Ովքե՞ր են հավակնում 3-րդ ուժի կարգավիճակին եւ ովքե՞ր են «2-րդ, 3-րդ էշելոններում»

Ովքե՞ր են հավակնում 3-րդ ուժի կարգավիճակին եւ ովքե՞ր են «2-րդ, 3-րդ էշելոններում»

Կուսակցությունները կամաց-կամաց սկսում են նախընտրական պատրաստություններ տեսնել, եւ առանցքային քաղաքական ուժերից  մեկը՝ ՀՀԿ-ն, հայտարարեց մասնակցության ու ձեւաչափի մասին․ գնում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Ընտրություններին, ըստ ամենայնի, կմասնակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսը, որը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր մասնակցության մասին, բայց առաջիկա օրերին համագումար է անելու, եւ հենց այդ հարցն են քննարկելու։

Բազմաթիվ այլ քաղաքական ուժեր ու անհատներ էլ են հայտարարել իրենց մասնակցության մասին․ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի դաշինքը (ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստան»-ի), ԲՀԿ-ն, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան»-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը, ՔՈ կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության»-ը, Ազգային ժողովրդավարական բեւեռը, փաստաբան Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան»-ը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս»-ը, Հրանտ Բագրատյանի «Ազատություն»-ը  եւ այլ քաղաքական ուժեր։  

Շատերն էլ դեռ չեն հայտարարել, բայց առաջիկայում կհայտարարեն։ Նախ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ էյֆորիան նվազել է, եւ այսօր շատ ուժեր շանս ունեն հավասար մրցակցության մեջ հաղթելու, նաեւ՝ ՀՀ քաղաքացին շփոթված է, նախկին կուռքերը տապալվել են, նախկին թիրախները դեռ շատ չեն ներվել, հասկանալի չէ, թե ում է նա ձայն տալու։ Ո՞վ է լինելու այն երրորդ ուժը, որը ո՛չ նախկիններից է, ո՛չ ներկաներից, ըստ այդմ՝ կարող է շահել ստեղծված վիճակում։ Մյուս կողմից՝ իշխանությունն է նոր ուժեր մտցնում ասպարեզ, որ անցկացնի խորհրդարան՝ հետագայում նրանց հետ կոալիցիա կազմելու ակնկալիքով։ Ակնհայտ է, որ հունիսի 20-ին քվեաթերթիկների մեծ տրցակ են տալու ընտրողի ձեռքը։

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական 2 բեւեռ է հստակ ուրվագծվում․ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, որը  հայտարարում է, որ «կրելու» է, եւ ՔՊ կամ «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ «Այսինքն՝ երկու թեկնածուներ, որոնք պայքարում են վարչապետ դառնալու համար»,- ասում է փորձագետ Արմեն Բադալյանը։ Քաղաքագետը մյուս խաղացողներին պայմանականորեն անվանում է «2-րդ էշելոնի խաղացողներ»։ Դրանք են՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք»-ՀՀԿ դաշինք, որոնք պայքարում են խորհրդարանում իրենց տեղերը պահպանելու կամ մեծ ներկայություն ունենալու համար։ «Կան նաեւ «երրորդ էշելոնի» խաղացողներ՝ ԼՀԿ, «Հանուն հանրապետության», «Հանրապետություն», այլ կուսակցություններ, որոնց մի մասը, ինչպես ԼՀԿ-ն, ցանկանում է իր տեղերը պահպանել, թեպետ կասկածելի է, որ կպահպանի, իսկ մյուսներն ընդամենը ցանկանում են մտնել խորհրդարան։ Սա է այս պահին ողջ կոնֆիգուրացիան»,-կարծում է Բադալյանը։

Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր մյուս քաղաքական ուժերը, որոնք չեն եղել ո՛չ նախկին իշխանություն, ո՛չ էլ ներկա, փորձելու են ընտրողին ներկայանալ որպես «երրորդ ուժ», ինչն անելու համար չեն խնայելու ո՛չ այս, ո՛չ այն բեւեռին։ Չափավորից մինչեւ անխնա քննադատելու են։ Իսկ ո՞րն է լինելու ՀԱԿ-ի ու ԱԺԲ-ի քաղաքական դիրքավորումը։ Արմեն Բադալյանն ասում է, որ ԱԺԲ անվան ներքո «ռեբրենդինգի» ենթարկված «Սասնա ծռերին» եւս կարող ենք դիտարկել «երրորդ էշելոնում», բայց ո՛չ «երրորդ ուժ» կամ բեւեռ։ «Մեկն իրեն «երրորդ ուժ» է անվանում, մեկը՝ 25-րդ․ սրանք կուսակցություններ են, որոնք սնկի նման աճում են նախընտրական կամպանիայի ժամանակ եւ մահանում են մինչեւ հաջորդ ընտրությունները։ Պետք չէ քննարկել»,- ասում է Բադալյանը։

Իսկ ՀԱԿ-ը։ «Դա լիդերային կառույց է, որի ողջ հմայքը, ուժը, հզորությունը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Ուղղակի կարող ենք ասել՝ իր ժամանակներն անցել են»։ Բադալյանը դեմ է «երրորդ բեւեռ» հասկացությանը։ «Ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակցում են, երրորդ, չորրորդ, 25-րդ եւ այլ բեւեռներ չկան»,- ասաց նա։ 

Իսկ Արմեն Բաղդասարյանը համաձայն չէ, ասում է որ կա հստակ 3 բեւեռ՝ եթե անգամ 50 կամ 100 կուսակցություն մասնակցի։ «Եվ խնդիրը նույնիսկ քաղաքական ուժերը չեն, այլ այն, որ էս ընտրությունների ժամանակ մարդիկ ստիպված պիտի լինեն գնահատական տալ ղարաբաղյան պատերազմին եւ նրան, ինչը հանգեցրեց պատերազմին։ Հիմա այստեղ 3 տարբերակ կա։ Մի բեւեռը Փաշինյանն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան- Դաշնակցություն, անկախ նրանից, թե քանի կուսակցությունով կմասնակցեն, եւ երրորդ բեւեռն էն քաղաքական ուժն է, որն ասում է, որ 95-ից սկսած՝ պետք էր հաշտվել իրողությունների հետ, նորմալ քաղաքականություն իրականացնել, հաշտվել, կարգավորել հարցը, եւ արդյունքում էսօր ավելի լավ վիճակ կլիներ։ Եվ քանի որ այսօր էլ նույն վիճակն է, էսօր էլ պետք է իրատես քաղաքականություն վարել՝ չկորցնելու համար այն, ինչը որ դեռ մերն է։ Հիմա դա ՀԱԿ-ն է»։