Երբ իշխանությունները Դոստոեվսկու հայտնի հերոսին են կրկնօրինակում

Երբ իշխանությունները Դոստոեվսկու հայտնի հերոսին են կրկնօրինակում

Մի քանի օր է՝ իշխանությունները մանիպուլացնում են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային գործընկերների հնչեցրած գնահատականները։ Առանց անհարմար զգալու, իշխանության տարբեր կալիբրի չինովնիկներ իրենց ֆեյսբուքյան պատերը ողողել են այդ հայտարարություններից իշխանությանը ձեռնտու հատվածներով եւ «մե խինդ, մե ուրախությամբ» կիսում են եվրոպացիների մտահոգությունները՝ աչք փակելով իրենց ուղղված աննախադեպ ապտակների վրա։ Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ԵԽԽՎ հայաստանյան հարցով համազեկուցողները հայտարարել էին, թե անհանգստացած են Հայաստանի 2 պետական ինստիտուտների՝ վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ լարվածության բարձր մակարդակով։ Հիշեցրել էին ինստիտուտների հավասարակշռման եւ զսպման մեխանիզմների, դրանց գործունեության նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ իշխանությունը խախտում է իշխանությունների տարանջատման կարեւորագույն սկզբունքը։

Սակայն Փաշինյանի թիմը հերթական ստի ու ներշնչանքի վրա էլ կառուցել է մարտավարությունը։ Անգամ երկրորդ՝ ավելի ծանր հարվածից խելքի չեկան․ Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոն ավելի հստակ էր արտահայտվել․ «Վերջին շրջանի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այդ չափանիշներին եւ չեն կարող օժանդակել լարվածության թուլացմանը»։ Ակնհայտորեն, նկատի ուներ Փաշինյանի գրառումը, թե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չի կարող լինել եւ որեւէ առնչություն ՍԴ-ին։ Սակայն զավեշտը հասել է այնտեղ, որ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե Բուքիքիոն նկատի է ունեցել Հրայր Թովմասյանի հայտարարությունները, իսկ լարվածությունն էլ ստեղծել են ընդդիմադիր շրջանակներն ու լրատվամիջոցները։

Երեկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ, ասուլիս էր հրավիրել։ Մինչ ասուլիսը Ռուբինյանն էլ էր հասցրել «միանգամայն կիսել» ինչպես ԵԽԽՎ համազեկուցողների, այնպես էլ Բուքիքիոյի գնահատականները, իսկ ասուլիսում ասում էր, թե «ՍԴ նախագահն արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, եւ դրանք կրում են ընդդիմադիր հայացքներ», ու հենց այդ հայտարարությունները նկատի ունեին միջազգային պատվիրակները։ Իսկ «այս իրավիճակը ստեղծվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում», ով խոսում է խրամատներից։ 
Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք դա՞ էին նկատի ունեցել եվրոպացի գործընկերները, թե՞ իշխանության վերջին շրջանի պահվածքը, ՍԴ-ի դեմ սանձազերծած պատերազմը, երբ իշխանությունը չի խնայում նույնիսկ Հրայր Թովմասյանի մերձավորներին, երբ հարկատուներիս հաշվին գործող Հանրայինը խախտում է Թովմասյանի անմեղության կանխավարկածը, Նիկոլ Փաշինյանն էլ բացահայտ հայտարարում է, որ Թովմասյանը չպիտի լինի ՍԴ նախագահ։ Ռուբինյանը, սակայն, ընտրեց սոփեստության ճանապարհը եւ մի միլիմետր անգամ չզիջեց՝ շարունակելով հակադարձել, թե իշխանությունը որեւէ ճնշում չի գործադրում։ Նրան օգնության հասավ գործընկեր Տաթեւ Հայրապետյանը, թե՝ բա ուզում եք չպայքարե՞նք նախկինների դեմ։

Ապա Ռուբինյանը հաջորդ անհեթեթ հայտնագործությունն արեց, թե ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակից օգտվելու հարցում ճնշում են, բայց ճնշում են ոչ թե իշխանությունները, այլ ինչ-ինչ շրջանակներ, եւ որ Հրայր Թովմասյանի հայտարարությունն էլ դրա վառ արտացոլումն էր, երբ ասաց, թե ՍԴ-ում որեւէ դատավոր չի օգտվի այդ հնարավորությունից։ Բայց եթե գիտեք, որ ճնշում կա դատավորների նկատմամբ, ինչո՞ւ են իրավապահները ձեռքերը ծալած նստել ու գործ չեն հարուցում, չէ որ դա օրենքով պատժելի արարք է։ Նույնը կրկնեց նաեւ Էդմոն Մարուքյանը, Ռուբինյանը Մարուքյանին հակադարձեց․ «Եթե, ձեր կարծիքով, իշխանություններն են ճնշում, ինչո՞ւ չեք գնում հաղորդում տաք»։ 

Ընդգծենք, որ իշխանությունների այս «բեսպրեդել» պահվածքի հարցում մեղքի հավասար բաժին ունի նաեւ ընդդիմությունը։ Չնայած երեկ, թե՛ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, թե՛ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը փաստեցին, որ իշխանություններն այսպիսի մեկնաբանություններով «ձեռ են առնում» միջազգային գործընկերներին, մասնավորապես Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ նրանց կոչը նախեւառաջ իշխանություններին էր ուղղված։ «Այդ մարդկանց ձեռք են առնում եւ ինչո՞ւ են ձեռք առնում, որովհետեւ եթե դուք համեմատեք՝ նախկինում այս ձեւի հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Որովհետեւ իշխանությունը լեգիտիմ իշխանություն է եւ որեւէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ եւ թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում»,- ասաց նա: Իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց, թե ինքն այդ հայտարարությունները հասկացել է այնպես, ինչպես հասկացել է Էդմոն Մարուքյանը, այդուհանդերձ, անցած շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած խորհրդարանական ընդդիմությունը «դուխ» չի ունեցել ԵԽԽՎ իրենց գործընկերներին ներկայացնել ՍԴ-ի շուրջ հասունացող, ինչպես իրենք են փաստում, վտանգավոր իրավիճակը։ Էդմոն Մարուքյանը խոստովանեց, որ չեն արել։ Ինչո՞ւ։ «Ավելի կարեւոր հարցեր կային»։ 

Մեր տեղեկություններով, ընդդիմության եւ իշխանության պատգամավորները միասին են մասնակցել եվրոպացի գործընկերների հետ քննարկմանը, մեր աղբյուրը պատմեց, որ հենց այդ հանգամանքն է կաշկանդել ընդդիմադիրներին, քանզի եթե համարձակվեին բառ փոխանակել ՍԴ-ի շուրջ գործընթացներից, ապա հնարավոր է տուն չհասնեին։ «Հենց օդանավակայանում կփռեին ասֆալտին, կծեփեին պատերին՝ հռչակելով հակահեղափոխականներ»,- ասաց մեր աղբյուրը։