ՌԴ-ի հետ նույնիսկ մշակութային միջոցառումները պետք է բոյկոտել

ՌԴ-ի հետ նույնիսկ մշակութային միջոցառումները պետք է բոյկոտել

Պաշտոնական լրահոսի համաձայն, երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը, բացի օրակարգային զուտ ոլորտային խնդիրներից, բարձրաձայնել է նաեւ Լաչինի ճանապարհի փակվելու պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին եւ շեշտել, որ դա կարող է ծանր հետեւանքներ ունենալ երեխաների կրթության վրա, քանի որ ԼՂ-ում այժմ չեն գործում կրթական հաստատությունները։ Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:

Դիվանագիտական ձեւակերպումներն ու «քաղաքական կոռեկտությունը», իհարկե, իրենց տեղում, բայց դեսպան Կոպիրկինի պատասխանը չափազանց մակերեսային է։ Օրինակ, այդպես կարող էր արձագանքել մի երրորդ երկրի դեսպան, որն անմիջականորեն առնչություն չունենար Լաչինի միջանցքի փակվելու հետ, պատասխանատվություն չկրեր այն բանի համար, որ ԼՂ-ում երեխաների կրթության իրավունքն ամենակոպիտ կերպով ոտնահարվում է։ Սակայն Ռուսաստանի դեպքում, որը թե՛ անմիջական առնչություն ունի, թե՛ որոշակի պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, որպես եռակողմ հայտարարությունների կենսագործման երաշխավոր, նման արձագանքը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ու ընդհանրապես, եթե ուշադիր հետեւենք ռուսական մեդիա տարածքում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց խոսնակների հայտարարություններին, այնպիսի տպավորություն է, որ խնդիրն իրենց համար եթե ոչ հետին պլանի, ապա գոնե երկրորդական պլանի մի հարց է, որը պարզապես հընթացս շոշափում են ու անցնում առաջ, հարկ եղած դեպքում էլ՝ ստանձնում Ալիեւի դեմքը փրկելու, Ալեւի փաստաբանը դառնալու «սրբազան պարտականությունը» կամ «խանդի տեսարաններ են սարքում», երբ զգում են, որ Երեւանը կարող է «կենտրոնախույս» գործողություններ նախաձեռնել։

Սա բավականին վտանգավոր միտում է, քանի որ, մի կողմից, անլրջացնում է խնդիրը, որն առավել քան լուրջ է, մյուս կողմից՝ «թեւավորում» է Ադրբեջանին, որն արդեն անթաքույց է զգում, որ Ռուսաստանն իր կողքին ավելի շատ է կանգնած, քան Հայաստանի։ Ու եթե անկեղծ, ապա առհասարակ ցանկացած միջոցառում ՌԴ-ի հետ պետք է բոյկոտել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները։ Ավելորդ քաղաքավարական «խաղերն» այս դեպքում անտեղի են։