Արժանիորեն գնահատել Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը

Արժանիորեն գնահատել Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը

Անկախացած Հայաստանում, որքան էլ ցավալի է, չնչին բացառությամբ, ձեւավորվել է ոչ բարենպաստ վերաբերմունք դեպի գիտությունը, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ): Գիտության հետ գրեթե կապ չունեցող որոշ տարրեր տարիներ շարունակ աշխատում են ակադեմիան ներկայացնել որպես մեկուսացված մի համաստեղություն, որն էական ներդրում չունի արդի գիտության եւ ոչ մի բնագավառում, չի համագործակցում բուհերի, պաշտպանության նախարարության եւ այլ կարեւոր գերատեսչությունների հետ, դարձել է մի ծանր բեռ հանրապետության ուսերին:

Այս ամենում առաջին հերթին մեղադրվում է ԳԱԱ նախագահությունը, որպես հետեւանք՝ առաջարկվում են ռադիկալ գործողություններ՝ բոլոր ինստիտուտները տեղափոխել բուհական համակարգ եւ այլ գերատեսչություններ՝ առանց հաշվի առնելու օբյեկտիվորեն գոյություն ունեցող առկա իրական վիճակը: Ստեղծված իրադրության համար, անշուշտ, մեղավոր է նաեւ ԳԱԱ-ն, քանզի ոչ պատշաճ ձեւով է հանրությանը ներկայացրել ակադեմիայի նվաճումները: Վերջինս երեւի պայմանավորված է նրանով, որ ամեն տարի ԳԱԱ-ն հրատարակում է լայնածավալ «Հաշվետվություն. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ» վերտառությամբ, ուր շահագրգիռ ընթերցողը կարող է գտնել իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ մասնավորապես, ԳԱԱ ցանկացած գիտաշխատողի գիտական աշխատանքների վերաբերյալ: Ակադեմիան ամեն տարի հրատարակում է նաեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների գործունեության համառոտ Հաշվետվությունը: Փորձենք մամուլում եւ կայքերում չարչրկվող հիմնական հարցերի պատասխանները գտնել 2018թ. Հաշվետվությունների գրքերում (անալոգ ձեւով դրանք առկա են նաեւ նախորդ տարիների հաշվետվություններում):

Համաձայն ԳԱԱ մասին ՀՀ օրենքի (ընդունված է 2011թ. ապրիլի 14-ին, դրա ընդունումն արդեն կարեւորում է ակադեմիայի առանձնահատուկ դերը հանրապետության համար)՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ հիմնադրած՝ հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է (Հոդված 2):
ԳԱԱ-ն կազմակերպում, իրականացնում եւ համակարգում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար եւ կիրառական հետազոտությունները (Հոդված 3):

Ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները քննարկում են կառավարությունը եւ պետական կառավարման համապատասխան մարմինները (Հոդված 4):
Ակադեմիայի խնդիրներն են՝ հայագիտական, ֆիզիկամաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար եւ սոցիալական գիտությունների կարեւորագույն ուղղություններով հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպումն ու համակարգումը (Հոդված 9):

Ակադեմիայի բաժանմունքը պատասխանատվություն է կրում տվյալ բնագավառում կատարվող աշխատանքների կազմակերպման, գիտական ծրագրերի պատրաստման եւ կատարված աշխատանքների որակի համար (Հոդված 14):
Ակադեմիայի բաժանմունքը գիտության միեւնույն բնագավառում գործող ակադեմիայի ակադեմիկոսների, թղթակից անդամների եւ արտասահմանյան անդամների, գիտաշխատողների եւ գիտական կազմակերպությունների միավորումն է (Հոդված 2):

ՀՀ ԳԱԱ -ն ունի 5 բաժանմունք․
Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների
Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի
Բնական գիտությունների
Քիմիայի եւ երկրի մասին գիտությունների
Հայագիտության եւ հասարակական գիտությունների:

Առ 01.01.2019թ. ԳԱԱ համակարգում աշխատում է 2 հազար 206 գիտաշխատող (գիտության 326 դոկտորներ, 1029 գիտության թեկնածուներ, 85-ը՝ առանց գիտական աստիճանի):
Գիտական ուսումնասիրությունները կատարվել են 6 նպատակային, 45 բազային, 148 թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում: Կատարվել է 126 տնտպայմանագրային աշխատանք: Հրատարակվել են 156 մենագրություն (22-ը՝ արտասահմանում), 28 ուսումնական ձեռնարկ, 2 հազար 140 հոդված (953-ը՝ արտասահմանում):

Հաշվետու տարում ԳԱԱ-ն աչքի է ընկել միջազգային միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ, որի արդյունքում կնքվել եւ վերակնքվել են մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: Նշենք մի քանիսը․ նոյեմբերին Պեկինում (Չինաստան) տեղի է ունեցել միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ՄԳԿԴ-ANSO) ստեղծմանը նվիրված առաջին գլխավոր ասամբլեան: ՄԳԿԴ-ի համահիմնադիր է դարձել նաեւ ԳԱԱ-ն:
Մայիսին ՀՀ ԳԱԱ եւ Ռուսաստանի Դաշնության ԳԱ նախագահները Մոսկվայում ստորագրել են գիտատեխնիկական համագործակցության զարգացման նոր համաձայնագիր, որը միտված է երկու երկրների ակադեմիական ավանդական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:
ԳԱԱ-ն շուրջ 10 տարի համագործակցում է Ֆրանսիայի տարբեր համալսարանների եւ գիտական կառույցների հետ, ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ նախատեսվում է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը քվանտային օպտիկայի, ատոմային ֆիզիկայի, օպտոէլեկտրոնիկայի, նանոկառուցքավորված նյութերի, բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի, ավտոմատացման եւ այլ ուղղություններով:

Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական համագործակցության շրջանակներում շարունակվել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի եւ ՌԴ «Ռուսկոսմոսի», ՌԴ ԳԱ հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ տիեզերական տարածության հետազոտման եւ խաղաղ նպատակով օգտագործման ասպարեզում համագործակցությունը:

Ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը (ASNET-AM) համաեվրոպական GEANT գիտակրթական ցանցային միջավայրում Հայաստանը ներկայացնում է որպես ազգային գիտակրթական ցանց: ASNET-AM ցանցի ծառայություններից 2018թ. ընթացքում օգտվել են հանրապետության հինգ քաղաքում տեղակայված հանգույցներից օգտվող գիտնականներ, գիտատեխնիկական աշխատողներ, ասպիրանտներ, ուսանողներ եւ այլ օգտագործողներ:
2018թ. ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունները մասնակցել են միջազգային դրամաշնորհներով իրականացվող 105 աշխատանքներին՝ 529.379,9 եվրո ընդհանուր գումարով, իսկ այդ դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմում է 1.758.283,4 եվրո:

ԳԱԱ ինստիտուտներն անցկացրել են հանրապետական եւ միջազգային 85 գիտաժողով, սիմպոզիում, կլոր սեղան եւ գիտական այլ միջոցառումներ, որոնք ունեցել են 4 հազար 459 մասնակից, 862-ը՝ արտասահմանից:

ԳԱԱ կազմակերպությունները կրթության եւ գիտության ոլորտում համագործակցում են 80 բուհերի եւ գիտատեխնիկական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՃՇԱՀ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, ՀՀ Ամերիկյան համալսարան, ՀՀ Ֆրանսիական համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Մ. Հեռացու անվան ՊԲՀ, Հայկական ատոմային էլեկտրակայան, Միջազգային եւ ռադիացիոն անվտանգության ԳԿ, Արցախի ԳԿ եւ այլն: ԳԱԱ-ից համատեղում է 313 անձ, 165-ն ունի համատեղ հրատարակություններ: Բուհերից եւ գիտատեխնիկական այլ կազմակերպություններից ԳԱԱ համակարգում համատեղության կարգով աշխատում է 434 անձ:

ԳԱԱ-ն Մոսկվայի Կուրչատովի անվ. ինստիտուտի հետ ունի հայ-ռուսական գիտակրթական եւ արտադրական միջազգային լաբորատորիա, հայ-իտալական գիտակրթական միջազգային լաբորատորիա (Ֆրասկատ, X-Lab), Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի հետ՝ «Ֆոտոնների եւ տարրական մասնիկների օպտիկա», հայ-ռուսական լաբորատորիա եւ այլ համատեղ լաբորատորիաներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Արցախի գիտական կենտրոնների հետ: 

Առ 01.01.2019թ. ԳԱԱ կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս եւ 56 թղթակից անդամ, որոնցից 22 ակադեմիկոս եւ 26 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս: Նրանցից յուրաքանչյուրը, ընդգրկված լինելով ԳԱԱ մասնագիտական նեղ ուղղվածության համապատասխան բաժանմունքում, առաջին հերթին համակարգում է այդ ուղղությամբ տարվող գիտահետազոտական աշխատանքներն այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է, հաշվետու է տվյալ բաժանմունքի բյուրոյի եւ ընդհանուր ժողովի առաջ: Այս իմաստով նրանք ապահովում են բուհերի եւ գիտատեխնոլոգիական կազմակերպությունների սերտ կապը ԳԱԱ-ի հետ: ԳԱԱ ակադեմիկոս եւ թղթակից անդամ ընտրվում են մինչ ընտրման պահն ունեցած գիտական ծանրակշիռ վաստակի համար:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակնառու նվաճումներն աննկատ չեն մնացել միջազգային նշանավոր գիտական կենտրոնների կողմից: Հիշատակենք վերջերս հրատարակված միայն երկու փաստաթուղթ․ ա) Webometrics Ranking of World`s Research Organizations, ըստ որի՝ աշխարհում ամենահայտնի 10 հազար գիտական կազմակերպությունների ցանկում Հայաստանից ընդգրկված են 14-ը, որից 12-ը՝ ԳԱԱ-ից: Համեմատության համար նշենք, որ այդ ցանկում Վրաստանից եւ Ադրբեջանից ընդգրկված է մեկական կազմակերպություն: Բնականաբար, հարց է ծագում՝ որտե՞ղ են ՀՀ այն բուհերը, գիտատեխնիկական կենտրոնները, որոնցում մեր ազգի «խելոքները» պլանավորում են տարրալուծել ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտները:
բ) Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ԳԱ-ների, Թուրքիայի, Իսրայելի, Իրանի ԳԱ-ների հետ միասին (թվով 16) տարակարգումն է՝ ըստ միջազգային ցուցանիշների: ՀՀ ԳԱԱ-ն այդ ցուցակում չորրորդն է:

ՀՀ ԳԱԱ-ի հանդեպ բարոյական եւ ֆինանսական բնույթի առկա վերաբերմունքի դեպքում ԳԱԱ-ն որքա՞ն կարող է գոյատեւել:


 Լենսեր ԱՂԱԼՈՎՅԱՆ
Ակադեմիկոս