Փաշինյանը կայացած բիզնեսմեններին բացատրել է, թե ինչպես աշխատել

Փաշինյանը կայացած բիզնեսմեններին բացատրել է, թե ինչպես աշխատել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկն էլ մարդկային շփման հարցերում դժվարություններն են, տարբեր լսարանների եւ խավերի հետ խոսելու պատշաճ կերպն ընտրելու ցանկությունն ու կարողությունը: Այսինքն` ճիշտ պահին ճիշտ խոսք գտնելու, ամեն լսարանի հասկանալի ուղերձներ փոխանցելու, հաղորդակցվելու ունակությունը: Իսկ որ նման հարցերում նա մշտապես խնդիրներ է ունենում, մարդիկ նկատել են իշխանության գալուց անմիջապես հետո: 2018 թվականի նոյեմբերին Փաշինյանն աշխատանքային այցով ժամանում է Աստանա: Ղազախստանում որպես ՀՀ դեսպան պաշտոնավարած Արա Սահակյանը տարիներ առաջ մեզ պատմեց, որ Փաշինյանի նկատմամբ անչափ մեծ հետաքրքրություն եւ ակնածանք կար տեղի հայերի մոտ:

Նրա առաջարկով վարչապետի այցի ծրագրում ներառվում է նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվում է համայնքում տիրող տրամադրություններին համահունչ` «Ռիքսոս» հյուրանոցի շքեղ դահլիճներից մեկում: Թեեւ ղազախահայ համայնքի միջուկը վերջին 30 տարում Հայաստանից տեղափոխվածներն են կազմում, սակայն առանձնակի կշիռ ունեն Արցախից, Բաքվից, Ուզբեկստանից սերող հնաբնակները: Ահա՝ այդ կայացած, հարուստ, նշանակալի եւ Ղազախստանում ու նրա սահմաններից դուրս հայտնի դեմքերը շտապել են ժողվարչապետի հետ հանդիպման: Շատերը կանանց հետ են եղել, պճնված, զարդարված:

Բոլորի տեսքից ուղղակի ճչացել են նրանց ինքնավստահությունն ու սեփական անձի կարեւորության արդարացված զգացումը: Մի խոսքով, ներկա են եղել հիմնականում մեծահարուստներ, հաջողակ գործարարներ, նաեւ` արվեստագետներ, դասախոսներ, հավակնոտ երիտասարդներ: Վարչապետին հարց տալու համար նրանցից յուրաքանչյուրին խոսք տալուց առաջ դեսպանը հիմնովին ներկայացրել է անձին, նրա վաստակն ու հաջողությունները, կապը դեսպանության հետ: Հարցերը եղել են ընդգծված հարգալից, հույսով լի, որ երկիրը նրա ղեկավարության ներքո ծաղկելու է, ու իրենք էլ հազարավոր թելերով կապված են հայրենիքի հետ եւ այլն: Սակայն որքան մեծ է եղել ներկաների տարակուսանքը, երբ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը սկսել է այս մարդկանց բացատրել, թե ինչքան կարեւոր է աշխատասիրությունը, եւ միայն աշխատանքով կարելի է հասնել հաջողության: Ներկաներից ոմանք հենց այդ օրն են հասկացել, որ մարդն իր տեղում չէ, չի գիտակցում իր պաշտոնի արժեքը եւ չգիտի, թե ում հետ ինչպես է պետք խոսել: