Քոչարյանին Քոչարյանի՞ց են պաշտպանում

Քոչարյանին Քոչարյանի՞ց են պաշտպանում

Տեղեկատվական դաշտում հայտնվել է մի բավական երկարաշունչ հրապարակում ,որի հեղինակը փորձում է ապացուցել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեղրիի տարբերակ» չի քննարկել, այդ մասին խոսակցությունները միայն հերյուրանքներ են: Որպես հիմնավորում նա երկրորդ նախագահի գրքից մեջբերել է այս հատվածը.« 2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց… Ես հասկանում էի Նախիջեւանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին…»:

Երկրորդ նախագահի գիրքը սոսկական բելետրիստիկա չէ, քաղաքական տեքստ է, եւ նրա խոսքի յուրաքանչյուր նրբերանգ պետք է ուշադրությամբ վերլուծվի: Փորձենք այս տեսանկյունից գնահատել մեջբերված մտքերը: Եւ այսպես, երկրորդ նախագահը փաստում է, որ բանակցությունները վերսկսվեցին 2000թ. կեսերին, այն է՝ հոկտեմբերի 27-ից հետո: Դա Ռոբերտ Քոչարյանի համար չափազանց բարդ շրջան էր:

Այդուհանդերձ, նա շարունակում էր հասկանալ (ընդունել) Նախիջեւանի հետ կապ ունենալու ցանկությունը: Այսինքն, նա համաձայն էր, որ կարգավորման այդ տարբերակի շուրջ համաձայնության տարրերից մեկն Ադրբեջան-Նախիջեւան կապի ապահովումն է, բայց առաջարկում է այլ տարբերակ: Ի՞նչ է դա նշանակում: Միայն մի բան՝ որ մինչ այդ կողմերը մի տարբերակ արդեն քնարկել էին: Քաղաքական տեքստի իմաստով երկրորդ նախագահի ասածն այլ կերպ չի հասկացվում, քան՝ որ հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակում նա հրաժարվել է Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակից եւ առաջարկել «փոխզիջումային» լուծում՝ Մեղրիով Ադրբեջանին տրամադրել սուվերեն ճանապարհ՝ Նախիջեւանի հետ ցամաքային կապ հաստատելու համար, ինչին արդեն չի համաձայնել Հեյդար Ալիեւը: Մնացածը, ինչ որ Քոչարյանը պատմում է Քիվեսթում Հեյդար Ալիեւի հետ առանձնազրույցի մասին, ոչ մի նշանակություն չունի: Ի դեպ, Ալիեւը կարող էր հետաքրքրությունը կորցնել անգամ «Մեղրիի եւ Լաչինի փոխանակման» տարբերակի նկատմամբ, որովհետեւ հասել էր դիվանագիտական երկու կարեւոր ձեռքբերման՝ Լեռնային Ղարաբաղը դուրս էր մնացել բանակցություններից, Հայաստանն ընդունել էր, որ զինված ուժեր ունի շփման գծում եւ պարտավորվել դուրս բերել դրանք: Այնպես որ Քոչարյանին Քոչարյանից պաշտպանելու հարկ չկա: Իր գրքում նա ամեն ինչ բավական անկեղծորեն ասել է, եւ հասկացողը հասկանում է՝ ինչ եւ ինչպես է եղել: