Պետությունը «մի քիչ» չի լինում

Պետությունը «մի քիչ» չի լինում

Երբ լսում ես այն թեզերը, որով Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են հիմնավորել Տավուշում թշնամուն չորս գյուղ զիջելու իրենց պատրաստակամության ճշմարտացիությունը, ակամայից մտածում ես, որ այս երկրի ամենամեծ բացթողումն այն է եղել, որ այս մարդկանց, իշխանությանը մոտ թողնելուց առաջ, չեն սովորեցրել, թե ինչ է պետությունը, չեն սովորեցրել, որ ցանկացած պետություն ունենում է պարտականություններ, եւ որ այդ պարտականությունների անխախտ կատարումը պետության համար պարտադիր պայման պետք է լինի:

Սակայն մեր երկրի բացթողումն այս առումով ոչ միայն այն է եղել, որ պետությունից ու պետության պարտականություններից «բան չհասկացողներն» են իշխանության եկել, այլեւ այն, որ այստեղ պետությունից ու պետության պարտականություններից «բան չհասկացողներն» են նաեւ ընդդիմություն դարձել: Տեսեք, այս իմաստով հարցն այն է, որ նրանք, ովքեր այսօրվա Հայաստանի իշխանությունում են հայտնվել, այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ պետությունը «մի քիչ» չի լինում, որ պետությունը կա՛մ լինում է, կա՛մ չի լինում:

Չեն կարողանում հասկանալ, որ որեւէ պետություն, որպեսզի պետություն լինի, նախ պետք է պարտականություններ ունենա եւ ապա այդ պարտականություններն անշեղորեն կատարելու համար իրեն անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները գտնելու կամքով եւ կարողությամբ պետք է օժտված լինի: Սրանք չեն հասկանում անգամ այն, որ որեւէ պետություն, երբ իր պարտականություններն անշեղորեն իրականացնելու փոխարեն սկսում է իր հասարակությանը «պատերազմի սպառնալիքներով» վախեցնել, այլեւս դադարում է պետություն լինելուց:
Սրանք չգիտեն կամ ձեւացնում են, թե չգիտեն, որ Հայաստան պետության սահմանների անխախտելիության իրավունքի լեգիտիմությունը չի կարող պայմանավորված լինել ո՛չ դրանց միջազգայնորեն ճանաչված լինելու եւ ո՛չ էլ Խորհրդային Միության քարտեզներին դրանց համապատասխանելու հանգամանքով: Հայաստանի համար կարեւորն այսօր ոչ թե «միջազգային հանրություն» կոչվածին Ադրբեջանի կողմից Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված» սահմանների զավթումն ապացուցելն է, ոչ թե, Փաշինյան Նիկոլի ասած, Խորհրդային Միության քարտեզներով սահմանները վերականգնելը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված նրա սահմաններն անխախտ ու կանգուն պահելը:

Նույնն է նաեւ ընդդիմության պարագայում: Երբ լսում ես, թե իշխանությունների «ամեն ինչ զիջելու» այս քաղաքականության ֆոնին ինչից է խոսում երկրի ընդդիմությունը, համոզվում ես, որ այս մարդիկ չեն հասկանում անգամ այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս չորս գյուղերը զիջելու պատրաստակամությունը ոչ թե չորս գյուղ «տալ կամ չտալուն», այլ Հայաստանի Հանրապետության «պետություն լինել-չլինելուն» վերաբերող հարց է:

Չեն հասկանում, որ, անկախ նրանից, թե խորհրդային քարտեզներով այդ չորս գյուղերը «եղել են, թե չեն եղել» Խորհրդային Հայաստանի կազմում, միեւնույն է, դրանից Հայաստանի այսօրվա իշխանությունների զիջողական քաղաքականությունն ավելի քիչ վտանգավոր չի դառնում: Իսկ քիչ վտանգավոր չի դառնում, որովհետեւ դրանով ոչ միայն ադրբեջանական նկրտումները չեն ավարտվում, այլեւ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքներն են ոտնահարվում: Եվ եթե պետք է քննադատվի գյուղերն առանց պատերազմի թշնամուն զիջելու իշխանությունների քաղաքականության սնանկությունը, եթե պետք է հիմնավորվի դրանք անգամ պատերազմով թշնամուն չզիջելու կարեւորությունը, ապա դա պետք է արվի ոչ թե Խորհրդային Միության «այսինչ կամ այնինչ թվի» քարտեզները վկայակոչելով, այլ պետք է արվի երկրի Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը, երկրի օրենքներն ու օրենսդրությունը պահպանելու կարեւորությունն ընդգծելով:

Ի վերջո, այսօրվա Հայաստանի ռազմաքաղաքական ընտրանին պետք է միշտ հիշի եւ «իր ականջին օղ անի» այն, որ պետության պարտականություններն իրենց առաջին «տասը կետերով» երկրի սահմանների անխախտելիությանը վերաբերող կետեր են: Դրանք՝ այդ կետերը, նաեւ բոլոր պարագաներում եւ բոլոր հանգամանքներում փոփոխության չենթարկվող կետեր են: Իսկ փոփոխության չենթարկվող են, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրում արված ցանկացած փոփոխություն ոչ թե սահմանների փոփոխությանը, այլ երկրի Սահմանադրության եւ երկրի օրենսդրության վերացմանը, այլ խոսքով՝ «պետություն լինել կամ չլինելուն» վերաբերող փոփոխություններ կլինեն:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ