Ինչո՞ւ համաձայնագիր կնքել, եթե Հայաստանն անվերջ նահանջում է իր տարածքում

Ինչո՞ւ համաձայնագիր կնքել, եթե Հայաստանն անվերջ նահանջում է իր տարածքում

Տեսակետ կա, որ հոկտեմբերի 12-ը վճռորոշ օր է։ Մոսկվայում երեկ կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը: Ակնհայտ է, որ տարածաշրջանային բոլոր խաղացողները, բացառությամբ Հայաստանի, շահագրգռված են գործընթացներին արագություն հաղորդելու հարցում։ 

Ինչո՞ւ են ուզում հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ գլուխ բերել։ Ադրբեջանը, որն ունի 44-օրյա պատերազմի հաղթանակի արդյունքները կապիտալիզացնելու խնդիր, շտապում է, որ հայերն ուշքի չգան, եւ, Աստված մի արասցե, Հայաստանում իշխանություն չփոխվի։ Թուրքիան նույն նկրտումներն ունի, գումարած մի պիկանտ հանգամանք. Ռեջեփ Թայիբ Էրդողանի առողջությունը չի ներում, նա շտապում է, նրան հազիվ մի վեց ամսվա կյանք են կանխատեսում։ Ոչ պաշտոնական տեղեկատվություն կա, որ Ռուսաստան այցի ժամանակ կորոնավիրուսային համավարակի շրջանակներում, դիվանագիտական արարողակարգերի շարքում նաեւ առողջապահական ընթացակարգեր են գործի դրվել, եւ Թուրքիայի նախագահի առողջության մասին հստակ տեղեկատվություն է ձեռք բերվել:

Թուրքիայի շտապողականության դրսեւորումներից էր, ի դեպ, նաեւ Էրոդողանի այն հայտարարությունը, որ իրենց «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով, եւ որ շուտով Անկարան ինքնուրույն կվերացնի այդ սպառնալիքը: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վերլուծել է իրավիճակը` իր էջում գրելով․ «Многоходовочка․ 1) Արցախում խաղաղ բնակիչ են սպանում, 2) Ռուսները ձերբակալում են սնայպերին, իբր պատժում են։ Հետեւաբար, իբր ռուսները խաղաղության գարանտ են։ 3) Իբր արեւմտամետները (ГРУ,ФСБ?) բողոքում են, որ Ամերիկան չի ապահովում մեր անվտանգությունը (լավ ե՞ք)։ 4) Թուրքիայի հետ սիրառատ բանակցող մյուս կեղծ արեւմտամետներն անում են իրենց մամուլով ռուսների գովքը: 5) Պղնձամոլիբդենն անցնում ա ռուսներին: 6) Սահմանն անցնում ա ռուսներին։ Իսկ վերջին շտրիխը` Մոսկվա է գնում նաեւ կաթողիկոսը։ Երեւի որ աղոթի ՀՀ ինքնիշխանության հուղարկավորության ժամանակ»։

Շտապում են բոլորը, բացի Փաշինյանից, որը, հավանաբար, իրական մտավախություններ ունի, թե չլինի այնպես ստացվի, որ «մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա»։ Երեկ նման տեղեկատվություն հայտնվեց համացանցում: Գուցե 2-րդ եւ 3-րդ նախագահների վերջին շրջանի ակտիվությունը ե՞ւս սրանով է բացատրվում։ Ամեն դեպքում, պաշտոնապես հաղորդվեց՝ Պուտին-Քոչարյան հանդիպման օրակարգում լինելու են Արցախի խնդիրը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ 

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ «քննարկվելու են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի փաստաթղթերի դետալները: Հետեւաբար, այս հանդիպումը վճռական քայլերից մեկը կլինի, առավել եւս, որ ԱՄՆ նախագահն ու Էրդողանը քննարկելու են Ղարաբաղի հարցը, եւ այդ մասին նույնպես կարծես թե պաշտոնական հաղորդագրություն կա։ Այսինքն՝ տեսնում ենք, որ բավականին ակտիվանում են, այդ թվում՝ նաեւ համաշխարհային ուժային կենտրոնները»։

Բաղդասարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վախենում է Ռուսաստանի ու Թուրքիայի արագացումից, այլ ավելի շատ՝ Հայաստանում ներքաղաքական ակտիվացումից։ Բայց չէ՞ որ 2020 թվականին մենք տեսանք, որ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կրիտիկական զանգված չհավաքվեց, իսկ 2021-ի հունիսին էլ Փաշինյանը մոտ 54 տոկոս ձայներով ընտրվեց, ուրեմն ինչո՞ւ են իշխանություններն այժմ վախենում փողոցից։ Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ որովհետեւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը համոզում էր, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախի հարցը լուծված կլինի, եւ նոր հնարավորություններ կբացվեն Հայաստանի համար, իսկ այս համաձայնագիրն ի ցույց է դնելու, որ խնդիրները մնում են նույնը, ավելին՝ դրանք խորացել են։

Ռուսաստանցի քաղաքագետներ Ստանիսլավ Տարասովն ու Մոդեստ Կոլերովը վերջին շրջանի Երեւան-Բաքու-Մոսկվա դիվանագիտական թրենդներին ու բառապաշարին հակասող կարծիքներ հայտնեցին։ Մոդեստ Կոլերովը հայտարարեց, որ ոչ մի խաղաղության համաձայնագիր էլ չի լինելու, իսկ Տարասովն ասաց՝ բոլորը խոսում են այդ խաղաղության համաձայնագրից, բայց ո՞վ է տեսել այն։ Կոլերով․ «Իմ համոզմամբ՝ խաղաղության համաձայնագիր չի կարող լինել, քանի որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են, եւ այս իրավիճակում անհնար է որեւէ լուծում։ Չի լինելու այդ համաձայնագիրը, եւ այն ակնկալելը միանգամայն անհիմն է։ Եթե տեսականորեն պատկերացնենք այսպիսի համաձայնագիր, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը շատ արագ նման համաձայնագիր կստորագրեն միայն այն դեպքում, եթե այն լինի Հայաստանի եւս մեկ, հիմա արդեն՝ վերջնական կապիտուլյացիա։ Դա չի լինի, ուրեմն համաձայնագիր էլ չի լինի»։ Մոդեստ Կոլերովը հավելեց՝ ինչո՞ւ կարգավորել հարաբերությունները, եթե Հայաստանն անվերջ նահանջում է մետր առ մետր իր տարածքում, ինքն էլ մետր առ մետր առաջ է գալիս։ Նա հայտարարեց նաեւ, որ Ադրբեջանը կամաց-կամաց իրագործելու է իր «Զանգեզուրի միջանցքը»։

Ստանիսլավ Տարասով․ «Հայ-ադրբեջանական համաձայնագիր` այս մասին խոսում են։ Դուք այն տեսե՞լ եք, ես՝ չէ։ Ես, ճիշտն ասած, դրան այդքան էլ չեմ հավատում, քանի որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանում»։ Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ ռուսական կողմին հաջողվել է Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի դետալները համաձայնեցնել` այնպես, որ դրանում չլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու կետ։ Ինչո՞ւ, որովհետեւ ՌԴ-ին դա ձեռք չի տալիս այն պարզ պատճառով, որ այդ դեպքում ռուս խաղաղապահների առաքելությունը Ստեփանակերտում այլեւս անիմաստ կլինի։ Առանց այն էլ Ադրբեջանը նրանց այդ մանդատը չի տվել։ Այս հարցին ի պատասխան՝ Ստանիսլավ Տարասովն ասաց՝ գիտեք, Ձեր ասածը վարկած է։ Ապա Տարասովը, հղում անելով ԵԱՀԿ ՄԽ-ի արեւմտյան հայտարարություններին, թե Մինսկի խմբի գործունեությունը պետք է վերսկսվի (ԱՄՆ-ն  պնդում է կարգավիճակի շուրջ), հայտարարեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ավելի բազմատարր ու բազմապրոֆիլ պետք է լինի։

Նրա խոսքով՝ «այլ բան է դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին շրջանակային համաձայնագիրը», որը ռուսաստանցի քաղաքագետը միանգամայն հավանական է համարում։ Նրա ամփոփմամբ՝ կախված նրանից, թե ինչ խմբագրման փաստաթուղթ է պատրաստվում, դրանից էլ կախված կլինեն կողմերի հետագա քայլերն ու հետագա սցենարները տարածաշրջանում։