«Հրապարակ». Այսպիսի քայլերով մոտեցնում են իրենց հրաժարականի օրը

«Հրապարակ». Այսպիսի քայլերով մոտեցնում են իրենց հրաժարականի օրը

Դեռ ամիսներ առաջ «Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական եւ գիտահետազոտական նախաձեռնության անդամները նամակով դիմել էին ԱԺ նախագահին՝ դադարեցնելու 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի քննարկումը, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարին՝ ԱԺ-ից ետ կանչելու նշված օրենքը՝ թանգարանային համայնքի կողմից նոր նախագիծ ներկայացնելու խնդրանքով։ Սակայն խնդրանքը՝ կազմակերպել օրենքի լսում եւ նոր դրանից հետո համապատասխան որոշում ընդունել, մերժվեց։ Ավելին՝ օրենքը փետրվարի 28-ին 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունվեց՝ 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայների համամասնությամբ։ Օրենքը մարտի 22-ին պաշտոնապես հրապարակվել է եւ ապրիլի 1-ից մտել ուժի մեջ։

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանն ասում է՝ կուզեր շնորհավորել թանգարանային համայնքին, որ վերջապես թանգարանային ոլորտը տասնամյակներ անց ունեցավ իր օրենքը, բայց չի ստացվում, որովհետեւ ունենք թերի ու ոչ ոլորտի շահերից բխող օրենք։

Զրուցակիցս նկատում է, որ իրենց դիտողությունների մեծ մասը հաշվի է առնվել, բայց խնդիրն այն է, որ իրենց մտքերը, գաղափարները վերցրել են ու տվել ոչ ճիշտ ձեւակերպումներ, ինչը որեւէ կերպ չի լուծում ոլորտի առաջ ծառացած խնդիրները, քանի որ հայեցակարգային առումով օրենքը խոցելի է եւ ամբողջական չէ։ «Գաղափարով օրենք չեն գրում, պետք է իրավակարգավորման էության մեջ մտնել, բացի այդ՝ երբ ասում են, որ մենք նայել ենք աշխարհի օրենսդրությունը՝ Մեծ Բրիտանիա, Կանադա եւ այլն, չի համապատասխանում իրականությանը։ Այն օրենքները, որի մասին խոսում են, ունեն բոլորովին այլ իրավական համակարգ եւ չեն համապատասխանում մեր իրավական համակարգին։ Բացահայտ հայտարարում եմ, որ այս օրենքի համար հիմք է ծառայել Մոլդովայի «Թանգարաների մասին» օրենքը, բայց Մոլդովայի իրավական համակարգն էլ տարբեր է, եւ կան այդտեղից վերցված դրույթներ, որոնք հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը»։

Օրենքում կան կետեր, որոնք, ըստ նրա, վտանգ են ներկայացնում ամբողջ թանգարանային համակարգի համար․ «Մենք արդեն նշել էինք, որ օրենքում առաջին հերթին պետք է ճիշտ ձեւակերպված լինեն հասկացությունները, սրանք մասամբ փոխվել են, բայց էլի միայն գաղափարներ են վերցրել։ Այստեղ տեղին է հիշել Թումանյանի խոսքը, որ ոչ թե գաղափարն է մտնում գլուխը, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ, եւ այսպես դառնում ես գաղափարագար, լավ բան է գաղափարին հավատարիմ լինելը, բայց գաղափարագար լինելը շատ վատ բան է։ Ավելին՝ թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե՛ իշխանությունը ոչ մի խնդրի հետ կապված ոչինչ չեն լսում եւ անում են այն, ինչ որդեգրել են։ Սա ե՛ւ մանկամտություն է, ե՛ւ գաղափարագարություն, եթե կարողանային լսել ու դրանից հետեւություններ անել, անշուշտ, այս օրենքը, չեմ ասում, թե կկարգավորեր բնագավառը, բայց, համենայնդեպս, չէին լինի անգրագետ, անհեթեթ ձեւակերպումներ»։ Արիստակեսյանն ընդգծում է, որ օրենք գրում են ոչ թե գաղափարների հիման վրա, այլ ուսումնասիրելով այն երկրի իրավական համակարգը, որը մոտ է մեր երկրի օրենսդրությանը։

«Օրենքում նշված է, որ թանգարանը ոչ առեւտրային կազմակերպություն է կամ դրա ստորաբաժանում։ Այս օրենքով փորձել են հավատարմագրել նաեւ թանգարանները, ինչը Մոլդովայի օրենքում կա։ Երբ «ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունից հետո գալիս ենք հավատարմագրման հասկացությանը, որտեղ արդեն հանդիպում ենք մի այսպիսի ձեւակերպման, որ այն բոլոր ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք ուզում են հավատարմագրվել, կարող են իրենց ցանկությամբ գալ եւ հավատարմագրվել, բայց չէ՞ որ մենք արդեն սահմանել ենք, որ կազմակերպությունը ոչ առեւտրային է, այսինքն՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից, չեն կարող նրանք հավատարմագրվել։ Հիմա գամ հավատարմագրման հասկացությանը. ըստ «Հավատարմագրման մասին» օրենքի, հավատարմագրման մարմինները գործում են 4 տարի ժամկետով, այս օրենքում նշված է, որ թանգարանները հավատարմագրում են 10 տարի ժամկետով, ինչը եւս հակասում է գործող օրենսդրությանը։ Կա նաեւ այսպիսի մի բան, որ տարին 2 անգամ 2 թանգարան հավատարմագրվում է՝ պարզեցված կարգով։ Նախ՝ հավատարմագրման մասին օրենքում չկա «պարզեցված կարգ» հասկացություն, եթե պարզեցված կարգը նշանակում է, որ առանց համապատասխան չափորոշիչների մենք պետք է հավատարմագրենք, ապա այս հավատարմագրումը մահակ է իշխանության ձեռքին՝ թանգարանները փակելու համար, որովհետեւ չկան նաեւ ազգային չափորոշիչներ, որոնք մաս են կազմելու ՀՀ օրենսդրությանը»,- նշում է զրուցակիցս։

Ըստ Կ․ Արիստակեսյանի, «Թանգարանների մասին» ՀՀ օրենքին պետք էր տալ հետադարձ ուժ․ «Ու դա պետք է արվեր ոչ միայն սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները լուծելու համար, այլեւ հետադարձ ուժ պետք է տրվեր, որպեսզի արդեն գործող եւ անցյալում ստեղծված թանգարանները կարողանայիր հավատարմագրել, որովհետեւ դրանք արդեն կրում են «թանգարան» անվանումը, եւ պետք է հետադարձ ուժ տաս, որպեսզի հավատարմագրես»։
Թե օրենքն ինչպես է ազդելու թանգարանների գործունեության վրա, Արիստակեսյանը նկատում է․ «Գանք մի հոդվածի, որը վերաբերում է մշակույթի զարգացման հիմնադրամ ստեղծելուն։ Ես էլի եմ ասել, որ այս ամբողջ օրենքը միտված է այս հիմնադրամի ստեղծմանը։ Մշակույթի զարգացման հիմնադրամի գաղափարը շրջանառվել է մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում, որի հեղինակը ես եմ։ «Մշակույթի զարգացման հիմնադրամ» ասվածը պետք է վերաբերի մշակույթի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը։ Բայց սա այս օրենքի կարգավորման առարկան չէր, եւ մտցրել են, որպեսզի փորձեն իրենց խնդիրները լուծել։ Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում գրված է, որ այս հիմնադրամը ստեղծվում է մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման համար՝ լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար։ Հիմա՝ «լրացուցիչ միջոցներ ներգրավելը» եւ «լրացուցիչ միջոցների ներգրավումն» իմաստային առումով տարբեր են։ Այս պարագայում Մշակույթի զարգացման հիմնադրամի համար «լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակը» կարող է ի վերջո վերածվել մշակութային կազմակերպությունների՝ մշակութային եւ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցների առգրավմանը եւ ոչ թե այլ աղբյուրներից լրացուցիչ միջոցների ներգրավման»։

Այն բանից հետո, երբ ԱԺ-ի կողմից 2-րդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունվեց «Թանգարանների մասին» օրենքը, կառավարությունն ընդունեց որոշում՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին»։ Որոշման հիմնավորման մասին տեղեկանքում գրված է, որ նախատեսվում է սկզբնական շրջանում հիմնադրամին փոխանցել թանգարանների մարքետինգային եւ վարչատնտեսական գործառույթները, ինչպես նաեւ՝ հաշվապահական հաշվառումը։ «Իսկ սա հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ օրինականության սկզբունքին, այսինքն՝ միայն Սահմանադրությամբ ստեղծված մարմինները կարող են իրենց իրավասությունների եւ օրենքով սահմանված շրջանակում կատարել իրավասություններ։ Այդ հիմնադրամի կանոնադրության մեջ կան բազմաթիվ հակասություններ, եւ եթե պետական ռեգիստրն այդ հիմնադրամի կանոնադրությունը գրանցի, մենք դատական կարգով կվիճարկենք դրա դրույթները, ինչպես նաեւ դատական կարգով կվիճարկենք այս օրենքում եղած այն դրույթները, որոնք, հիմնադրամի հետ կապված, հակասում են ՀՀ սահմանադրությանը»։

Կ․ Արիստակեսյանը նկատում է, որ, ըստ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, պետությունը «չի միջամտում քաղաքացիների եւ մշակութային կազմակերպությունների մշակութային եւ ստեղծագործական գործունեությանը», եւ օրենքով չեն կարող թատրոնների կամ թանգարանների գործառույթները վերցնել եւ տալ մեկ այլ կազմակերպության, ինչն արվում է․ «Բացի այդ, «Հիմնադրամների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հիմնադրամն իրավունք ունի զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, եթե օրենքով սահմանված կարգով անձամբ է իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն»։ Հիմա, տեսեք, այս հիմնադրամի դեպքում ասվում է, որ հիմնադրամը պետք է իրականացնի նաեւ թանգարանների հաշվապահական հաշվառումը, եւ նրան արտապատվիրակվի հաշվապահական հաշվառում։ Նախ՝ հիմնադրամները ստեղծվում են մշակույթի, կրթության, առողջապահական, սոցիալական ոլորտներում, իսկ հաշվապահական հաշվառումը ձեռնարկատիրական գործունեություն է, եթե այս հիմնադրամը պետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա չի համապատասխանում օրենքով հիմնադրամների ստեղծման գործունեությանը։ Բացի այդ, հիմնադրամի կառավարչական ծախսերը պետք է նշված լինեն կանոնադրության մեջ։ Ինչքանով ես նկատեցի, ստեղծվող հիմնադրամի կառավարչական ծախսերը, որոնք չեն կարող ավելին լինել, քան 20 տոկոսը, կառավարության կողմից ստեղծված այս հիմնադրամի կանոնադրության մեջ նույնիսկ չկան։ Ավելին ասեմ՝ մինչեւ հիմնադրամը ստեղծելը, արդեն պետական բյուջեի 2024թ․ օրենքով՝ հիմնադրամ ստեղծելու համար նախատեսված էր 49 մլն 980 հազար դրամ»։

Թանգարանների մասին այս օրենքը եւ ԿԳՄՍ նախարարության գործունեությունը, ըստ Արիստակեսյանի, փաստում են մի բանի մասին, որ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր․ «Կարծում եմ՝ իրենք մոտեցնում են իրենց հրաժարականի օրը, եւ գալու է մի օր, որ բոլոր այս բաների համար մշակույթի նախարարության պաշտոնյաները պատասխան են տալու, նախարարը կարծես շտապում է իր հրաժարականը ստորագրել, այս բոլորը հենց դրա մասին են խոսում։ Ինչպես բուհերի, այնպես էլ թանգարանների դեպքում նախեւառաջ պետք է պատկերացնել կառավարման համակարգը, առանց կառավարման, ֆինանսավորման կարգը պատկերացնելու չի կարելի քայլ անել, հակառակ դեպքում ոլորտները քանդում ենք։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ թե՛ մշակույթի, թե՛ գիտական-բուհական ինստիտուտները, թե՛ ակադեմիան կարողանան միասնական իրենց կարծիքը հայտնել եւ թույլ չտալ, որ քանդվի մշակույթի, գիտության, կրթության համակարգը։ Սա կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար»։