Գայլի ու գառի միջեւ չի կարող պայմանագիր կնքվել

Գայլի ու գառի միջեւ չի կարող պայմանագիր կնքվել

Գաղտնիք չէ, որ աշխարհի աչքի առաջ դարեր շարունակ թուրքն առիթը բաց չի թողել հային մորթելու համար, սրա մասին կարելի է անվերջ խոսել, սակայն եղածը եղել է, եւ մեզ մնում է դրանից միայն դասեր քաղել եւ մեր հետագա քայլերը կառուցել՝ հաշվի առնելով այդ իրադարձությունները: Եվ հիմա էլ Ադրբեջանը պատրաստ է Արցախից ու Հայաստանից որքան հնարավոր է՝ շատ տարածքներ վերցնել ու որքան հնարավոր է՝ շատ հայեր սպանել: Եվ որքան էլ մենք փորձենք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, նրանք առիթը բաց չեն թողնում նոր էսկալացիաներ սանձազերծելու, հայերին վախեցնելու, նոր տարածքներ գրավելու եւ նոր զոհեր պատճառելու համար: Նրանց համար ոչ մի նշանակություն չունի, թե քանի անգամ են բանավոր խոստումներ տվել, պայմանագրեր ու համաձայնագրեր կնքել, նրանք շարունակում են իրենց հայասպան քաղաքականությունը՝ օգտվելով Հայաստանի վախեցած, դիվանագիտորեն եւ այլ առումներով պարտությունը չթոթափած վիճակից: Ադրբեջանն ամեն օր նոր պայմաններ է առաջադրում՝ «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ փաստաթղթի մեջ ներառելու համար, եւ լկտիաբար հայտարարում է, որ Հայաստանին օր ու արեւ չի տալու, եթե դրանք տեղ չգտնեն այդ պայմանագրում: Այսինքն՝ ձեռք է առնում Հայաստանին, նրան վերաբերվում որպես ծառայի, ստրուկի եւ չի թաքցնում, որ «խաղաղության» փաստաթուղթը, սպասվելիք սահմանազատումը եւ սահմանագծումն իրականացվելու են միայն իր ուզած ձեւով: Եվ տպավորություն է ստացվում, որ կարծես ամեն ինչ ընթանում է հենց այդկերպ:

Այս ամբողջ ընթացքում շատ զարմանալի զիջումներ ենք տեսնում պաշտոնական Երեւանի պահվածքում: Եվ զարմանալի է, որ այսքանից հետո Հայաստանի իշխանությունը հավատում է եւ լուրջ կեցվածքով խոսում Արցախի ժողովրդի սոցիալական, հոգեւոր, մշակութային ինքնուրույնության մասին, երբ թշնամին օրը ցերեկով, բոլոր մակարդակներում խոսում է Արցախն ամբողջությամբ հայաթափելու մասին: Իսկ ադրբեջանցիներն էլ գիշեր-ցերեկ երազում են մեկ հայ ավելի սպանելու  ու Արցախը մեկ վայրկյան շուտ հայաթափելու մասին: Երկու կողմն էլ մի կողմից խոսում է «խաղաղության դարաշրջանի», Արցախի ժողովրդի սոցիալական, հոգեւոր, մշակութային ինքնուրույնության, ապահովության մասին, իսկ կողմերից մեկը մշտապես ցույց է տալիս իր իրական դեմքը՝ իրական տրամադրվածությունն ու նպատակը՝ ցանկացած ճանապարհով վայրկյան առաջ հայաթափել Արցախը: Այս ամենն աշխարհն էլ է պարզորոշ տեսնում, սակայն լռում է, ավելին՝ ձեւացնում է, թե նման բան չկա:

Այնուհանդերձ, անհասկանալի է, թե պատերազմող երկու կողմեր, որոնք ունեն լիովին հակադիր մոտեցումներ նույն հարցերի վերաբերյալ, ինչպես կարող են համաձայնության գալ այդ նույն հարցերի հետ կապված եւ պայմանագիր կնքել: Չէ՞ որ մի կողմը մշտապես խաբել է, ինչ որ ասել է, չի կատարել: Բնականաբար, նույնը կլինի «խաղաղության պայմանագրի» եւ Արցախի ժողովրդի հարցում: Ավելին, նրանք փափուկ բարձ կդնեն Հայաստանի գլխի տակ, Հայաստանը կստորագրի, եւ նրանք անմիջապես կսկսեն Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը: Եվ այդ ժամանակ որեւէ երկիր չի կարող միջամտել, քանզի Ադրբեջանն ի ցույց կդնի ստորագրված փաստաթուղթը եւ աշխարհին կասի՝ մի խառնվեք մեր երկու երկրների ներքին գործերին` մենք համաձայնության ենք եկել:

Այ, եթե հայ ժողովուրդը ժամանակին դպրոցում լավ սերտած լիներ «Գայլն ու գառը» առակը, կիմանար, որ ոչ մի դեպքում չպետք է գառը վստահի գայլին եւ ինչ-որ բան պայմանավորվի, որովհետեւ գիշատիչն ու կաթնասունը չեն կարող երբեք համաձայնության գալ:

Այնպես որ, արդեն իսկ պարզ է, թե ինչ ճակատագիր է սպասվում մեզ` Հայաստանի եւ Արցախի ժողովրդին` նման պայմանագրի կնքումից հետո: Ուրեմն քանի դեռ կնքված չէ այդ պայմանագիրը, եկեք մի վերջին անգամ խորհենք, հայեր, որպեսզի ուշացած չլինի հետո մեր ողբը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ