Լևոն Բաբուջյանը՝ Իրանում փոխչեմպիոն դառնալու և ընթացիկ ստուգատեսի մասին

Լևոն Բաբուջյանը՝ Իրանում փոխչեմպիոն դառնալու և ընթացիկ ստուգատեսի մասին

Իրանի Քերմանշահ քաղաքում ավարտված «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը (2365), 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, դարձել է փոխչեմպիոն։

Ստուգատեսի ավարտից անմիջապես հետո, Իրանի մեկ այլ քաղաքում՝ Ռաշտում էլ մեկնարկել է «Caspian cup» մրցաշարը, որին Լևոնը նույնպես մասնակցում է։

- Լևոն, նախ, շնորհավորում եմ վերջին հաջողության առթիվ։ Ըստ քեզ, ի՞նչը չբավարարեց քեզ բաղձալի չեմպիոնական արդյունքին հասնելու համար։

Լ.Բ․ - Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Մրցաշարի ընթացքում վատառողջ էի, այդ պատճառով փորձում էի ավելի հանգիստ դիրքեր ստանալ, իսկ մրցաշարում հաղթելու համար պետք է ավելի դինամիկ խաղալ։

- Հաշվի առնելով մրցաշարի հաղթողի հետ քո անձնական գործակիցների (ԷԼՈ) զգալի տարբերությունը, այդուհանդերձ, մրցելույթներդ կարելի է դրական գնահատել։ Ինչո՞վ էր տարբերվում մրցաշարը։

Լ.Բ․ - Իհարկե՝ դրական կարելի է գնահատել։ Մրցաշարը տարբերվում էր իր լավ կազմակերպվածությամբ, ինչը հաճախ չէ Իրանում։

- Ի դեպ, իմաստուն խաղի մեր մյուս ներկայացուցիչներից Վլադիմիր Շահինյանը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Դատելով մրցաշարային աղյուսակի նման խիտ դասավորությունից, կարելի՞ է ասել, որ Իրանի ստուգատեսը ուժեղ կազմ էր հավաքել։

Լ.Բ․ - Շահինյանը փայլուն ելույթ ունեցավ, ոչնչով չէր զիջում իրենից անհամեմատ բարձր գործակցով շախմատիստներին։ Ճիշտ է, մրցաշարի կազմն այնքան էլ ուժեղ չէր, բայց թույլ խաղացողներ էլ չկային, յուրաքանչյուր հաղթանակ դժվարությամբ էր տրվում։

- Գիտեմ, որ նույն մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: Մեր մյուս տղաներից ի՞նչ արդյունքներ են հայտնի։

Լ.Բ․ - Ռադիկը շատ հասուն խաղ ցուցադրեց։ A խմբում լավ խաղաց ացախցի Դավիթ Բաղդասարյանը, ով 140 կետով բարձրացրեց իր վարկանիշը։ B խմբում էլ Կարո Սարգսյանը 80 կետով բարձրացրեց իր գործակիցը։

- Ռաշտում ընթանում է «Caspian cup»-ը, որի մասնակիցների թվում նաև դու ես։ Ի՞նչ արդյունքներ ես գրանցել մինչ հիմա, ընդհանրապես ի՞նչ նպատակներ ունես այս մրցաշարում։ 

Լ.Բ․ - Մեկնարկած 3 տուրից հետո 1 հաղթանակ ունեմ, գրանցել եմ 2 ոչ-ոքի։ Բնականաբար, յուրաքանչյուր մրցաշարում հանդես գալիս՝ նպատակս հաղթող ճանաչվելն է։