ոչ մի դեպքում չի փոխվելու։
- Արցախի շուրջ այս նոր զարգացումների վերաբերյալ Իրանի տեսակետը փոխվե՞լ է։
- Իրանը միշտ էլ ասել է, որ Արցախի հարցը բանակցությունների միջոցով պետք է լուծվի, խաղաղ ճանապարհով, եւ անընդունելի է Իրանի համար որեւէ ուժի գործադրում՝ նման հարցը լուծելու համար։ Իրանը միշտ էլ ասել է, որ հայերի անվտանգությունը պետք է պահպանվի, եւ Իրանի համար անընդունելի է ուժի ձեւով հարցը լուծելը։
- Հնարավո՞ր է Իրանն էլ Ռուսաստանի պես կրավորական կեցվածք ընդունի՝ Հայաստանի վրա հարձակման ժամանակ։
- Եթե Հայաստանի մի ուրիշ մասի վրա հարձակվի, Իրանը հայտնել է իր դիրքորոշումը։ Երբ Իրանն ասում է, որ որեւէ գեոպոլիտիկ սահմանների փոփոխություն անընդունելի է, եւ թույլ չենք տա դա, դա նշանակում է, որ խոսքը միայն Սյունիքին չի վերաբերում։ Երբ ասվում է՝ գեոպոլիտիկ փոփոխությունն անընդունելի է, դա վերաբերում է Հայաստանի ամբողջ սահմանագծին։ Եվ տարբերություն չկա՝ Սյունիքո՞ւմ Իրանի ճանապարհը կփակեն, թե՞ այլ վայրերում․ Իրանը որեւէ կերպ թույլ չի տալու ոչ միայն Զանգեզուրի միջանցք, այլեւ գեոպոլիտիկ փոփոխություն։
- Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ ճանապարհով պետք է համաձայնության գան, ու Իրանն ամեն ինչ կանի՝ դրան նպաստելու համար։
- Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկու պետությունների միջեւ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Ընդ որում, այդ տարաձայնությունները կարող են լուծվել այլ երկրների միջամտությամբ, ինչպես, օրինակ, հզոր Իրանի միջնորդությունը։ Մինչ այժմ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջնորդի դեր է տարել երկու երկրների միջեւ եւ երկու կողմին էլ դիմել է կոնկրետ ուղերձներով։ Իրանն ունի հստակ ու կոնկրետ դիրքորոշում գեոպոլիտիկ սահմանների ու տարածաշրջանում տիրող իրավիճակի մասով եւ թույլ չի տա նույնիսկ փոքրիկ փոփոխություն։
Կարծիքներ