Բրատիսլավային ընդառաջ՝ դեպի Բաքու

Բրատիսլավային ընդառաջ՝ դեպի Բաքու

Դեկտեմբերի 2-3-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը կգտնվի Բաքվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալիեւին, բանակցություններ կվարի արտգործնախարար Մամեդյարովի հետ: Անոնսավորված թեմաների շարքում է նաեւ «ղարաբաղյան կարգավորման հեռանկարը»:

Ուշագրավ է, որ Լավրովը Բաքու է ուղեւորվում Երեւան այցից հետո, բայց՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդից առաջ, որտեղ ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Երեւանում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման: Այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց այն իմաստով, որ «չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, եւ բանակցությունների կողմ են Հայաստանը եւ Ադրբեջանը»: Ավելի բուռն էր փորձագիտական հանրության արձագանքը, շեշտը դրվում էր այն թեզի վրա, որ Լավրովն «իր երկրի պետական շահն ստորադասում է էթնիկ նախասիրություններին»՝ նկատել տալով, որ ՌԴ արտգործնախարարը ծագումով հայ է:

Շոշափվում էր անգամ Ռուսաստանի միջնորդության անաչառության խնդիրը: Հաջորդեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի մոսկովյան այցը, հանդիպումներն ՌԴ նախագահի, վարչապետի եւ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ: Եւ ահա անոնսավորվում է ՌԴ արտգործնախարարի ուղեւորությունը Բաքու: Կարելի է չկասկածել՝ Ադրբեջանի մայրաքաղաքում քննարկվելիք հարցերից կարեւորագույնը «ղարաբաղյան կարգավորման հեռանկարն» է լինելու: Լավրովի երեւանյան այցի շուրջ մեր հրապարակման հիմնական եզրակացությունն այն էր, որ եթե նա ԵԱՀԿ նախարարական խորհրդի գումարումից առաջ մեկնի Բաքու, ապա հնարավոր է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններում ինչ-որ նշանակետ ուրվագծվել է, մնում է դրանում համոզել Ադրբեջանին:

Մի մասով մեր ենթադրությունը, կարծես, իրականությանը մոտ է՝ Լավրովն ուղեւորվում է Բաքու: Խնդիրն այն է՝ նա քաջություն կունենա՞ Բաքվում կրկնել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության համապարփակ կարգավորման հնարավոր չէ հասնել: Եթե բանակցությունների ավարտին Լավրովը նման կամ դրան համարժեք միտք հնչեցնի, ուրեմն Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով բանակցություններից ինչ-որ սպասելիքներ կարելի է ունենալ: Ի դեպ, անոնսավորված է նաեւ, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Մամուլում կանխատեսում է արվել, թե հնարավոր է՝ Ալիեւը դիտորդի կարգավիճակով մասնակցի մինչեւ տարեվերջ անցկացվելիք՝ ԵԱՏՄ գագաթաժողովին: Այդ շրջանակներում ծրագրվու՞մ է Փաշինյան-Ալիեւ շփում՝ աղբյուրները չեն մանրամասնում: