Մարդը մեկ օրվա ընթացքում իրարից 180 աստիճան տարբեր հայտարարություններ է անում

Մարդը մեկ օրվա ընթացքում իրարից 180 աստիճան տարբեր հայտարարություններ է անում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը շատ հագեցած է որակում։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, բոլոր ոլորտներում։ Չնայած առաջին հայացքից Լավրովի այս ջերմ հայտարարություններին, նա մի շարք խնդրահարույց հայտարարություններ և ակնարկներ է արել Արցախի մասին: Վերջինս ակնարկել է Ադրբեջանի հետ Արցախն ինտեգրելու պրոցեսի մասին, ապա ասել է, որ Մոսկվան պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն հենց Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև։ Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

- Մարտի 20-ին տեղի ունեցավ Լավրով-Միրզոյան հանդիպումը: Հանդիպման առանցքը ո՞րն էր: Լավրովը մի շարք հայտարարություններ արեց Ղարաբաղի մասին, անգամ Ղարբաղը համեմատեց Ուկրաինայի հետ, նշելով, որ Ուկրաինայի արևելյան հատվածը ևս պետք է ունենա մայրենի լեզվի կիրառման իրավունք:

- Մինչ Սերգեյ Լավրովի հայտարարությունները վերլուծելը,եկեք հասկանանք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության տեսակետը Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Հայաստանն ունի խիստ լղոզված տեսակետ, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանն իր ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցից: Ոչ Բլինքենը, ոչ էլ Լավրովը չեն կարող հայերից ավելի շատ հայ լինել, չեն կարող պաշտոնական Երևանից ավելի հայանպաստ դիրքորոշում ունենալ: Այդպես չի կարող լինել: Լավրովից, Պուտինից, Բայդենից կամ այլ մեկից նման բան ակնկալելն առնվազն անմեղսունակություն է: Որպեսզի մեր խնդիրները կարողանանք լուծել, նախ պետք է լուծենք մեր ներսի խնդիրը: Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում իրարից լրիվ տարբեր ելույթներ է ունենում` առավոտյան այլ, երեկոյան՝ այլ: Մարդը մեկ օրվա ընթացքում իրարից 180 աստիճան տարբեր հայտարարություններ է անում, հիմա ո՞նց կարելի է նրանից լուրջ սպասելիքներ ունենալ: Աշխարհում Հայաստանի իշխանությունների պահվածքի վրա ապշած են: Հայ հասարակության անտարբերությունը ևս ապշեցնող է:

- Չնայած որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բացառում է Արցախի ինտեգրացիան Ադրբեջանի հետ, սակայն Լարվովն ակնարկեց, որ Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանի կազմում….

- Ղարաբաղի դիրքորոշումը հստակ է: Ղարաբաղցիներն, անկախ իշխանությունից և ընդդիմությունից, ունեն միասնական դիրքորոշում: Ղարաբաղցիները լավ ժողովուրդ են, ունեն առողջ պատկերացումներ: Խնդիրը Հայաստանի մասին է: Եթե Հայաստանն այսպես շարունակի, Ղարաբաղը ոչ մի խնդիր չի կարողանալու լուծել: Մենք Երևանում պետք է խնդիրը լուծենք, որ հասնենք գոնե տևական խաղաղության: Ղարաբաղի բնակչությանը պետք է փրկել ցեղասպանության պոտենցիալ վտանգից: Ժողովրդին գոնե 20 տարով պետք է խաղաղություն երաշխավորել: Մարդիկ մինչև 2018 թվականն ապրել են խաղաղ ու անհոգ: Տխրահռչակ 2018-ից հետո հայ ժողովուրդը սարսափի մեջ է ապրում: Ամեն օր արթնանում ու մտածում ես` տեսնես այսօր պատերազմ կսկսվի՞, թե ոչ: Համաձայնեք, որ սա աննորմալ վիճակ է: Ոչ մի ժողովուրդ չի կարող ապրել նման պայմաններում: Նման անգրագետ իշխանություններ ունենալն ամոթ է ողջ աշխարհի առաջ:

- Լավրովը նաև հղում է արել Պրիշտինայի և Բելգրադի միջև 10 տարի առաջ ստորագրված պայմանագրերին, որոնք նախատեսված են նաև լեզվի, տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի իրավունքները պաշտպանելու համար: Սրանից կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Մոսկվան Արցախն Ադրբեջանին հանձնելու առումով ունի հստակ դիրքորոշում և արդեն խոսում է արցախահայերի լեզվի ու մշակույթի հնարավոր պաշտպանման մասին:

- Պատկերացրեք Դուք ՌԴ արտաքին գործերի նախարարն եք և պետք է միջնորդական առաքելություն կատարեք Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նախքան 2018 թվականը Հայաստանն ասել է՝ Ղարաբաղը մերն է, նույն բանն ասել է նաև Ադրբեջանը, Ռուսաստանն այն ժամանակ փորձում էր կոմպրոմիսային լուծումներ գտնել: 2018 թվականից իբր ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետը հրաժարվում է Ղարաբաղի հարցից: Հիմա Դուք պատկերացրեք՝ Լավրովն եք, ի՞նչ պետք է անեք:

- Այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի նաև իր շահերը: Այժմ որո՞նք են Ռուսաստանի շահերը:

- Ռուսաստանը չի կարող Հայաստանից ավելի հայամետ դիրքորոշում ունենալ: Եթե Հայաստանն ասում է՝ համաձայն եմ, որ Ղարաբաղն Ադրբեջան դառնա, Ռուսաստանը չի կարող ասել` չէ, այդպես պետք չէ:

- Շահերի բախում չի՞ առաջանում:

- Պատկերացրեք Ձեր երեխան մեկ այլ երեխայի հետ վիճում է ինչ-որ խաղալիքի համար ու իր խաղալիքը տալիս է այդ երեխային: Ի՞նչ կարող եք անել Դուք, հո չե՞ք ասելու` չէ, երեխա ջան, մի տուր խաղալիքը նրան: Նույնն էլ քաղաքականության մեջ է: Ոչ մեկը մեր փոխարեն մեր շահերը չի պաշտպանելու: Ո՞նց կարող է հայ ժողովուրդն այսքան պրիմիտիվ լինել, որ մտածի, թե ինչ-որ մեկը մեր փոխարեն հարց է լուծելու:

- Ռուսաստանը շահ չունի՞ ամեն դեպքում:

- Ռուսաստանի շահը հետևյալն է: Նա ուզում է Ղարաբաղն ամեն կերպ չհանձնել Ադրբեջանին, որովհետև եթե Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, Ռուսաստանն այլևս ոչ մի լծակ չի ունենա Ադրբեջանի վրա, իսկ Ադրբեջանը Վրաստանի պես կկարողանա անկախ որոշումներ կայացնել, դրան գումարած Թուրքիայի գործոնը: