Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանում իրականացնել Դոնբաս-2 նախագիծը

Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանում իրականացնել Դոնբաս-2 նախագիծը

Անցակետ դնելով Լաչինի միջանցքի վրա եւ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթները՝ Ադրբեջանի իշխանությունները հեղինակազրկում են նաեւ Ռուսաստանին՝ որպես այդ հայտարարության երրորդ կողմի, պայմանավորվածությունների կատարման երաշխավորի: Ադրբեջանը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր վրա չունի ազդեցության լծակ՝ չթաքցնելով, որ իր վերջնական նպատակն Արցախը հայաթափելով եւ ադրբեջանականացնելով՝ Ռուսաստանի զինված ներկայությանն այդ տարածքում վերջ դնելն է: Ռուսաստանը, ի պատասխան, որոշել է ցույց տալ, որ դրան կարող է հակազդել, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում անջատողականությունը խրախուսելով եւ հովանավորելով: Առաջին նման քայլ կարելի է համարել Ռուսաստանի քաղաքացի Ասուլ Կասումովի հայտարարությունը «Լեզգիական բանակ» ստեղծելու մասին, որի հիմնական նպատակն Ադրբեջանի տարածքում ապրող լեզգիներին այդ երկրի բռնաճնշումներից պաշտպանելն է: Կասումովն արդեն հրապարակել է գործողությունների պլան:

Ըստ Կասումովի՝ պետք է հրավիրել Ադրբեջանում ապրող լեզգիների համաժողով, որը կընտրի Հոգեւոր խորհուրդ, Ավագների խորհուրդ եւ Ռազմական խորհուրդ, որը եւ կձեւավորի միասնական ազգային բանակ: Ըստ պլանի՝ Ռուսաստանի տարածքում ապրող լեզգիների նվիրատվությունների միջոցով կձեւավորվի ազգային բյուջե, որի միջոցները պետք է ծախսվեն պլանի իրագործման համար: Կասումովի պլանը նախատեսում է Ադրբեջանում ապրող լեզգիների շրջանում հանրաքվեի անցկացում, որից հետո լեզգիներն իրավունք կունենան պահանջել, որ իրենց տրամադրվի Ռուսաստանի քաղաքացիություն: Իր կոչում Կասումովը հայտարարում է, որ Ադրբեջանը բռնաճնշումների է ենթարկում սեփական հայրենիքում ապրող լեզգիներին։ «Մենք պետք է մարտնչենք մեր թշնամիների դեմ, մենք պետք է ցույց տանք մեր ուժը թշնամիներին»,- հայտարարում է լեզգի ակտիվիստը՝ որպես թշնամի ներկայացնելով Ադրբեջանը:

Կասումովը լեզգիների ազգային շարժման առաջնորդներից է. նա իրեն համարում է Ադրբեջանի եւ Դաղստանի լեզգիների իմամ: Սահմանային անցակետի վրա հարձակում կազմակերպելու մեղադրանքով 1996 թվականին կալանավորվել է Ադրբեջանում եւ 13 տարի անցկացրել բանտում: Նա ասում է, որ շուտով Ադրբեջան պետությունը կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, այդ տարածքում ապրող ադրբեջանցիներն էլ կփախչեն Իրան, իսկ իր խնդիրը մինչ այդ սեփական հայրենիքի փրկությունն է՝ լեզգիներին ինքնակազմակերպելու ճանապարհով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն կազմակերպել հայրենիքի պաշտպանությունը, քանի որ ներկայիս Ադրբեջանի տարածքը լեզգիները համարում են ոչ թե ադրբեջանցիների, այլ իրենց հայրենիքը, իսկ ադրբեջանցիներին համարում են եկվորներ, ովքեր ժամանակավորապես տիրացել են իրենց երկրին:

Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում եւս համոզմունք կա, որ լեզգիական անջատողականությունը հովանավորվում է ռուսական իշխանությունների կողմից, եւ Կասումովի շուրթերով Ռուսաստանն է Ադրբեջանին սպառնում ոչնչացում, եթե այդ երկրի իշխանությունները շարունակեն բացահայտորեն անտեսել Ռուսաստանի շահերը: Նրանք Կասումովի առաջարկած գործողությունների պլանը  նմանեցնում են Դոնբասում տեղի ունեցածին, երբ, մի կողմից, տեղի բնակչությունը զինվում էր, իսկ մյուս կողմից ստանում Ռուսաստանի քաղաքացիություն, որից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ հատուկ ռազմական գործողություն է սկսում՝ սեփական քաղաքացիների տառապանքներին ու զրկանքներին վերջ տալու համար: Ադրբեջանցիները համարում են, որ առանց Ռուսաստանի հատուկ ծառայությունների գիտության եւ հովանավորության, նման գործունեությունն անհնար կլիներ, մանավանդ որ Դաղստանն առավել, քան Ռուսաստանի որեւէ տարածաշրջան, գտնվում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ: Ադրբեջանցի փորձագետները միաբերան պնդում են, որ Կասումովի եւ մյուս լեզգի անջատողականների ակտիվությունն ուղղակի կապ ունի Արցախում ադրբեջանական գործողությունների հետ` խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի՝ Բաքու մեկնելու եւ անցակետի հետ կապված բանակցություններ վարելու հետ: Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ եթե Բաքվի իշխանությունները չգնան զիջումների, Ռուսաստանը պատրաստ է ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, ովքեր պայքարում են սեփական ազգային ինքնավարություններն ունենալու համար, թեկուզ Ռուսաստանի վարչական սահմաններում: Իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցել լեզգի եւ այլ ժողովուրդների հայրենասերներին:

Կար ժամանակ, երբ Հայաստանը ոչ պաշտոնապես, բայց տարբեր փորձագետների ու հասարակական ակտիվիստների միջոցով կապեր էր պահպանում Ադրբեջանի տարածքում ապրող փոքրամասնությունների ներկայացնող ակտիվիստների հետ: Նրանցից շատերի մասնակցությամբ Երեւանում կազմակերպվում էին խորհրդաժողովներ եւ մամուլի ասուլիսներ: Հայաստանն Ադրբեջանում անջատողականությունը խրախուսելով եւ հովանավորելով՝ թուլացնում էր Ադրբեջանին, նրա ուշադրությունը շեղելով Արցախից: Նաեւ հասկացնելով, որ եթե Ադրբեջանը գործողություններ սկսի Արցախի դեմ, Հայաստանը կարող է ներսից պայթեցնել Ադրբեջանը:

Հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն կտրեց այդ կապերը, այլեւ Ալիեւին հռչակեց կիրթ եւ կառուցողական՝ հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի եւ ադրբեջանցիների շահերը հաշվի առնելով: Թշնամուն սիրաշահելով ու հաճոյանալով՝ հնարավոր չէ նրա ախորժակը բավարարել, ընդհակառակը՝ այն ավելի է գրգռվում: Դա հասկացել են նաեւ Ռուսաստանում եւ որոշել են հասկացնել, որ Ադրբեջանը ներսից պայթեցնելու լուրջ լծակների են տիրապետում եւ Ադրբեջանի համառելու դեպքում կարող են գործի դնել դրանք:

Ավետիս Բաբաջանյան