Փաշինյանը չեղարկում է 2020 թվականի հայտարարությունը. ո՞ւմ է դա ձեռնտու

Փաշինյանը չեղարկում է 2020 թվականի հայտարարությունը. ո՞ւմ է դա ձեռնտու

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնք վերաբերում էին 2020 թվականին իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարմանը: Փաշինյանի երեկվա հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դե ֆակտո այլեւս չի գործում, չնայած դե յուրե այն չի չեղարկվել:

Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Նա Ադրբեջանի մեղադրանքներն անվանում է «սին ու հիմնազուրկ»: Խոսքը հայտարարության 9-րդ կետի այն հատվածի մասին է ըստ որի. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ադրբեջանցիները հղում են անում «անխոչընդոտ» բառի վրա՝ պնդելով, որ դա նշանակում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վրա չեն կարող լինել Հայաստանի սահմանային եւ մաքսային հսկողության ծառայություններ:

Հերքելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները՝ Փաշինյանն իր հերթին Ադրբեջանին եւ Ռուսաստանին է մեղադրում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: Ադրբեջանին մեղադրում է Լաչինի միջանցքը փակելու եւ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու մեջ, իսկ Ռուսաստանին՝ Լաչինի միջանցքում անխափան երթեւեկություն ապահովելու անկարողության մեջ:

Ադրբեջանի գործողությունների մասով Փաշինյանն ասում է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում: Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի, դեֆիցիտ է նկատվում»:

Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասով էլ ասում է. «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝  վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետեւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, եւ, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»:

Փաստացի Փաշինյանն ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի գործում, քանի որ կողմերը չեն կատարում հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունները, կամ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանում դրանք: Ավելի առաջ գնալով՝ Փաշինյանն առաջարկում է Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք խումբ: Ի՞նչ է` այդ փաստահավաք խումբը փոխարինելո՞ւ է ռուս խաղաղապահներին, թե՞ բացելու է Լաչինի միջանցքը:

Հայ-ադրբեջանական սահմանին էլ Եվրամիության փաստահավաք խումբ ուղարկվեց, եւ ի՞նչ եզրակացություն տվեց այդ փաստահավաք խումբը գործունեության արդյունքում. Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ հայկական տարածքների օկուպացիա՞ն արձանագրեց, թե՞ գրավված տարածքներն ազատագրեց: Արդյունքը եղավ այն, որ զգալով այդ խմբի անիմաստությունն ու անօգտակարությունը՝ Եվրամիությունն ինքը դադարեցրեց դրա գործունեությունը: Ասենք, նման մի անիմաստ առաքելություն էլ գործուղվեց Լաչինի միջանցք, որն արձանագրեց, որ ադրբեջանցիները փակել են միջանցքը եւ խոչընդոտում են մարդկանց եւ բեռների ազատ տեղաշարժը, իսկ ռուս խաղաղապահներն էլ պատշաճ չեն կատարում իրենց առաքելությունը:

Ինչո՞վ է դա թեթեւացնելու արցախցիների վիճակը կամ որքանո՞վ է օգնելու միջանցքի ապաշրջափակմանը: Կամ, ենթադրենք, ռուսները լավ չեն կատարում իրենց պարտականությունը եւ այն ձախողված համարելով` լքում են Լաչինի միջանցքն էլ, Արցախն էլ. Փաշինյանն ի՞նքն է ավելի լավ ապահովելու, թե՞ իր խմբակցության պատգամավորներն ու նախարարները: Ի՞նչ իմաստ ռուսներից բողոքելուց, երբ գիտես, որ դրա այլընտրանքը չկա, որ դրա այլընտրանքն Արցախի հերթական եւ վերջնական հայաթափումն ու հայրենազրկումն է: 

Իրականությունն այն է, որ Փաշինյանն իր իշխանության անօգնականությունը եւ անօգտակարության մեղքն ուզում է բարդել այլոց վրա, ինչպես արել է պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Ադրբեջանցիներն են պատասխանատու միջանցքը փակելու համար, ռուսներն են մեղավոր, որ չեն կարողանում ապահովել միջանցքի անխափան գործունեությունը, ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն թող գան եւ արձանագրեն, որ ճանապարհը փակ է: Ինքը կամ իր իշխանությունն ի՞նչ կարող են անել. մեծ հաշվով` ոչ մի բան: Ինչ կարողանում` անում են. տոնածառ են տեղադրում եւ զարդարում, Հանրապետության հրապարակն են լուսավորում, կառավարության նիստեր է վարում. պաշտոնյաների է նշանակում եւ ազատում, սուբվենցիոն ծրագրերի համար գումարներ է տրամադրում եւ նման այլ բազմաթիվ «կարեւոր» գործերով է զբաղվում: Ինչ վերաբերում է երկրի պաշտպանությանը, քաղաքացիների անվտանգության ապահովմանը, արտաքին քաղաքականությանը` դրանով թող զբաղվեն ռուսները, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կամ ով ուզում է, ի վերջո, ով գլուխ հանում է: Փաշինյանը պետության ղեկավար չէ, բայց զավխոզ կարող էր աշխատել: Իհարկե, շատ վատ կաշխատեր, իրեն վստահված տնտեսությունը կկործաներ, բայց գոնե կորուստները նման մասշտաբի չէին լինի:

Ավետիս Բաբաջանյան