Փայլուն հաղթանակներ եւ խայտառակ պարտություններ

Փայլուն հաղթանակներ եւ խայտառակ պարտություններ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միջազգային ասպարեզներում նվաճումների հասած եւ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորեց ու նախարարության ոսկե մեդալներով պարգեւատրեց հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Նազարյանին եւ Վաղինակ Գալստյանին: Նազարյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է (1996 թ. հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, 2000 թ. ներկայացնելով Բուլղարիան), աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն: Ներկայում նա ապրում է Բուլղարիայում, երկրի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր խորհրդատուն է, նրա որդին ըմբիշ Էդմոնն է, ով շարունակում է հոր ավանդույթները` Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Իսկ Վաղինակ Գալստյանը մրցաշրջան 91-ին դարձել է աշխարհի չեմպիոն:

Հաճելի լուրեր ստացվեցին ԱՄՆ-ից․ Գլենդելում կայացած թենիսի հանրաճանաչ վարպետներ, հայազգի Կարեն Խաչանովի եւ նրա ռուս ընկեր Անդրեյ Ռուբլյովի բարեգործական խաղի շնորհիվ հավաքված 100 հազար դոլարը փոխանցվել է արցախահայությանը:

Հետաքրքիր է անցել շախմատի ԱՄՆ-ի գավաթի խաղարկությունը, որը հիանալի անցկացրեց մեր հայրենակից Լեւոն Արոնյանը, ով հաղթանակներով ավարտեց հանդիպումները, իսկ եզրափակչում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռեալի Սոյին՝ նվաճելով գլխավոր մրցանակը: Ի դեպ, խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում էր 400 հազար դոլար: Տաշքենդում՝ շախմատի կանանց միջազգային մրցաշարում էլ աչքի ընկավ հայազգի Մարիամ Մկրտչյանը: Նա եւս մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, եւ գրավեց 3-րդ մրցանակային տեղը:

Այժմ լուրերի ենք սպասում Թաիլանդից, որտեղ մեկնարկել է ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այդ մրցումներում ներկայացնելու են ճանաչված դյուցազուններ Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը ու Վարազդատ Լալայանը: Հույս հայտնենք, որ նույնանման մրցումներում, որոնք ապրիլի 4-5-ն անցկացվելու են մեզ մոտ` Երեւանում, եւս մեր սպասելիքները կարդարացնեն Հայաստանի ներկայացուցիչները: Այստեղ ասպարեզ կմտնեն 17 երկրների շուրջ 300 անվանի սամբիստներ:

Գարնան գալուստով ավելի է աշխուժացել ֆուտբոլային կյանքը: Երեւի չգտնվի որեւէ ազգային հավաքական, որն այս օրերին ասպարեզ չմտնի, ճիշտ է՝ անցկացնելով ավելի շատ փորձնական հանդիպումներ: Հասկանալի է, առանձին հետաքրքրություն էին ներկայացնում հատկապես համաշխարհային հեղինակություն վայելող երկրների թիմերի խաղերը: Նման ընտրանիների մասնակցությամբ խաղերում գրանցվեցին մի քանի անսպասելի արդյունքներ: Ասացեք` մի՞թե անակնկալ չէր, որ իսպանացիները, ընդունելով կոլումբիացիներին, պարտություն կրեցին 0:1 հաշվով, կամ այն, որ Ֆրանսիա-Գերմանիա մրցամարտում գրանցվեց 0:2 հաշիվ: Առանձին հետաքրքրություն էր ներկայացնում Անգլիա-Բրազիլիա մրցամարտը: Ֆուտբոլի հայրենիքի եւ աշխարհի հնգակի չեմպիոնի հանդիպման ժամանակ ոչ մի կերպ չեր հաջողվում գոնե մեկ դիպուկ հարված կատարել, եւ գրանցվեց ամենաանսպասելին. հանդիպման 70-րդ րոպեին բրազիլացիներից փոխարինման մտավ 17-ամյա պատանի Էնդրիկը եւ մի քանի րոպե անց գրանցեց իր անդրանիկ ու հաղթական գոլը: Օրեր անց Մադրիդում կայացած Իսպանիա-Բրազիլիա մրցավեճն ավարտվեց գոլառատ 3:3 հաշվով, եւ կրկին դիպուկ հարվածով աչքի ընկավ նորեկը` Էնդրիկը: 

Ստացվեց այնպես, որ մեր երկու ընտրանիները` գլխավոր ազգային հավաքականն ու 21 տարեկանների թիմը 2-ական անգամ մտան ասպարեզ, առաջինը` ընկերական խաղերով Երեւանում` Կոսովոյի, Պրահայում` Չեխիայի թիմերի հետ, իսկ երիտասարդները Եվրոպայի առաջնության նախնական մրցափուլում հանդիպումներ ունեցան Չեռնոգորիան եւ Ռումինիան ներկայացնող հասակակիցների հետ: Եվ ի՞նչ: Ցավոք, ուրախալի պահեր չգրանցեցին: Մեր թիմը երկու դեպքում էլ պարտություններ կրեց՝ 0:1 եւ1:2 հաշիվներով, ոչնչով աչքի չընկնելով եւ հանդես գալով սեփական հարկի տակ: Իսկ Պրահայում, 14-րդ րոպեին, ձախ եզրով սլացիկ անցումով փայլեց պաշտպան Հովհաննիսյանը, ով ճիշտ պահին ու հասցեագրված փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակը, եւ դրանից հմտորեն օգտվեց Սեւիկյանը՝ գլխի հարվածով բացելով հաշիվը: Ափսոս միայն, որ նման տպավորիչ միջադեպեր այլեւս չգրանցվեցին: Ավելին, առաջին խաղակեսի տառացիորեն վերջին վայրկյաններին, անկյունային հարված կատարելիս, օգտվելով հյուրերի անզգուշությունից, չեխերը վերականգնեցին հաշվի հավասարությունը, իսկ հանգստից հետո խփեցին հաղթական գոլը: Կարո՞ղ է մեր գլխավոր համարվող թիմը շրջանցել խութերը: Ինչ խոսք, ի վիճակի է, եթե ճիշտ հետեւություններ արվեն, բալանսավորված խաղ դրսեւորեն։

Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլի վաղվա օրը ներկայացնողներին, ապա այն, որ թիմը «վստահորեն» զբաղեցնում է աղյուսակի վերջին տեղը, շատ տագնապալի իրողություն է, մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ անցկացրած 8 խաղից հետո գրանցել է 6 պարտություն եւ 2 ոչ- ոքի՝ բաց թողած 17 գոլին պատասխանելով... մեկով: Դրան հավելենք նաեւ 17 ու 19 տարեկանների ընտրանիների անցկացրած երեքական խաղերը, որոնք բոլորը տանուլ են տվել: Այսօր նման զավեշտալի վիճակում է մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Հարց է ծագում` մինչեւ ե՞րբ կարելի է հաշտվել նման խայտառակ իրողության հետ:

Օրերս հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի այս տարվա առաջնության մասնակից 24 ազգային հավաքականներից վերջին երեքը: Այդ պատվին արժանացան Լեհաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի թիմերը: Հատկապես լայն արձագանքի արժանացավ վրացիների որոշիչ հաղթանակը Հունաստանի ֆուտբոլիստների նկատմամբ: Ամեն ինչ վճռեցին 11 մետրանոց հարվածները (4:2), քանի որ հանդիպման ե՛ւ հիմնական, ե՛ւ լրացուցիչ ժամանակներում ոչ մի գոլ չէր գրանցվել: Այդ բացառիկ հաջողությունը Վրաստանով մեկ վերածվեց համազգային խելահեղ տոնահանդեսի` ճոխ սեղանների շուրջ կերուխումեր, շնորհավորանքներ, որոնք շարունակվել են ... մինչեւ լուսաբաց: 

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Գերմանիայում՝ մեկնարկը հունիսի 14-ին է եւ շարունակվելու է ուղիղ մեկ ամիս: Ներկայացնենք այդ մրցումներում քառյակներով վեց ընտրանու խմբերի բաժանված թիմերին.
A Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա
B Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա
C Սլովենիա, Դանիա, Սերբիա, Անգլիա
D Լեհաստան, Նիդերլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա
E. Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա 
F. Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Չեխիա

Միսակ Նազարյան