Ադրբեջանն է խախտել Anglo Asian Mining Plc-ի իրավունքները

Ադրբեջանն է խախտել Anglo Asian Mining Plc-ի իրավունքները

Այս տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի ֆեյք բնապահպանները փակեցին Արցախն ու Հայաստանը կապող միակ կենսական ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Պահանջը հետեւյալն էր՝ թույլ տալ մտնել Մարտակերտում գտնվող Կաշենի հանքավայր։ Հետաքրքիրն այն է, որ հանքի շահագործման իրավունքները ձեռք է բերել, այսպես կոչված, Anglo Asian Mining Plc ընկերությունը, որը գրանցված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, սակայն գործունեության վայրն Ադրբեջանն է, իսկ գլխավոր գրասենյակը Բաքվում է։

«Հրապարակի» հետ զրույցում իրավաբան Հայկ Ալումյանը մեր հարցին, թե արդյոք երրորդ երկիրը կարո՞ղ է մեկ այլ երկրի տարածքում գտնվող հանքի շահագործման իրավունքները վաճառել մի չորրորդ երկրում գրանցված ինչ-որ հանքարդյունաբերական ընկերության, ասաց, որ դա ավելի շատ քաղաքական հարց է, քան իրավական:

«Իրավական տեսակետից մենք չենք ճանաչում Արցախը ո՛չ Հայաստանի մաս, ո՛չ Ադրբեջանի մաս: Մեր պաշտոնական տեսակետը դեռ այն է, որ Ադրբեջանն իրավունք չունի իրենց չպատկանող տարածքում, այն է` Ադրբեջանի տարածքում, որոշումներ կայացնել: Բայց այդ տեսակետը ոչ բոլոր երկրներն են կիսում՝ սա ավելի շատ քաղաքական հարց է, քան՝ իրավական»,-ասաց Ալումյանը:
Մեր հարցին, թե արդյոք միջազգային պրակտիկայում այդպիսի նախադեպ կա՞, երբ թեկուզ Արցախի նման հիմնախնդիր ունեցող տարածքներում գտնվող հանքի շահագործման իրավունքները վաճառվեն մեկ այլ պետության պատկանող ընկերության, ասաց, որ տեղյակ չէ՝ նման միջադեպ կա՞, թե՞ ոչ, սակայն ամբողջ խնդիրն իրականում հանգում է մի բանի՝ ով Արցախն Ադրբեջանի մաս է համարում, նա էլ համարում է, որ Ադրբեջանն իրավունք ուներ այդ հանքի շահագործման իրավունքները տրամադրել օգտագործման:

«Ով համարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կազմում, նա համարում է, որ Ադրբեջանն իրավունք չուներ այդ հանքը տնօրինել»,- շեշտեց իրավաբանը:

Եթե Anglo Asian Mining Plc ընկերությունը դիմի միջազգային դատարան, արդյոք դատարանը հայցը կընդունի՞։ Ալումյանն ասաց, որ, համենայնդեպս, չի բացառում համապատասխան միջազգային վեճի հնարավորություն: Նաեւ շեշտեց, որ եթե իրավիճակը դիտարկենք այդ կազմակերպության տեսանկյունից, ապա Ադրբեջանն է նրանց իրավունքները խախտել, եթե Ադրբեջանն է իրենց հանքարդյունաբերական իրավունք տրամադրել, ապա հենց Ադրբեջանին պիտի դատի տան, որովհետեւ չի ապահովել համապատասխան հնարավորությունները:

Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե միջազգային իրավունքի տեսանկյունից որքանով է վտանգավոր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրաձայնվող սպառնալիքն այն մասին, որ միջազգային դատարանում փոխհատուցում են պահանջելու՝ հայկական կողմից հանքարդյունաբերության ոլորտում ստացված շահերի, արդյունահանված հանքանյութի դիմաց, շրջանառելով 70 մլրդ-ի թեզը, ասաց, որ դա եւս ավելի շատ քաղաքական հարց է:
«Ամեն ինչից հասկացվում է, որ ամեն զիջումից հետո նոր պահանջներ են լինելու՝ սահմանագիծ չկա, որից հետո պահանջները դադարելու են: Պահանջներից մեկն էլ, բնականաբար, այդ 70 մլրդ-ի պահանջն է, իհարկե, դրա դեմ շատ հիմնավոր առարկություններ ներկայացնելու հիմքեր կան, բայց, ինչպեսեւ մնացած պահանջները, ոնց որ թե լուրջ դիմադրության չեն հանդիպում, ես վախենում եմ, որ այս պահանջն էլ լուրջ դիմադրության չհանդիպի»,- շեշտեց Ալումյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյոք քաղաքական շահերի բախումը չի՞ ազդի միջազգային դատարանի կայացրած որոշման վրա, Ալումյանը նշեց, որ իրավական ոլորտի լուրջ կառույցներն աշխատում են քաղաքականությունն ու իրավունքը զատել իրարից, սակայն նրանք, ովքեր որոշում են՝ դատի տալ կամ չտալ, քաղաքական որոշումներ են կայացնում: