Եկել, չեք եկել, արյան գին եք վճարում

Եկել, չեք եկել, արյան գին եք վճարում

Կառավարության նիստում 100 000-ական դրամ դրամական աջակցությունից, Արցախից բռնի տեղահանվածներից են մեծամեծերով խոսում․․․ Եվրոպայում էլ իբր թե զարմացել են, որ անտուն մարդ չկա։ Որ լրիվ սևավորվեին, տպավորությունն ավելի մեծ կլիներ։ Այստեղ են ասել՝ Դլե Յաման։ Եկել, չեք եկել, արյան գին եք վճարում։ Եկել, չեք եկել, տեղահանվածների տան ու արյան գինն եք վճարում։ Երբեմն մտածում եմ, որ ձեր այդ խմբին բերել են, որ մարդկանց տունն ու երեխեքին ձեռքներից առնեք, հետո մեծահոգաբար տնից ու զավակներից զրկվածներին եվրոպաներից տրված մի երկու կոպեկ տաք, որ սովից չմեռնեն։

Հետն էլ որդեկորույսներին զգուշացնեք՝ որ ձեզ խելոք չպահեք, էդ փողն էլ չենք տալու։ Իբր էդ փողը ձեր գրպանից եք տալիս, իբր ձեր տղայի ու տան արժեքը դա է։ 

Մեր գյուղում Հայրենական պատերազմում զոհվածի մի մայր կար։ Ասում էր՝ տղուս արյան փողն եմ ստանում։ Ասում էր՝ արյունը ուտել չի լինի։ Չէր ծախսում այդ փողը։ Ասում էր դա մահվան, արյան փող է ու հավաքում, պահում էր։ Տղաներին, որոնք բարձր պաշտոնների էին, ասել էր՝ ինձ էդ մահվան փողով կթաղեք։ Դա սև փող է, սև օրվա փող, դա ուրախության համար չեն ծախսի։

Հիմա զոհվածների ծնողներին, տեղահանվածներին օգնելու՞ց եք խոսում։ Հինգ տարվա մեջ արյան փողից բացի ուրիշ բան արե՞լ եք։ Հայ ժողովրդի կեսը արյան փող է ստանում։ Դուք էլ եվրոպաների տված արյան փողից եք մեծ-մեծ խոսում․․․ Ո՞նց էլ կարողանում եք այդքան սև փող բաժանել։ Գոնե մտածու՞մ եք, որ դուք այդ արյան պատճառն եք, որ արյունը գին չունի, որ դուք ի վիճակի չեք վարար գետերի պես թափած արյան համար վճարել․․․ Որ դուք ձեր գրպանից մի կոպեկի չափ էլ չեք օգնել մի նեղվածի, մի տնազուրկի, մի սգվորի․․․