Վիգեն Քոչարյանը վրդովվում է ոչ թե հակահայ հրահանգներ կատարելուց, այլ լրագրողների հարցերից

Վիգեն Քոչարյանը վրդովվում է ոչ թե հակահայ հրահանգներ կատարելուց, այլ լրագրողների հարցերից

Վերջին շրջանում տարբեր աղբյուրներ տեղեկություններ են տարածում, որ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը փոխելու պահանջը ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից է, այլեւ հավաքական Արեւմուտքն է շահագրգիռ։ Մեր թշնամու կարծիքով՝ եթե Սահմանադրությունում հղում չարվի Անկախության հռչակագրին, վերջնականապես կփակվի Արցախի էջը եւ ռեւանշի հնարավորությունը: Իրենք թղթի վրա կամրագրեն Արցախի «նվաճումը» եւ կփակեն Ցեղասպանության պահանջատիրության հարցը: Սակայն Արեւմուտքի նպատակն այլ է` որ Փաշինյանը Մայր օրենքով ամրագրի Ռուսաստանի՝ Հայաստանից հեռացումը, մի բան, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի խոստանում է Արեւմուտքին, բայց  այդպես էլ  վերջականապես չի խզում կապը Ռուսաստանի հետ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու որոշումների տեսքով։ 

Ըստ տարբեր աղբյուրների՝ Արևմուտքը պահանջում է նոր սահմանադրության մեջ ոչ միայն բավարարել Ալիևի պահանջը (չեղարկել անկախության հռչակագիրը), այլև դրույթ ավելացնել, համաձայն որի ՀՀ-ն իրեն հռչակում է «չեզոք երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր»: Այսինքն՝  պահանջում է սահմանադրորեն ամրագրել ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալը և ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններին կանգնած ՌԴ սահմանապահների դուրս բերումը Հայաստանից: Հակառակ դեպքում, Արեւմուտքը չի երաշխավորի իշխանության անձեռնմխելիությունը: 

Հիշեցնենք, որ Արեւմուտքի պարտադրանքով`  Նիկոլ Փաշինյանը 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, քանի որ ՀՀ վարչապետին խոստացել էին, որ դրանից հետո կստիպեն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Հայաստանի ամբողջականությունը եւ որպես երաշխիք էլ՝ եվրոպացի դիտորդներին ուղարկեցին Հայաստան, որ Ադրբեջանի սահմանին կանգնեն: Իսկ դրա դիմաց Փաշինյանը ոչ միայն Արցախը պետք է Ադրբեջանին նվիրեր, այլեւ Ռուսաստանին դուրս մղեր Հայաստանից։ Սակայն Արցախը ստանալուց հետո Ադրբեջանը «քցեց» Արեւմուտքին, իսկ հիմա պահանջում է Փաշինյանից Սահմանադրությունը փոխելու միջոցով ամրագրել Արցախի կորուստը։ 
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին հարցրեցինք՝ քննարկվե՞լ է արդյոք նման առաջարկ, որ նոր Սահմանադրության մեջ առաջարկեն դրույթ ավելացնել, համաձայն որի ՀՀ-ն իրեն հռչակում է չեզոք երկիր, որի տարածքում չեն կարող մշտական հիմունքներով գտնվել օտարերկրյա զինված ուժեր։ Հիշեցնենք, որ շաբաթեր առաջ հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը գրեթե պատրաստ է, սակայն դեռ որոշակի աշխատանքներ են տարվում` վերջնական տարբերակը պատրաստ կլինի ավելի ուշ: Թե երբ,` ժամկետներ չեն նշում:

«Չի քննարկվել նման դրույթ, այն, ինչ քննարկվել է խորհրդում, հրապարակային է, նիստերի տեսագրությունները կան, հանրային են եւ կարող եք ստուգել ու համոզվել», ասաց Վիգեն Քոչարյանը։ Հարցրեցինք, քանի որ հայեցակարգը դեռ վերջնական չէ, հնարավո՞ր է, որ նմանատիպ դրույթ ամրագրվի նոր Սահմանադրության մեջ․ «Տեսականորեն կան Սահմանադրություններ, որոնք նման դրույթներ սահմանում են, բայց, կրկնում եմ՝ մեր սահմանադրական խորհրդում նման բան չի քննարկվել», ասաց Քոչարյանը` հավելելով, որ ցանկացած պետություն ինքն է նման նպատակահարմարության մասին որոշում կայացնում։ Հարցրեցինք՝ ինքն իբրեւ սահմանադրական փոփոխությունների գործընթացում ներգրավված մասնագետ, որ շոշափել է բոլորի տրամադրությունները, բացառո՞ւմ է, որ նման դրույթ տեղ կգտնի մեր Սահմանադրության նախագծի վերջին տարբերակում․ «Ես ոչինչ չեմ կարծում, որովհետեւ այդ բոլոր խնդիրները` եթե կան, պետք է քննվեն ու ոչ միայն ժողովրդի, այլ ավելի լայն շրջանակներում, բայց էլի եմ կրկնում, այս պահին նման հարց  չկա օրակարգում»։

Թե ինչ նկատի ունի ասելով, թե նման հարցերը պետք է քննարկվեն ոչ միայն ժողովրդի, այլ ավելի լայն շրջանակներում, Քոչարյանը ոչ միայն հարցին չպատասխանեց, այլեւ հունից դուրս եկավ, թե` ի՞նչ իմաստ ունի հիպոթետիկ պնդումներ առաջ տանել․ «Ես ձեզ ասում եմ, որ նման բան չենք քննարկել, դուք հիմա ինձնից ինչ-որ բան եք ուզում քաղել, որ հետո վերնագիր դնեք նյութի, ես չեմ հասկանում` ի՞նչ եք ուզում դուք անել, չի կարելի», վրդովված գրեթե բղավում էր Քոչարյանը, հետո անցավ ուլտիմատումի` ասաց, որ  ինձ իրավունք է տալիս իր հետ զրույցից գրել  բացառապես հետեւյալը․ «Նման բան հանձնաժողովը չի քննարկել, վերջակետ»։ 

Իսկ քննարկե՞լ են Անկախության հռչակագրին հղում չտալու հարցը եւ ո՞րն է իր կարծիքն այս հարցում, Քոչարյանը խուսանավեց հարցին պատասխանել, բայց իր սեփական կարծիքով փորձեց ցույց տալ, որ եթե նման բան լինի, ապա մեծ ողբերգության չենք բախվի, քանի որ աշխարհի տասնյակ Սահմանադրություններ նախաբան էլ չունեն․ «Աշխարհում գոյություն ունի 54 պետություն, որոնց Սահմանադրություններում ընդհանրապես նախաբան էլ չկա, դրա առկայությունը կամ բացակայությունը որեւէ կերպ պետության կարգավիճակի վրա չի ազդում»: Մեր դեպքում ազդելու է, թերեւս հենց այդ պատճառով էլ  հռչակագրի կետերից մեկը հենց այն մասին է, որ «Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»: «Ես այդ հարցը հատուկ չեմ ուսումնասիրել եւ հիմա պատրաստ չեմ ձեր հարցին պատասխանել»,- ասաց Քոչարյանը։