Ընդդիմության, ՌԴ-ի, Արեւմուտքի «սրտով» չէ. իսկ ո՞ւմ է ձեռնտու Փաշինյանը

Ընդդիմության, ՌԴ-ի, Արեւմուտքի «սրտով» չէ. իսկ ո՞ւմ է ձեռնտու Փաշինյանը

Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության գործողությունները բխում են թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգից, հայաստանյան ընդդիմադիր ուժերը բազմիցս են նշել։ Իբրեւ փաստարկ՝ մատնանշվում են Փաշինյանի` «Արցախն Ադրբեջանի մաս» ճանաչելու մասին հայտարարությունները, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին խոսելը, ամեն գնով (անգամ տարածքային ու մարդկային կորուստների) խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրությունը, իշխանության ներկայացուցիչների՝ Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերությունների սերտացման մասին բացահայտ հայտարարությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը գերագնահատելը եւ այլն։
Հենց այս ամենն էր անցյալ տարի շեշտում Դիմադրության շարժման վերնախավը, երբ փողոց էր դուրս բերում ՀՀ քաղաքացիներին՝ բորբոքելով հասարակության ազգասիրական ու պահանջատիրական զգացումները։ Բայց, ինչպես ասում են, ընդդիմությունն իր «սուրը փառքով չդրեց պատյան», եւ եղավ այն, ինչ եղավ։ Ընդդիմությունն ԱԺ վերադարձավ, մեղմ ասած, առանց օրակարգի, ասել է թե՝ իշխանությունների պարտադրած օրակարգով՝ հարուցելով ժողովրդի ընդդիմադիր հատվածի հիասթափությունն ու դժգոհությունը։ Բայց խոսքն այս մասին չէ․․․ Բանն այն է, որ, հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ աշխարհաքաղաքական, պարզ է դառնում ՀՀ ներկայիս իշխանությունների վարքագծի էությունը։

Փաշինյանը Կրեմլի սրտով չէ

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը Կրեմլի սրտով չէ, շատ պարզ է։ Նախ վերաձեւակերպենք միտքը․ ինչպե՞ս է դրսեւորվում փաշինյանական ռեժիմի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ պատասխանն ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի փակման ու Արցախի տեւական պաշարման հարցում ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներից ունեցած դժգոհություններից մինչեւ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային՝ ՀԱՊԿ-ի ոչ արդյունավետ արձագանքի քննադատություն։ Կրեմլ-Երեւան «դիվանագիտական փոխհրաձգության»՝ ռուսական կողմի ամենաակտիվ ներկայացուցիչը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է, ով առիթը բաց չի թողնում «դասեր ու պարզաբանումներ տալու» հայկական կողմին՝ ի պատասխան ՀՀ-ից հնչող քննադատության ու տարակուսանքի։ Ռուսաստանյան փորձագիտական ազդեցիկ շրջանակները միանում են նրա կուրսին, ինչը վկայում է, որ Փաշինյանը Կրեմլի սրտով չէ։ Եվ դրա համար ՌԴ-ն ունի նաեւ այլ հիմնավորումներ, որոնք արտահայտել է նույն Զախարովայի ղեկավարը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իսկ նա հաճախ է պնդում, որ Արեւմուտքը ցանկանում է դուրս մղել Մոսկվային հարավկովկասյան տարածաշրջանից, այդ թվում՝ ՀՀ սահմաններ ուղարկելով դիտորդական առաքելություններ։ 

ՀԳ․ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանին պետք է Հայաստանի այնպիսի ղեկավար, որն ավելի ռուսամետ է՝ այդ իմաստով առավել սկզբունքային, գործնական ու վճռական։

Փաշինյանն Արեւմուտքի սրտով չէ 

Ռազմավարական դաշնակից Ռուսաստանին պարբերաբար քննադատող ՀՀ իշխանությունները, միեւնույն է, չեն ձերբազատվում Կրեմլի ազդեցությունից։ Փաշինյանը «Վլադիմիր Վլադիմիրովիչի» հետ հանդիպումներում մշտապես ընդգծում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, իսկ ներքին լսարանի համար նշում է, որ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունն ու առեւտրի ծավալը տնտեսական երկնիշ, գրեթե ռեկորդային ցուցանիշներ են գրանցել։ Արեւմուտքում գոհ չեն Փաշինյանից նաեւ այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները, շրջանցելով հակառուսական պատժամիջոցները, ՌԴ են առաքում տարբեր ապրանքներ եւ այդ մասին պարբերաբար խոսում են Արեւմուտքում։ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունն էլ, ըստ էության, որակական արդյունք՝ հօգուտ հայկական կողմի, չի գրանցել, քանի որ ՀՀ-ն, փաստացի, շարունակում է ապավինել ԼՂ-ում ռուս խաղաղապահներին՝ այդպիսով խանգարելով, որ արեւմտյան դաշնակիցներն առավել արդյունավետ գործեն տարածաշրջանում։

ՀԳ․ Հետեւապես կարելի է պնդել, որ հավաքական Արեւմուտքին պետք է Հայաստանի այնպիսի ղեկավար, որն ավելի արեւմտամետ է՝ այդ իմաստով առավել սկզբունքային, գործնական ու վճռական։

Իսկ ո՞ւմ է ձեռնտու Փաշինյանը

Ընդամենը արձանագրենք, թե ինչ ու ինչպիսի Հայաստան եւ Արցախ ունենք Փաշինյանի կառավարման տարիներին՝ պատերազմ, կապիտուլյացիա, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, հայրենազրկվածներ, տարածքային կորուստներ, անվտանգային ամենօրյա սպառնալիքներ, քայքայված տնտեսություն, հուսահատ հասարակություն ու այս ֆոնին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խոստումներ․․․

Արա Ալոյան