«Յուքոմ»-ի շուրջ իրադարձությունները տեղափոխվում են զավեշտի դաշտ

«Յուքոմ»-ի շուրջ իրադարձությունները տեղափոխվում են զավեշտի դաշտ

«Յուքոմ» ընկերության տնօրեն Արա Խաչատրյանի փաստաթղթերը եւ համակարգիչն առգրավելու դեմ նրա պաշտպանները բողոք են գրել դատախազություն։ Այս մասին մեզ ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ապա՝ «Յուքոմ» ընկերությունում։ Արա Խաչատրյանն ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:
Փաստաբանն ասաց, որ բողոքարկել են նաեւ խուզարկության որոշումը․ «Արա Խաչատրյանը զուտ պարզաբանման համար էր կանչվել, ունի վկայի կարգավիճակ։ Իր մոտից խուզարկության արդյունքում որոշակի փաստաթղթեր ու համակարգիչ էին առգրավել, ինչի հետ կապված՝ բողոք է ներկայացվել դատախազին, քանի որ համակարգիչը «Յուքոմ» ընկերության տնօրենի համակարգիչն էր, եւ այդտեղ մենք որոշակի խնդիր ենք տեսել։ Այս պահի դրությամբ բողոքները ներկայացրել ենք, ու դրանից հետո դետալացված կարող եմ Ձեզ ասել։ Խուզարկություն թույլ տալու հետ կապված դատարանի որոշումն է բողոքարկվել եւ քննիչի գործողությունները՝ խուզարկություն կատարելու հետ կապված։ Դատարանի որոշման մեջ նախատեսված էր այլ մեքենայի համար, այնինչ խուզարկությունը կատարվել է Արա Խաչատրյանին պատկանող այլ համարի մեքենայում, եւ դատարանի որոշմամբ համակարգիչ նախատեսված չէր»։

Սակայն շատ ավելի արտառոց փաստի մասին տեղեկացանք՝ կապված «Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հետ։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել, կալանքի սանկցիա է տրվել, եւ նա փախուստի մեջ է։ Պարզվում է, օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, «հետեւողական եւ անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսեւորումների դեմ եւ հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում», սխալմամբ ուրիշի բնակարան է մտել՝ խուզարկության համար։ Ընդ որում, նույն շենքի ոչ թե մեկ, այլ երկու բնակարան է սխալմամբ մուտք գործել, երրորդ անգամ նոր ընկել է ճիշտ հասցե։

Դեպքը տեղի է ունեցել Հանրապետության փողոցում գտնվող նորակառույց շենքում, եւ այդ «անհարմար» դրությունն աժիոտաժ է առաջացրել շենքի բնակիչների շրջանում։ Պատկերացրեք, ԱԱԾ-ն համապատասխան «ատրիբուտիկայով» մուտք է գործում բնակարան, հետո՝ «վայ, կներեք, սխալվել ենք», ու դուրս է գալիս։ Համաձայնեք, նվազագույնը «կուշտունիցա» իրավիճակ է ստեղծվել։ Խուզարկությունը վերաբերել է «Յուքոմի» տնօրենների խորհրդի անհետացած նախագահ Գուրգեն Խաչատրյանին եւ վերջիններիս ընկերությունների ղեկավարներին, բարեկամներին ու հարազատներին։ Մեր տեղեկություններով, խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ հասցեներով։

Միաժամանակ, տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը»՝ Ռուսաստանը, արդեն իսկ հոգ է տարել գործարարի մասին, եւ եթե վերջինիս ցանկությունը չլինի, նրան գտնելն անհնար է լինելու։ Հնարավոր է ԱԱԾ-ն այս պատճառով է «իմիջիայլոց» բնակարաններ մտնում, որ տպավորություն ստեղծի, թե փնտրում է նրան։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է պատահել, որ մենք իմանանք Գ․ Խաչատրյանի գտնվելու վայրը, իսկ մեր անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունը՝ ոչ։