«Սառոչկա՞ն», թե՞ «դառոժկան» չէր համապատասխանում եթերին․ Գյումրիում քարոզարշավները հարթ չեն ընթանում

«Սառոչկա՞ն», թե՞ «դառոժկան» չէր համապատասխանում եթերին․ Գյումրիում քարոզարշավները հարթ չեն ընթանում

Հանրապետությունում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից, թերևս, ամենաթեժը Գյումրիում է սպասվում։ 10 քաղաքական ուժ հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության հասնելու պայքար է մղում։ Քաղաքում շուրջ 2500-ից ավելի նախընտրական գովազդային պաստառներ են, անգամ անհարմար տեղերում թեկնածուների լուսանկարներն են փակցված, տեղական հեռուստաընկերություններով քաղաքական ուժերի տարաբնույթ տեսահոլովակներն են։ Ինչևէ, կան քաղաքական ուժեր, որոնք այս օրերին բացահայտ դժգոհություն են արտահայտում՝ համարելով, որ քարոզարշավն անհավասար մրցակցությամբ է ընթանում։

«Թասիբով» դաշինքը գլխավորող Կարապետ Պողոսյանին վրդովեցրել է Հանրային հեռուստաընկերության պահվածքը։ «Մեկ շաբաթ է, ինչ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի օգտվենք օրենքով մեզ հատկացված եթերաժամից։ Մեր պատրաստած նյութերը տրամադրում էինք, որ եթեր գնա, անընդհատ մեզ ասում էին՝ լիազոր ներկայացուցիչը պարտադիր է, շարունակ ձգձգում էին, երեկ էլ պահանջեցին, որ ֆորմատ փոխենք, հետո ասացին, որ մեր տրամադրած տեսանյութը հատկացված ժամանակից ավել է, համաձայնեցինք վճարել։ Իսկ հետո մի աղջիկ զանգահարեց ինձ եւ շեշտեց․ «Ձեր վերնաշապիկը չի համապատասխանում մեր ֆորմատին», չնայած սպիտակ վերնաշապիկ էր՝ դրեսկոդի մեջ, այդ օրն էլ պարզվեց՝ սառոչկես չէր համապատասխանում իրենց»,-Hraparak.am-ին պատմեց Կարապետ Պողոսյանը։

Եվ, ինչպես ինքն է ասում, նյարդերն այլևս տեղի տվեցին, իրենց դաշինքը հայտարարեց, որ հրաժարվում է Հանրային հեռուստատեսության անվճար և վճարովի եթերներից։ «Քանի որ մեր դաշինքն արմատական ընդդիմություն է, ես սա համարում եմ ընդդիմադիրների նկատմամբ սադրանք։ Ի դեպ, իմ խոսակցությունը Հ1-ի հետ այդքանով չավարտվեց։ Ինձ զանգահարում է մի երևանցի ապերո, նշում է, թե հեռուստատեսությունից է, եւ ինչ խնդիր կա, ասում եմ՝ վերնաշապիկս են պատճառ բռնել, ինքը ցինիկ ձևով ծիծաղում է, ու էդտեղ իմ մեջ թասիբով գյումրեցին արթնացավ, էլ չասեմ․․․»։

Հանրային հեռուստաընկերությունը կատարվածի հետ կապված մեզ որևէ պարզաբանում չտրամադրեց, փոխարենը առաջարկեցին էլեկտրոնային հասցեին գրավոր հարցեր ուղարկել։ Ինչևէ, պատրաստ ենք լսել նաև հեռուստաընկերության մեկնաբանությունը։

Փորձեցինք նաև Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակից այլ քաղաքական ուժերից նույնպես պարզել՝ արդյոք նմանատիպ խոչընդոտի հանդիպե՞լ են, պարզվեց, որ հեռուստաընկերությունների հետ կապված սա առաջին դժգոհությունն էր, իսկ ահա  ընտրազանգվածի հետ հանդիպումներ կազմակերպելիս որոշակի տեխնիկական, կազմակերպչական խնդիրներ, ամեն դեպքում, առաջանում են, որոնց առանձին կանդրադառնանք։

Հ․ Գ․ Քիչ առաջ hraparak.am-ի հետ կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար  Աննա Օհանյանը՝ մեկնաբանելով եղելությունը․ «Հոլովակների տեխնիկակական պարամետրերը մեր աշխատակիցների կողմից ստուգվում են, որից հետո միայն եթեր ենք հեռարձակում, թեկնածուի տրամադրած տեսահոլովակները ստուգելուց հետո մեր աշխատակիցը կապվել է նրա հետ՝ տեղեկացնելով, որ  տեսանյութի դառոժկաները չեն համապատասխանում եթերին։ Մեր աշխատակիցը օգտագործել է հեռուստատեսության մեջ ընդունված ռուսական տերմին՝ դառոժկա, որը ձայնի հետ է կապված, խնդիրը ոչ թե սառոչկան է, այլ՝ դառոժկան»,-ասաց նա՝ հավելելով, որ տեսանյութերի բովանդակության մասին որևէ  քննարկում անգամ չի գնացել, քննարկվել է միայն տեխնիկական պահը։

Նշենք, որ մեզ հետ կրկին կապ հաստատեց նաև  քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը՝ պնդելով, որ Հ1-ից  իրեն մաքուր հայերենով են պատասխանել՝ ասելով․«Ձեր սպիտակ վերնաշապիկը չի համապատասխնում մեր ֆորմատին»։