ԲԴԽ-ն պատմական «ռեկորդներ» է սահմանում Ռուբեն Վարդազարյանի գործով 

ԲԴԽ-ն պատմական «ռեկորդներ» է սահմանում Ռուբեն Վարդազարյանի գործով 

Հունիսի 16-ին ԲԴԽ-ում կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ(լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Միջնորդության քննությանը Ռուբեն ՎԱրդազարյանը ներկա չէր, նրա շահերը ներկայացնում էր Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա, սակայն, միջնորդեց Խորհրդին, որ հետաձգվի նիստը՝ դրա համար բերելով հստակ պատճառաբանություններ։ Սակայն ԲԴԽ-ն անհասկանալի կերպով որոշեց մերժել պաշտպանի միջնորդությոնն ու առանց պատասխանող կողմի բացատրությունները, հակափաստարկներն ու պարզաբանումները լսելու, շարունակել նիստն ու հեռանալ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին։

Սա, կարելի է ասել, նախադեպը չունեցող երևույթ է, երբ դատարանը մերժում է նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, ուստի ակնհայտ է, որ ԲԴԽ-ի կողմից դիտավորություն ու միտում կա այս գործով։

Նիստը կարճ է տևել, բայց այդ ընթացքում, Օրբելյանի միջնորդությունը քննարկելուց զատ, ԲԴԽ անդամները հասցրել են քննարկել նաև «Հրապարակ» օրաթերթում ավելի վաղ հրապարակված հոդվածը, որով հայտնել էինք, որ Վարդազարյանն ու իր պաշպանն անակնկալ են նախապատրաստել ԲԴԽ անդամների համար։ Բայց Ռուբեն Վարդազարյանն այդ օրը վատառողջ է եղել ու չի կարողացել ներկայանալ նիստին, պաշտպանն էլ Կապանում դատական նիստ է ունեցել, ուստի խնդրել է հետաձգել Վարդազարյանի դեմ ներկայացրած միջնորդության քննությունը, բայց մերժվել է՝ իր համար անհասկանալի պատճառաբանությամբ։

Օրբելյանը մեզ հետ զրույցում դժվարացավ բացատրել ԲԴԽ անդամների որոշումը՝ նշելով․ «Որոշել են նիստը շարունակել կողմի բացակայությամբ, ինչից ենթադրելի է, բացակայությունն անհարգելի են ճանաչել, բայց պայմանական, եթե Վարդազարյանն էլ երկա լիներ, չէին կարող շարունակել, որովհետև արդար դատաքննությունը ենթադրում է նաև իր պաշտպանի կամ իր ներկայացուցչի միջոցով պաշտպանվելու իրավունք»։

Օրբելյանի խոսքով՝  Հայաստանի պատմության մեջ ինքը չի ունեցել մի դեպք, երբ առաջին անգամ, երբ կողմերից մեկը միջնորդի նիստը հետաձգել ու չհետաձգեն։

Արամ Օրբելյանը նաև նշեց, որ իրենք վաղը, առավոտյան 11:30-ին այս հարցով ասուլիս են հրավիրելու, որտեղ կխոսեն ԲԴԽ-ի այս որոշման մասին և կներկայացնեն այլ մանրամասներ։