Վիրուսից հետո մենք ավելի ենք ինտեգրվելու համաեվրոպական տարածքին

Վիրուսից հետո մենք ավելի ենք ինտեգրվելու համաեվրոպական տարածքին

Այս օրերին ամենատարածված արտահայտությունն է․ «Աշխարհն այլեւս երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին էր մինչեւ կորոնավիրուսը»։ Եվրոպան, առնվազն մինչեւ աշուն, փակում է իր սահմանները, իսկ Շենգենյան համաձայնագիրը համաշխարհային կարանտինի պայմաններում, ըստ էության, չի գործում։ Չեղարկվում ու չեղարկվում են կամ հետաձգվում գլոբալ նշանակության ծրագրեր, նախագծեր, խորհրդաժողովներ ու միջազգային միջոցառումներ։ Բայց ինչպիսի՞ն կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո, ինչպիսի՞ նոր աշխարհակարգ ու միջազգային հարաբերություններ կձեւավորվեն կոնկրետ մեր երկրի համար։ Այս խիստ անորոշ ժամանակներ մենք մուտք գործեցինք չվավերացված Հայաստան-ԵՄ համաձայնագրով, անհասկանալի արտաքին հարաբերություններով։ 

2018 թվականի իրադարձություններից 2 տարի անց Սերժ Սարգսյանի օրոք ու ձեռամբ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այս պահի դրությամբ վավերացված չէ 6 երկրների, ինչպես նաեւ Եվրոպական միջուկային էներգետիկայի գործակալության ու Եվրոպական պառլամենտի կողմից։ Եթե Հայաստանի իշխանությունները լավ աշխատած լինեին, գուցե այս փոփոխվող աշխարհում 2020 թ․ գարունը մենք դիմավորեինք վավերացված համաձայնագրով։ Հայաստանի քաղաքացիներից շատերի մտավախությունն այն է, որ այս անորոշ վիճակը մեզ ավելի ու ավելի է տանելու դեպի ռուսական ազդեցության գոտի ու էլ ավելի է կտրելու Եվրոպայից։ Թեմայի շուրջ զրուցել ենք արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի՝ Խոսրով Հարությունյանի որդու հետ։ 

Նա լավատես է։ Նախ հիշեցրեց, որ այս պայմաններում անգամ Եվրոպան մեզ 50 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացնում՝ վարակի դեմ պայքարելու համար։ «Պետք է ընդունենք, որ իրենց մոտ ներքին իրավիճակը հիմա շատ բարդ է, պետք է ընդունենք նաեւ, որ հիմա հենց Եվրոպայի ներսում, ելնելով այս իրավիճակից, կան շատ մեծ տարաձայնություններ, բայց նույնիսկ այս փուլում, այս ծանր վիճակում ձեռք է մեկնել, թեկուզ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում։ Ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Եվրոպան իրեն պատասխանատու է զգում ոչ միայն իր ներքին խնդիրների համար, այլեւ գործընկերների ու, առհասարակ, աշխարհում տեղի ունեցողի համար»,- նկատեց մեր զրուցակիցը։ Նա ընդգծեց՝ «կարեւորն այն է, որ այս ծանր փուլում մարդիկ ասում են՝ մենք մեզնից կկտրենք, մի մասը կտանք ձեզ»։ Ավելին, նա կարծում է, որ վիրուսից հետո մենք ավելի ենք ինտեգրվելու համաեվրոպական տարածքին։ Իսկ փակ սահմանները, խստացումները, կարանտինները, նրա կարծիքով, տեխնիկական խնդիրներ են կոնկրետ երկրների ազգաբնակչությունների անվտանգության համար, ոչ թե գլոբալ քաղաքականության ու արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության արդյունք։ 

«Տնտեսական առումով այլ է, ես նույնիսկ հոդված ունեմ այն մասին, որ շատ հնարավոր է՝ երկրներն իրենց տնտեսությունները փրկելու համար գնան պրոտեկցիոնիզմի, այսինքն՝ փորձեն իրենց ներքին տնտեսվարողներին պաշտպանել արտաքին մրցակցությունից, բայց դա կանեն շատ նուրբ, առանց ակնհայտ ինչ-որ բաների։ Բայց քաղաքական տեսանկյունից, նորից եմ ասում՝ ամեն ինչ մնացել է նույնը»,-ասում է Ռոբերտ Հարությունյանը։ Նախկին փոխարտգործնախարարը եւս կարծում է , որ համաճարակից հետո երկրների տնտեսությունների առաջ կանգնած նոր տնտեսական ու ֆինանսական խնդիրները ստիպելու են, որ նրանք վերանայեն իրենց ներքին քաղաքականությունները եւ դրանով պայմանավորված՝ կառուցեն իրենց արտաքին քաղաքականությունը։ Հիմքում լինելու են տնտեսական խնդիրները։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգերին, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորմանը, ապա այստեղ Ռոբերտ Հարությունյանը շատ մեծ փոփոխություններ չի ակնկալում։ Խոսքը, բնականաբար եւ նախեւառաջ, ֆորմատի մասին է։ «Ես չեմ կարծում, որ այս փուլում որեւիցե համանախագահության կողմի համար ձեռնտու է ֆորմատ փոխել ու սկսել զրոյից կառուցել»,- ասաց նա։ Իսկ հետեւողակա՞ն լինել, անարդյունք հանդիպումները խրախուսե՞լ, կամ կլինե՞ն այս դաշտում ակտիվացող միջնորդական ջանքեր՝ պատերազմ թույլ չտալու համար։ ՀՀ նախկին փոխարտգործնախարարը կրկնեց, որ, դատելով տնտեսական խնդիրներից, որոնք գլոբալ են լինելու աշխարհում (տարբեր գնահատականներով՝ աշխարհի ՀՆԱ-ն կամ տնտեսությունը կրճատվելու է մոտավորապես 5 տրիլիոնով, ԱՄՆ-ում՝ 40 տոկոսով, էլ ավելի վատ պատկեր կլինի Ռուսաստանում ու Եվրոպայում, ինչպես նաեւ կանխատեսվում է գործազրկության կտրուկ աճ), ակնհայտ է, որ ՄԽ անդամ երկրների համար առաջին տեղում լինելու են իրենց ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները։ Բայց սա չի նշանակում, որ առհասարակ աչք կփակեն տարածաշրջանում զարգացումների, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի վրա։ Ռոբերտ Հարությունյանը կարծում է, որ համաճարակը սթափվելու հնարավորություն տվեց, ինչպես նաեւ հասկանալու, որ համերաշխությունը պետք է դառնա կարեւոր գործոն բոլորիս կյանքում։ 

Եվս մեկ հարց ուղղեցինք փոխարտգործնախարարին․ Արցախի ընտրությունների վերաբերյալ այսքան կոշտ գնահատականներ տարբեր երկրներից՝ չճանաչման մասին, նախկինում չէին եղել, հիմա եղան, ինչո՞ւ։ Գնահատականը Հարությունյանը կիսում է՝ այո, նախկինում այսքան կոշտ լեզվով չեն խոսել, այդ թվում՝ Կանադան, որը միշտ Երեւանի հետ երկկողմ լավ հարաբերություններ է ունեցել, բայցեւ չի կարծում, որ պատճառն այն է, որ հիմա վեկտորը փոխվել է, կամ մարդիկ սկսել են այլ լեզվով խոսել։ «Ես ավելի շատ ենթադրում եմ, որ հետեւյալն է․ այս փուլում, երբ բոլորն ասում են՝ եկեք համախմբվեք, իրենք կարող են դիտարկել Արցախում ընտրությունները որպես կոնֆլիկտի սրման ուղղությամբ ինչ-որ մի բան ու դրանով պայմանավորված, ասեն՝ մի արեք։ Սա ավելի հավանական եմ համարում, որ չի կարելի, մենք՝ բոլորս, խառն ենք, հիմա դուք էլ սրում եք։ Եվ մյուս կողմից էլ՝ այն, որ էս կորոնավիրուսի պայմաններում, երբ բոլորս ասում ենք՝ ինքնամեկուսացվեք, դուք գնում եք ընտրությունների։ Բայց սա էլ, կարծում եմ, ավելի շատ անում են՝ չխորանալով, թե ինչու է դա արվում, ու արդյոք ունեի՞նք հնարավորություն չանելու դա»,- մեկնաբանեց Ռոբերտ Հարությունյանը։