Թուրքական ձեռագիր է․ քանդում է, որ վաղն ասեն՝ այստեղ ոչինչ չի եղել

Թուրքական ձեռագիր է․ քանդում է, որ վաղն ասեն՝ այստեղ ոչինչ չի եղել

Նախօրեին համացանցում ադրբեջանցիները տեսանյութ էին հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են քանդել Արցախի Ազգային ժողովի նորակառույց եւ գեղեցիկ շենքը։ Այս փաստը շատերի մոտ զայրույթ, ափսոսանք առաջացրեց, բայց զարմանալի չէ, քանի որ, նախ, Ադրբեջանը միշտ է քանդել, ավիրել այն, ինչը կապ ունի հայի հետ, հետո` Արցախ պետության խորհրդարանի շենքը քանդելն ինքնին հոգեբանական ճնշում է իր մեջ պարունակում եւ սիմվոլիկ նշանակություն ունի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, առաջին օրերից սկսեցին ավիրել վանքեր, եկեղեցիներ, պատմամշակութային այլ կառույցներ։ Բայց Արցախի ԱԺ շենքը քանդելը շատերի մոտ հարցեր է առաջացրել` նորակառույց, գեղեցիկ շինություն է` ինչո՞ւ էին քանդում, երբ կարող էին այլ նպատակների համար օգտագործել, ինչպես արեցին, օրինակ, Շուշիի քաղաքապետարանի դեպքում։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Անահիտ Հակոբյանի հետ։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ադրբեջանն այս անգամ թիրախավորեց եւ քանդեց Արցախի ԱԺ շենքը։

- Ինձ համար ծանր է տեսնել այդ կադրերը։ Այն մինչեւ Արցախի ԱԺ շենքը լինելը եղել է Ստեփանակերտի 1-ին դպրոցը, որտեղ ես առաջին դասարան եմ գնացել։ 2000-ին այն վերակառուցվեց եւ դարձավ Արցախի ԱԺ՝ դառնալով պետականության խորհրդանիշը, այդ իսկ պատճառով էլ քանդեցին։ Այսօր քանդում են, որ վաղն ասեն՝  այստեղ ոչինչ չի էլ եղել, ինչը թուրքական ձեռագիր է, եւ այդպես են եղել դարեր ի վեր։ Մեզ բնաջնջել են՝ յուրացրել եմ մեր ունեցածը եւ այդպես էլ շարունակում են հիմա։ Այսինքն՝ այս անգամ էլ ուզում են ջնջել հայկական Արցախի պատմությունը, նրա պետականությունը խորհրդանշող կառույցները եւ հասել են պետական կառույցներին։

- Այս քայլը կարո՞ղ է Արցախի ԱԺ-ին էր ուղղված, եթե հաշվի առնենք այն, որ Արցախը հայաթափելուց հետո Արցախի պատգամավորները դարձան փախստական, բայց չլուծարեցին Արցախի խորհրդարանը, անգամ շարունակում են աշխատել։

- Իհարկե՝ ո՛չ։ Ադրբեջանը քանդում է ամեն ինչ՝ անգամ բնակարանները։ Կան այլ տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ոնց են քանդում։ Բայց առաջին հերթին վերացնում են պատմական կոթողները։ Քանդում են՝ վերացնում են ամեն բան, որ ներկայացնեն որպես մահմեդական բնակավայր։ Իրենք ինչքան էլ պնդեն, թե Ստեփանակերտը, ինչպես իրենք են ասում՝ Խանքենդին, ադրբեջանական քաղաք է, բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտը հիմնվել է մի շարք հայկական  բնակավայրերի` Սողոմոնշենի, Բաղինշենի, Հին Արմենավանի, Նոր Արմենավանի, Վարարակնի, Փահլուրի, Կրկժանի վրա՝  հայ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով, 1923-ին։ Իսկ Ազգային ժողովի շենքը քանդելը կապել նրանց՝ այստեղից արվող հայտարարությունների հետ, սխալ է։ Արցախի պետականությունն իրավաբանորեն գոյություն ունի՝ լուծարված չէ, եւ ոչ մի հրամանագիր չի կարող լուծարել այն։

- Կա՞ մտավախություն, որ հաջորդը կարող են լինել Արցախի նախագահական շենքը, Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը»` տատիկ-պապիկի հուշարձանը։

- Իհարկե, կան նման մտավախություններ, եւ ցավ եմ ապրում, որ անկարող եմ զսպել այդ վայրագությունները։ Կարող են քանդել ե՛ւ նախագահականը, ե՛ւ կառավարության շենքը, եւ չեմ կարծում, որ այս քաղաքականությունից Ադրբեջանը հրաժարվելու է։ Որքանով ես տեղյակ եմ` «տատիկ-պապիկը» դեռեւս կանգուն է, բայց վախենամ, որ վաղն էլ ասեն, թե այն մեր տատիկ-պապիկն է, ինչպես իմ աղջկա բնակարան էին մտել, նկարել, ասել, թե այդ բնակարանն ինչ-որ միրզայինն է եղել, որն այդտեղ է ծնվել-մեծացել։ Բայց այդ տունը, որը սեփական է, կառուցվել է 10 տարի առաջ։