Ծանր վիճակում չորս հիվանդ կա, որոնց պետք է շտապ Հայաստան տեղափոխել

Ծանր վիճակում չորս հիվանդ կա, որոնց պետք է շտապ Հայաստան տեղափոխել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

- Դուք տևական ժամանակ է բնակություն եք հաստատել Արցախում: Մի փոքր պատմեք, թե այժմ Արցախում ինչ իրավիճակ է, մարդիկ ի՞նչ տրամադրություն ունեն, վերջապես ինչի՞ կարիք ունեն…

- Արցախցիները սպասողական վիճակում են, բայց, փառք Աստծո, չկա խուճապ: Մարդիկ իրավիճակը կարողանում են ճիշտ գնահատել: Այս պահին խնդիր կա բուժհաստատություններում: Ծանր վիճակում կա չորս հիվանդ, որոնց պետք է շտապ Հայաստան տեղափոխեն: Այդ խնդիրն այսօր շատ լուրջ է, մարդկանց պետք է հասցնեն հիվանդանոց, ցուցաբերվի հումանիտար աջակցություն: Կա դեղորայքի հետ կապված լրջագույն խնդիր: Դեղորայքի պաշարները քիչ են, մեկ շաբաթից գուցե ընդհանրապես դեղորայք չլինի Արցախում: Այս փակված վիճակը լուրջ խնդիր է առաջացնում: Ոչ մեկը չգիտի ինչքան ենք մնալու փակված և ինչ է լինելու: Բնականաբար բժիշկը մշտապես պարտավոր է իր աշխատանքն անել, սակայն հարց է առաջանում ինչպե՞ս:

- Այսօր Արցախը նորից անօգնական է: Հայաստանի իշխանություններն ինչո՞վ են զբաղված:

- Հայաստանի իշխանությունները ոչ մի բանով զբաղված չեն: Կարծում եմ` սա բոլորիս համար է տեսանելի: Անում են այն, ինչ ցանկանում են, այս պարագայում ոչինչ անել չեն ցանկանում:

- Արցախցիներն ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի իշխանություններից, կամ առհասարակ ունե՞ն սպասելիքներ:

- Հայաստանի իշխանություններից այլևս Արցախում որևէ սպասելիք չունեն, սակայն բոլորն են գիտակցում, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են, որպես պայմանագրեր ստորագրող և այս մարդկանց նման վիճակի մեջ գցող, գտնեն հարցի հնարավոր բոլոր լուծումները: Ի՞նչ ակնկալիք պետք է ունենա արցախցին Հայաստանից իշխանություններից, երբ նոյեմբերի 9-ի պայմանագրով ձեռքերը լվացին այս մարդիկ և քաշվեցին մի կողմ, ամեն օր խոսելով այն մասին, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Հայաստանի պատգամավորն ասում է` արցախցին թող գնա իր հարցերը լուծի: Այս մարդիկ նման իշխանություններից ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենան: