Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանին

Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանին

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առաջնային մեղավորները հենց ռուսներն են, իսկ ավելի կոնկրետ ռուսական պրոպագանդիստական մամուլն ու կրեմլահպատակ փորձագետներն ու քաղաքական-հասարակական գործիչները, որոնք իրենց անհաշվենկատ մոտեցումներով ամեն ինչ անում են հակառուսական տրամադրությունների տարածման և էլ ավելի խորացման համար: 

Ռուսաստանի արդի քաղաքական ու փորձագիտական միջավայրը մեծամասամբ ժանգոտած, հետադիմական ու անսկզբունք զանգված է, որը մնացել է 20-րդ դարում: Իսկապես պետք է փաստենք, որ հանրությունների հետ աշխատելու ռուսների մոտեցումները չափազանց հին են ու ոչ արդյունավետ: Նրանք չեն հասկանում, որ սա «Վարշավյան» բլոկը չէ, ժամանակները փոխվել են և իրենք այլևս չեն կարող տանկերով ներխուժել Բուդապեշտ կամ էլ Պրահա:

Իրավիճակն այս մեզ ստիպում է ենթադրել, որ ռուսական փորձագիտական շրջանակները կարծես թե չեն ճանաչում Հայաստանը կամ էլ, համենայն դեպս, չեն կարողանում հասկանալ, թե ինչ տիպի պետության հետ գործ ունեն: Մոսկվայում առաջվա պես տիրապետող է այն տեսակետը, թե տնտեսական ճնշումների կամ էլ ռազմական աջակցության դադարեցման սպառնալիքներով հնարավոր է ծնկի բերել Հայաստանին, իհարկե «Եթե Ռուսաստանը չլինի, ապա Հայաստանը կոչնչանա» կեղծ ու արհեստական լոզունգի նվագակցությամբ: 

Փաստորեն ռուսական շրջանակները չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իրենք գործ ունեն եվրոպական մոդելի, ազգային ինքնիշխան պետության հետ, որի հետ փոխհարաբերություններում պետք է կիրառվեն ինդիվիդուալ հատուկ մոտեցումներ: Ինչ-որ մեկը ռուսներին պետք է բացատրի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները չեն կարող զարգանալ ճնշումների, ինչպես նաև երկաթի ու արյան սպառնալիքի համատեքստում: Սա այլևս 19-րդ դարի խեղճ ու կրակ, խոնարհված հայ ժողովուրդը չէ: Համանման մոտեցումները անարդյունք են ու անիմաստ: