Շատ ուշացնել չի կարելի
Դեռեւս նախորդ տարեվերջին «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ «ծռերի» համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը։ Այս ընթացքում «Սասնա ծռերը», ինչպես հայտարարել էին, պատրաստվում էին քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել մի շարք քաղաքական ուժերի հետ՝ ընդդիմադիր ճակատ ստեղծելու համար, որպեսզի 2020 թվական մտնեն որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ «որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող եւ իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»։
Ինչպես տեղականում ենք՝ հետտոնական հունվարի ընթացքում ինտենսիվ քննարկում-հանդիպումներ են ընթացել, նաեւ նախատեսվում են առաջիկայում։
Այս պահին կոնսուլտացիաների հիմնական մասնակիցներն են Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Միքայել Հայրապետյանի Պահպանողական կուսակցությունը եւ մի քանի այլ ուժեր։ Քանի դեռ ձեւաչափի մասին հայտարարված չէ, նրանք ձեռնպահ են մնում մասնակիցների անուններն ամբողջությամբ հրապարակելուց, նաեւ՝ էթիկական նկատառումներով։ Ի դեպ, տրվում է նաեւ «Ժառանգության» անունը։ Այդպե՞ս է։ Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Քննարկումներ են, երեկ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ եղել են, բայց դեռ ոչինչ չի եղել»։ Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ հանդիպումներն ինտենսիվ ընթանում են, պարզաբանեց՝ բանն ինչ է․ մի մասի հետ արդեն անցկացվում են, մի մասի հետ պատրաստվում են հանդիպել։ Նա ընդհանուր գծերով ներկայացրեց, թե ինչ ուժեր կարող են ներկայացված լինել այդ համախմբման մեջ՝ ասելով․ «Դրանք այն ուժերն են, որոնք մասնակցել են հեղափոխությանը եւ մեծ մասամբ աջակցել են նոր իշխանություններին»։
Այնուամենայնիվ, Պետրոս Մակեյանը դեռ չի կարող ասել՝ արդյունքն ինչ է լինելու, ու հարցին էլ, թե ինչ ժամկետում է ձեւավորվելու ճակատը, ասաց․ «Տարբեր կարծիքներ կան, կան ուժեր, որոնք պնդում են, որ պետք է շատ արագ լինի, մի մասը՝ լուրջ լինի, մենք էլ ենք այդպես գտնում։ Բայց շատ ուշացնել էլ չի կարելի՝ հաշվի առնելով, այսպես կոչված, սեւերի քայլերն ու իշխանությունների պահվածքը»։ Պետրոս Մակեյանին եւս մի հարց ուղղեցինք՝ ի՞նչ են անելու ճակատում, ինչ չեն կարողանում անել առանձին-առանձին, եւ, առհասարակ՝ ո՞նց են պարտադրելու, հորդորելու, ստիպելու։
Ամբողջ կյանքում ընդդիմություն եղած քաղաքական գործիչը նշեց․ կյանքն ապացուցել է, որ բոլոր ուժերն առանձին-առանձին մաշվում են եւ նաեւ լսելի չեն։ Մակեյանն ասում է, որ համախմբման նպատակներից մեկը նաեւ արտաքին անվտանգային համակարգերն են։ Ավելի կոնկրետ՝ այն, որ այս ուժերին անհանգստացնում է Արցախի հարցը, դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններն ու նաեւ բանակում տիրող վիճակը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» պարբերաբար եւ հատկապես վերջին շրջանում բարձրացնում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու հարցը։
Կարծիքներ