«Հրապարակ»․ Այսօր Ալեն Սիմոնյանն է, վաղը` ցանկացած ՔՊ-ական

«Հրապարակ»․ Այսօր Ալեն Սիմոնյանն է, վաղը` ցանկացած ՔՊ-ական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ նրա ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները հակասական տրամադրություններ են առաջացրել երկրում եւ իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունում։ Իհարկե, կան պատգամավորներ, որոնց հրճվանք է պատճառել ԱԺ նախագահի նկատմամբ վերջին արշավը` այն պատգամավորները, որոնք անձնական խնդիրներ ունեն Սիմոնյանի հետ: Իսկ մեծ հաշվով՝ ՔՊ-ում, կարելի է ասել, երեկ մեռած էին, թաղած չէին․ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է բռնել ՔՊ-ականների վախը: Խմբակցության պատգամավորներից շատերը հրաժարվում էին անգամ մասնավոր զրույցում խոսել այս թեմայով՝ հասկանալով, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խայտառակում է իր ամենահավատարիմ զինվորին, ապա իրենց ավելի դաժան ճակատագիր է սպասվում։ Առավել հեռատեսները մի փոքր ի ցույց դրեցին իրենց դժգոհությունը. ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, օրինակ, երեկ հրապարակավ առաջարկեց ծափահարել «Սիներջի» ընկերության տնօրենին, ով կալանավորվել է օրեր առաջ՝ կոռուպցիոն պատմության շրջանակներում:

Հիշեցնենք․ արդեն երկու օր է՝ քննարկվում է էկոնոմիկայի նախարարության ու «Սիներջի» ընկերության շուրջ ծավալված քրեական վարույթը, ըստ որի՝ պետությունը մրցույթ է հայտարարել, որին մասնակցել են մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ «Սիներջին», նախարարությունը հաղթող է ճանաչել վերջինիս, սակայն մրցույթը չեղարկվել է, պետությունը մի դրամ չի փոխանցել, բայց հիմա գտել են, որ ինչ-որ մարդիկ «դրդել եւ օժանդակել են նախարարության պաշտոնյաներին», որպեսզի նրանք «Սիներջիի» օգտին որոշում կայացնելու պայմաններ ստեղծեն։ Այս պատմության աբսուրդն այն է, որ երկու ամսով կալանավորվել են ընկերության տնօրենն ու երկու կին աշխատակից, այդ թվում Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, ընդ որում՝ երկու կանայք էլ մանկահասակ երեխաներ ունեն, իսկ պետական պաշտոնյաների` գնումների գործընթացը համակարգող էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ՝ տնային կալանք է կիրառվել, այն դեպքում, երբ պետական միջոցների պահպանման, յուրացման, վատնման պատասխանատուները նրանք են։ Իրավական այս ֆարսը հուշում է, որ կալանքի պատճառը քաղաքական է` Նիկոլ Փաշինյանը փորձում է վարկաբեկել Ալեն Սիմոնյանին եւ թիմին մեսիջ ուղարկել, որ բոլորիդ կյանքն ու գործունեությունը կախված են մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ: Եվ կարեւոր չէ` ով ինչքան է ծառայում ինձ, ում ուզեմ, վայրկյանների ընթացքում կարող եմ ոչնչացնել։

Այս օպերացիայի նպատակը նաեւ ներքաղաքական է, Փաշինյանը վստահության դեֆիցիտ ունի, առջեւում նախընտրական պրոցեսներ են, եւ նման պրիմիտիվ շոուներով նա հույս ունի իր՝ ցածր ինտելեկտով աջակիցների մոտ վարկանիշ բարձրացնել: Պողոսներին կուտ տալ, թե անողոք պայքարում է կոռուպցիայի դեմ` չի խնայում անգամ ամենահավատարիմ զինակիցներին։ Ալեն Սիմոնյանին նվաստացնելով՝ նա նաեւ կբավարարի սորոսական թեւի կրքերը, որոնք Ալեն Սիմոնյանին տանել չեն կարողանում, եւ կոռուպցիայի դեմ պայքարն էլ նրանց իդեա-ֆիքսն է: Ոմանք, իհարկե, կարծում են, որ սա անուղղակիորեն նաեւ քաղաքացու վրա թքելու պատիժն է` Հայաստանում ավելի հաճախ պատժում են մեկ այլ արարքի համար` ձեւակերպում այլ կերպ: 

Եվ չնայած հիմա ոտքի են կանգնել նաեւ ԱԺ նախագահի աթոռի հավակնորդները, որոնք դեմ չեն լինի Ալեն Սիմոնյանի տեղը զբաղեցնելուն, սակայն նման գործընթաց սկսելու մտադրություն Փաշինյանը, մեր տեղեկություններով, չունի, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ մեզ վստահեցրեց․ «Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն է, Ալեն Սիմոնյանը մեր թիմակիցն է, ու մենք նրա հետ ոչ մի խնդիր չունենք»։ Նա նաեւ հորդորեց սպասել, որ համապատասխան մարմինները տան իրենց եզրակացությունը. «Նախ՝ քննչական մարմինները, հետո` արդեն դատարանները, հետո արդեն միայն կարելի է անել դատողություններ»։

Հարցրինք՝ եթե սա Ալեն Սիմոնյանի դեմ չէ, ապա ինչպե՞ս է ստացվում, որ էկոնոմիկայի փոխնախարարը տնային կալանք է ստանում, իսկ ԱԺ նախագահի եղբոր կնոջ նկատմամբ 2 ամսով կալանք կիրառվեց։ «Այդ հարցով թույլ տվեք չմեկնաբանել, որովհետեւ ես դատարանի որոշումը չեմ կարող մեկնաբանել: Այնպես, ինչպես չեմ կարող մեկնաբանել այլ դատարանների որոշումները։ Ես չեմ կարող ասել՝ ինչու մեկին կալանք, ինչու մյուսին ոչ կալանք։ Ես իրոք իրավասու չեմ մեկնաբանել ձեր հարցը»,- ասաց նա։ 

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը թեպետ բացառում է, որ կատարվածը ներիշխանական պայքարի դրսեւորում է, սակայն չի թաքցնում տարակուսանքը` կանանց նկատմամբ վերաբերմունքի առիթով․ «Գիտեք՝ երկրի վարչապետը եւ մեր թիմը միշտ է անհաշտ եղել կոռուպցիա երեւույթի նկատմամբ, բայց այն, ինչ կար 2018-2019 թթ․, երբ այս առումով վիճակը բարելավված էր` կոռուպցիա գրեթե չկար, հիմա ավելի շատ են սկսել խոսել, որ կոռուպցիան վերադարձել է եւ գուցե ավելի լայն թափով է վերադարձել, եւ այս մասին էլ բազմիցս խոսել է երկրի վարչապետը։ Ուստի ես բացառում եմ, որ ձեր ասած ներիշխանական պայքարի հետեւանք է այս ամենը»: «Ինչ վերաբերում է նախնական կալանքին, այո, ցավոտ հարց եք տալիս, իսկապես շոկային իրադարձություններ են տեղի ունենում, բայց ես իրավաբան չեմ, չեմ կարող պնդել՝ որ դեպքում են տնային կալանք տալիս, որ դեպքում՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ պետք է լինեն մեղմացուցիչ հանգամանքներ, եւ անպայման պետք է հաշվի առնվի մանկահասակ երեխաներ ունենալու հանգամանքը»,- զգուշորեն իր վերաբերմունքը հայտնեց պատգամավորը։

Եթե հաշվի չեն առնում որեւէ հանգամանք, ավելին՝ պետության ֆինանսական միջոցներ տնօրինող պաշտոնյաները տնային կալանքի տակ են, իսկ մասնավոր ընկերության աշխատողները՝ կալանավորված, սա չի՞ վկայում, որ գործ ունենք քաղաքական գործընթացի հետ։ «Ես ուզում եմ վստահել իրավապահների օբյեկտիվությանը, որովհետեւ այլ բան չեմ կարող մտածել։ Կրկնում եմ՝ մեղմացուցիչ հանգամանքներ պիտի կիրառվեին, բայց․․․ գործին ծանոթ չեմ, չեմ կարող պնդել։ Իսկ գնումների գործընթացը, դրա մասին օրենքն իսկապես չարիք է, եւ գրեթե միշտ լինում են դժգոհություններ»,- ասաց ՔՊ-ականը:

Մենք հիշեցրինք, որ օրենքը մշակողն ու փոխողն իրենք են։ «Սա շատ նման է այն ձեւակերպմանը՝ գուցե ժողովրդավարությունն ամենալավ կառավարման ռեժիմը չէ, բայց դրանից լավը մարդկությունը դեռեւս չի ստեղծել»։ ՔՊ-ականին հարցրինք նաեւ` իրեն անհանգստացրե՞լ է այս պատմությունը, մի օր էլ ուղտն իր դռանը կարող է չոքել։ «Այս պահին բացարձակ մտահոգություն չունեմ, ի վերջո, այս երկրում օրենքը պետք է գործի՞, թե՞ ոչ։ Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ կալանք չկիրառվեր, փոխնախարարի նկատմամբ կիրառվեր, կասեին` օրենքը չի գործում, հովանավորչություն կա»: Իսկ գուցե հենց այդ տպավորությունը ստեղծելու համա՞ր են երիտասարդ կնոջը կալանավորել, եւ ստացվում է, որ նա կալանքի տակ է միայն այն պատճառով, որ Ալեն Սիմոնյանի բարեկամն է, այսինքն` հատվածական է օրենքը գործում։ «Ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել, եկեք սպասենք»։