Անիմաստ աղմուկ են բարձրացնում, թե բուհերը տարան քանդեցին

Անիմաստ աղմուկ են բարձրացնում, թե բուհերը տարան քանդեցին

ԿԳՄՍ նախարարությունն «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ու դրա հիմնական սկզբունքներն օրերս ներկայացրել է նաեւ ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին։ Անդրադառնալով միջպետական բուհերի հետագա գործունեությանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին առաջարկել է իրենց գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում:

«Ստեղծվելու է ենթակառուցվածք, որն իր որակով, բազմազանությամբ եւ հասանելիությամբ շատ ավելի գրավիչ կլինի բարձրագույն կրթության ու հետազոտության կազմակերպման համար: Նմանօրինակ միջավայրի առկայության պարագայում, վստահ ենք, բուհերն իրենք կցանկանան քաղաքում տեղ գտնել: Կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաեւ միջպետական բուհերի ընդլայնման եւ հետագա զարգացման համար: Ընդ որում, ակադեմիական քաղաքի՝ ամբողջ ծավալով գործելու համար երկարատեւ ժամանակ է անհրաժեշտ»,- մասնավորապես ասել է Ժաննա Անդրեասյանը՝ միջպետական բուհերի ռեկտորներին առաջարկելով, ծրագրի հետ կապված, ներկայացնել դիտարկումներ եւ առաջարկներ:

Հիշեցնենք, որ, համաձայն «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, «Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհեր եւ մինչեւ 8 մասնավոր կամ միջազգային բուհեր»։
Քննարկմանը մասնակցած Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանից հետաքրքրվեցինք, թե միջազգային մասնավոր բուհերը ե՞ւս խոշարացվելու են եւ տեղափոխվեն ակադեմիական քաղաք։ «Միջազգային բուհերի հետ կապված՝ նման խնդիր դրված չէ։ Մեզ դա չի վերաբերում․ ըստ ցանկության, եթե որեւէ բուհ ցանկանում է, բայց, օրինակ, Ամերիկյանը հաստատ չի ցանկանում, մենք էլ չենք կարող, որովհետեւ մեծ ներդրումներ ենք արել։ Սակայն չեմ բացառում, որ մենք այնտեղ ինչ-որ մասնաճյուղ կունենանք, ենթադրենք՝ ինչ-որ մի մասնաշենք՝ տեխնոլոգիական կլաստեր, այդպիսի մի բան, քանի որ մեզ արվել է առաջարկություն, որը համարում եմ շատ գայթակղիչ, եւ չի բացառվում, որ տեսանելի ապագայում մենք նման որոշում կայացնենք՝ ինչ-որ մասնաշենք կամ լաբորատորիա այնտեղ ունենալու, բայց ամբողջությամբ չենք տեղափոխվելու, այդպիսի թեմա նույնիսկ չի քննարկվում, որովհետեւ միջազգային բուհերը սպեցիֆիկ են»։

Այսինքն՝ նախարարից ստացել են հավաստիացումներ, որ չեն խոշորացվելու եւ չեն տեղափոխվելու ակադեմիական քաղաք։ «Այո»,- ասում է Է․ Սանդոյանն ու շտապում ընդգծել, որ «անիմաստ շահարկումներ» են արվում ակադեմիական քաղաքի շուրջ․ «Անիմաստ աղմուկ են բարձրացնում, շատերը շահարկում են․․․, իրականում սա շատ ավելի կոնստրուկտիվ, շատ ավելի նուրբ խնդիր է․․․»։

Ի՞նչ նկատի ունի՝ անիմաստ աղմուկ ասելով։ «Դե, որ շահարկում են, ասում են՝ տարան քանդեցին․․․։ Նման բան չկա, նորմալ գործընթաց է գնում, շատ բարձր պրոֆեսիոնալիզմով, այդ թվում՝ օտարերկրյա խորհրդատուների ներգրավմամբ աշխատանք է գնում, տեսնենք ինչով կավարտվի․․․»։  

Իրատեսակա՞ն է համարում ծրագրի ժամկետները։ «Չգիտեմ, որովհետեւ մանրամասն չեմ տիրապետում, բայց ինքը՝ գաղափարը, հետաքրքիր է․․․,- ասում է Սանդոյանն ու նշում, որ համաձայն է վարչապետի այն մտքին, որ 60 բուհը շատ է մեզ։- Իհարկե շատ է, ուղղակի բոլոր երկրներում ինչ-որ փուլեր եղել են՝ կրթության որակի բարելավման, բարձրացման, միջազգային չափորոշիչների ներդրման հետ կապված։ Մենք հիմա բավականին արագ գործընթաց ունենք, շատ լավ պրոցես է գնում, եթե այդ պահանջները ներկայացվեն, շատ բուհեր կարող են չտեղավորվել այդ պահանջների ներքո։ Եվ խոսքը շենքայինի մասին չէ, դա վերջին հարցն է, շատ ավելի կարեւոր է կոնտենտը՝ ուսումնական ծրագրեր, դասախոսական կազմ, լաբորատորիաներ եւ այլն, վերջում՝ նոր շենքային խնդիրներ»։

Բայց մեր կառավարությունը ոչ թե «կոնտենտից» է սկսել, այլ՝ վերջից՝ շենքային խնդիրներից, որովհետեւ, նախ, ուզում է խոշորացնել բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, դրանց շենքերը տալ վարձակալության, որ նոր հետո այդ գումարներն ուղղի ակադեմիական քաղաքի կառուցմանը, մինչդեռ ճիշտ չէ՞ր լինի, որ հակառակ տրամաբանությամբ գործեր, որ այս ընթացքում բուհական եւ ակադեմիական համակարգն էլ չսասանվեր։ «Ես այդպես չեմ կարծում, մինչեւ այս պահը որեւէ բուհ միաձուլվե՞լ է որեւէ այլ բուհի հետ․․․ քննարկումներ են գնում, իսկ քննարկումը վատ բան չէ, մարդիկ փնտրում են լավագույն լուծումները, ի՞նչ վատ բան կա դրա մեջ․․․»։
Այն, որ ակադեմիական քաղաքը հանրության շրջանում արդեն «Նյու Վասյուկի» անունն է ստացել, դուր չեկավ Սանդոյանին․ «Մի քաղաքականացրեք, ինձ էլ մի ներգրավեք այդ բաների մեջ․․․»։

2 տարի շարունակ ոլորտի մասնագետները, գիտնականներն ահազանգում են, որ այս մեգածրագրի շրջանակներում ոչ թե կբարելավվի, այլ կքանդվի բուհական եւ ակադեմիական համակարգը։ Այս դիտարկման առնչությամբ եւս Սանդոյանը հանդիմանեց մեզ․ «Մեր հասարակությունը վաղուց է փչացել, մեզանում մշակույթ է դարձել քննարկել այն, ինչի մասին մենք տեղեկացված չենք, հիմա ասում եք՝ ինչ-որ դասախոս ինչ-որ բան է ասել, Դուք հարցրե՞լ եք՝ այդ դասախոսը տեղյա՞կ է, թե ինչի մասին է խոսքը գնում, իհարկե՝ ոչ, դրա համար խորհուրդ եմ տալիս դիմել կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության մասնագետներին, բոլոր հարցերի պատասխանները կստանաք եւ կհանգստանաք․․․ իրականում ոչ մի արտառոց, բացասական բան տեղի չի ունենում, իսկ կհասցնեն, թե չեն հասցնի՝ չեմ կարող ասել, որովհետեւ ծրագրին պետք է մանրակրկիտ ծանոթանաս, որ նոր կարողանաս քննարկել»։

Հիմա առանց ծրագրին մանրակրկիտ ծանոթանալու ո՞նց է քննարկում ու քննադատում մյուսներին, ինչո՞վ է վստահ, որ այս ծրագիրն իրագործվելու է։ «Գաղափարը եւ այդ փուլերը, որոնք արդեն նկարագրված են, նաեւ՝ մոտեցումները, շատ հետաքրքիր են։ Ես չեմ էլ ուզում քննարկել դրանց ռիսկերը, որովհետեւ մանրուքներ, նյուանսներ կան, որոնց տեղեկացված չեմ»։

Վերջում հավելենք միայն, որ եթե միջպետական բուհերը եւս ենթարկվեին կառավարության՝ խոշորացման եւ 17-րդ թաղամաս տեղափոխվելու ծրագրին, սլավոնականի ռեկտորը գուցե այսպիսի համոզվածությամբ չպաշտպաներ ակադեմիական քաղաքի գաղափարը, որի շատ «նյուանսներից» տեղյակ չէ։