ԿԳՄՍՆ-ն «Գոյ»-ից պահանջում է հետին թվով ստորագրել միացման պայմանագիրը

ԿԳՄՍՆ-ն «Գոյ»-ից պահանջում է հետին թվով ստորագրել միացման պայմանագիրը

Այս տարվա գարնանը ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»: 

Կառավարության այս որոշումը «Գոյ» թատրոնն արդեն մի քանի ամիս է` վիճարկում է դատարանում, բայց դեռ վճիռ չկա: Այդուհանդերձ, ինչպես ընդգծում է տնօրենի պարտականությունները կատարող, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, «ԿԳՄՍ նախարարությունից մեզ, այսպես ասած, ստիպում են կամ պահանջում են ստորագրել փոխանցման ակտը եւ միացման պայմանագիրը՝ հետին թվով (30․06․2023թ.), որը հարցականի տակ կդնի մեր թատրոնի հետագա գոյությունը»։

Նախարարությունն ունի՞ նման լծակ` ստիպելու, այն էլ հետին թվով պահանջելու պայմանագիրը ստորագրել։ «Դե, որպես վերադաս ասում է` ստորագրեք փոխանցման ակտն ու միացման պայմանագիրը, քանի որ գործողություններն արդեն մեկնարկել էին մինչեւ մեր՝ դատարան մտնելը: Երբ արդեն մեր հայցը տվեցինք, օրենքի ուժով կասեցվեց այդ հանձնումն ու ընդունումը, այսինքն՝ եկավ հասավ հունիսի 30-ին ու ստոպ եղավ: Բայց այդ ստոպից հետո մենք աշխատել ենք, ու, ենթադրենք, եթե գույք է եղել, օրինակ՝ 6 հատ աթոռ, հիմա դարձել է 12 աթոռ, հիմա դա ակտի մեջ պե՞տք է ավելանա, թե՞ չավելանա։ Դրանից հետո բյուջեում են եղել նաեւ փոփոխություններ եւ այլն, եւ այլն, ու տրամաբանորեն չէ ուղղակի այդ թվի ցուցանիշների տակ ստորագրել: Գումարած դրան՝ դա օրենքի խախտում է․ նոյեմբերին ստորագրես, որ հունիսին հանձնել ես, այսինքն՝ մենք իզուր ենք դատի տվել, կամ էլ ստացվում է` ի՞նչն ենք դատի տվել, եթե մենք հունիսի 30-ին հանձնել ենք ամեն ինչ: Դրա համար անտրամաբանական է այս մոտեցումը, եւ չի կարելի հետին թվով փաստաթուղթ ստորագրել։ 2-րդ` անտրամաբանական է, որովհետեւ մենք աշխատել ենք, մեր բյուջե մտել են ֆինանսներ, մենք ունեցել ենք նոր ներկայացումներ, գույք է ավելացել ..., ավելին` օրեր առաջ էլ փոխանցել են, որ եթե չստորագրենք, միջոցներ կկիրառեն, այսինքն՝ սպառնում են մեզ... ի՞նչ միջոցներ պետք է կիրառեք, ինչ է՝ մեր ձեռքը պետք է բռնեն ու ստորագրե՞լ տան: Մենք որեւէ խախտում չենք անում, միայն ասում ենք, որ հետին թվով որեւէ փաստաթուղթ չենք կարող ստորագրել եւ դրա իրավունքն ունենք»,- ընդգծում է Ս. Արզումանյանն ու համոզմունք հայտնում, որ այս գործը կավարտվի հօգուտ հանդիսատեսի: 

Մի հանգամանք եւս, որը մատնանշում է զրուցակիցս․ դատական գործը վարչական դատարանում էր, բայց դատավորի որոշմամբ գործը վարչական դատարանից գնացել է քաղաքացիական դատարան։ «Ակնհայտ պայմանավորվածություն էր, քանի որ երբ վարչական դատարանում է, ինքն օրենքի ուժով կասեցնում է այդ ընդունումն ու հանձնումը, երբ տեղափոխվում է քաղաքացիական, այստեղ փոփոխվում է, եւ արդեն կարող է լինել ընդունում-հանձնում, եթե մենք չտանք միջնորդություն: Հիմա վարչականը փոխանցել է քաղաքացիական, բայց քաղաքացիականը դեռ չի վերցրել վարույթ»,- նշում է Ս. Արզումանյանն ու «Գոյի» ստեղծման օրը` դեկտեմբերի 8-ին, ժամը 13.00-ին թատրոնի հոբելյանական 35-ամյակը նշելու փոխարեն հրավիրում բաց քննարկում` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մասնավորապես նշելով Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին եւ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին: